Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահը չընտրվեց այդ կառույցի անդամ


Երեք տարի առաջ վարչապետը Հայկուհի Հարությունյանի ընտրությունը Նոր Հայաստանի մասին իր 100 փաստարկների մեջ էր ընդգրկել, այսօր նրա ղեկավարած ուժը չմասնակցեց վերընտրությանը: Այդպիսով Հարությունյանը չընտրվեց։ Դժգոհում էին բացթողումներից։

Ընդդիմությունը կարծում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահին քննադատելու իրական պատճառը պաշտոնյաների մասին հնարավոր բացահայտումները քողարկելն է։ Չնայած աջակցող ելույթներին՝ չմասնակցելու որոշում նաև ընդդիմադիրներն էին կայացրել։

Հարությունյանը հանձնաժողովը 4 տարի ղեկավարեց։ Հենց այդ կառույցն է տալիս դատավորների, դատախազների ու քննիչների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները, քննում շահերի բախման, պաշտոնյաների անհամատեղելիության պահանջներին վերաբերյալ դիմումները, ստուգում հայտարարագրերը։

«Հայկուհի Հարությունյանը, լինելով ապաքաղաքական և նախորդ չորս տարիների ընթացքում ցուցաբերելով կամք, վճռականություն, այդ թվում նաև հանձնաժողովի այլ անդամների հետ միասին, փորձ է արել կայացնել մի ինստիտուտ, որի զավթման ուղղությամբ հիմա դուք իրականացնում եք հերթական գործողությունը», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։

«Ընտրող մարմինը պիտի ընտրվող պաշտոնյային, մանավանդ եթե վերընտրության հարց կա, պիտի հարցեր տա, և ասել, որ սա քաղաքական ճնշում է, դա քաղաքական անգրագիտության շռնդալից դրսևորում է», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը։

«Իմ քրոջ վերաբերյալ Ձեր հայտարարություններում ևս զգույշ եղեք»

ՔՊ-ականներն այսօր թերացումների մասին նոր օրինակներով էին եկել. խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մի հայտարարություն արեց, որը Հայկուհի Հարությունյանը հերքեց։

«Կա մի դրվագ, որտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի քույրը սեմինարներ է անցկացնում ԿԿՀ-ում», - ասաց պատգամավորը։

«Խնդրում եմ և պահանջում եմ արդեն սա երրորդ անձի անունից՝ իմ քրոջ վերաբերյալ Ձեր հայտարարություններում ևս զգույշ եղեք։ Իմ քույրը երբևէ հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որևէ գործարքի և գործողության մասնակից չի եղել», - արձագանքեց Հարությունյանը։

Հարությունյանի հակադարձումներն այսօր ավելի կտրուկ էին։ ՔՊ-ից Արսեն Թորոսյանը ևս նախարար եղած ժամանակ՝ 2020-ին, հայտնվել էր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում՝ իր կնոջը պատկանող ընկերության հետ 124 միլիոն դրամի պայմանագրեր կնքելու պատճառով, բայց հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ գտել էր՝ շահերի բախում չկա։ Միակ հանձնաժողովականը, որը դեմ էր, Հայկուհի Հարությունյանն էր։

Թորոսյան-Հարությունյան բանավեճ

Արսեն Թորոսյանը Հայկուհի Հարությունյանին այսօր մեղադրեց քաղաքականությամբ զբաղվելու, իր դեմ արշավ կազմակերպելու մեջ. - «Ոչ այն ժամանակ էին այդ վարույթից վարույթ անողները շատ բան հասկանում, ոչ էլ հիմա են հասկանում՝ հղում կատարելով, թե ինչպես էր ներկայացվում այդ ամեն ինչը, թե ինչ էր տեղի ունեցել։ Եվ խնդրում եմ, տիկի՛ն Հարությունյան, եթե այդ արշավը պետք է, այնուամենայնիվ, շարունակվի, ոնց որ հենց հիմա էլ շարունակվում է՝ ուղիղ րոպե առաջ էլի մի բան ստացա, ուրիշ հերոսներ էլի փնտրեք»։

«Դուք իմ հերոսը չեք, և ցավում եմ՝ երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս ինչքան էլ այդ որոշումը Ձեզ ամենաանպրոֆեսիոնալը թվա, մի հատ նորից կարդալ և հարցին պատասխանել, թե Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը որպես առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ժամանակ ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով 350 միլիոնից ավելի արժեքով», - հակադարձեց հանձնաժողովի նախկին նախագահը։

Թորոսյանը պատրաստվում է գնալ դատարան, ըստ հայտարարության, զրպարտության համար, քանի որ Հարությունյանի նշած թվով պետպատվեր իր կնոջ ղեկավարած ընկերությանը չի տրվել։ Հարությունյանն էլ իշխանությանն էր հակադարձում՝ նրանց թերացումների մասին խոսելով. - «Հանձնաժողովի գործունեության կամ իմ վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ։ Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը բարձրացնելիս Ազգային ժողովի կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞»։

Փոխադարձ քննադատությունների պակաս չկար, բայց երեկվանից այդպես էլ չպարզվեց՝ ով էր այն անձը, որին պետք է ԱԺ-ն ընտրեր, բայց հանձնաժողովը նրա բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն էր ներկայացրել, իսկ ԱԱԾ-ից փորձել էին միջամտել, ըստ Հարությունյանի՝ նրա ընտրվելը ներկայացնելով ազգային անվտանգության խնդիր։ Ըստ հանձնաժողովի նախկին նախագահի՝ իր աշխատանքի 4 տարիներին դա իր վրա ճնշում գործադրելու միակ փորձն է եղել, ինքը կառավարության այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար, այժմ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին տեղեկացրել է, ու նման դեպք այլեւս չի կրկնվել։

Աղաջանյանը պնդում է՝ չի հիշում, որ ճնշման մասին Հայկուհի Հարությունյանն իրեն տեղեկացրել է, բայց դա չի նշանակում, ըստ նրա, որ նման բան չի եղել, այնուհանդերձ, անպատասխան է թողնում հարցը՝ ինչու ինքը չի դիմել իրավապահներին։

«Ես ճանաչում եմ այդ անձին, ում անունը վկայակոչում է տիկին Հարությունյանը, բայց քանի դեռ ինքը չի հրապարակել, ես կարծում եմ... ես ինչպես ասացի, ես հորդորեցի տիկին Հարությունյանին այդ անունը հրապարակել, ես որևէ խնդիր չունեմ այդտեղ», - ասաց նա։

Իշխանականները նույն հարցը Հայկուհի Հարությունյանին են տալիս՝ ինչո՞ւ նա չի տեղեկացրել իրավապահներին, իշխող ուժի ներսում կան կարծիքներ, որ հիմա էլ իրավական գործընթացների համար ուշ չէ։ Հարությունյանը երեկվանից այս հարցին չի պատասխանում։

Իշխանությունն ու ընդդիմությունը այսօր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մյուս թեկնածուի ընտրությանը չմասնակցեցին, արդյունքում Նարինե Ավետիսյանը ևս չընտրվեց։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահը չընտրվեց այդ կառույցի անդամ
please wait

No media source currently available

0:00 0:05:41 0:00

XS
SM
MD
LG