Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, թե «այսպես կոչված արևմտյան բարեկամներն» են խաբում Հայաստանի ժողովրդին


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը, որն, ըստ պաշտոնական Երևանի, մի քանի հարյուր միլիոն դոլարը ստացել, բայց զենքը չի մատակարարել Հայաստան, անուն է կպցնում ֆրանսիական առաքումներին․ այսօր ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե Փարիզն անպիտան զենքեր է ուղարկել Երևան՝ չներկայացնելով դա վկայող որևէ փաստ կամ ապացույց։

Մարիա Զախարովան հստակ պատասխան չի տվել հարցին՝ ինչո՞ւ դաշնակից Ռուսաստանը չի կատարում պարտավորությունը Հայաստանի հանդեպ, բայց պնդել է՝ Մոսկվան չի ուզում, որ ուրիշները Հայաստանին մոլորեցնեն:

«Մենք չենք ուզում, որ այսպես կոչված արևմտյան բարեկամները խաբեն Հայաստանի ժողովրդին։ Ինչ է վերաբերում է Ֆրանսիային, այս «Բաստիոն» զրահամեքենաներին՝ սա ոչ-լիկվիդային սպառազինություն է», - ասել է Զախարովան:

Հայտարարությունը հնչում է Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումից հետո, որտեղ Լավրովն ու Բայրամովը կրկին քննարկել էին հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն՝ առանց Հայաստանի:

Զախարովան այսօր դժգոհել է, թե հայկական կողմը հավանություն չի տվել նաև Ռուսաստանի միջնորդությամբ Բաքվի հետ բանակցելու առաջարկին․ - «Բաքուն միշտ պատրաստակամ արձագանքում է մեր հրավերներին, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին։ Հավանաբար նրանք կարծում են, թե իրենց նոր խորհրդատուները՝ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից, ավելի հետաքրքիր, արդյունավետ առաջարկներ կանեն»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կշտամբանքներից հեռուն է գնացել ու բացահայտ սպառնացել, թե եթե հայկական կողմը շարունակի հավատալ Արևմուտքին և ձգձգի հաղորդակցության ուղիների բացումը, դա կլինի Հայաստանի շահերի դեմ։ «Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում զգալի առաջընթաց է գրանցվել։ Եվ եթե երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, մենք կարող ենք արագ ավարտին հասցնել աշխատանքը։ Մենք կարծում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում համաձայնությունների ձեռքբերման հետագա ձգձգումները կգործեն տարածաշրջանային երկրների շահերի դեմ, այդ թվում՝ Հայաստանի շահերի դեմ», - ասել է Զախարովան:

Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից հետո, որին ռուս խաղաղապահները չմիջամտեցին, Երևանը չի մասնակցում ռուսական կամ հետխորհրդային հարթակներում բարձր մակարդակի հանդիպումների։ Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե հարաբերությունները ոչ թե խզում են, այլ՝ դիվերսիֆիկացնում՝ անվտանգային ոլորտն ամրապնդելու համար։

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Երևան են այցելում Եվրամիության փորձագիտական խմբերը՝ հարաբերությունների մերձեցումը քննարկելու համար, Վաշինգտոնն էլ հրապարակավ աջակցություն է հայտնում Հայաստանի իշխանություններին։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն այսօր կրկին զգուշացրել է՝ չհետևել Արևմուտքին. - «Նրանք այնպիսի խորհուրդներ կտան, ինչը կհետո կբերի նոր անակնկալների, ինչպես դա եղավ Պրահայում և Բրյուսելում»։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն այսօր էլ ոչինչ չասաց այն մասին, որ ավելի քան 100 հազար արցախցիները մի քանի օրում ստիպած են եղել թողնել իրենց տներն ու հայրենիքը` այն դեպքում, երբ Արցախում էին ռուս խաղաղապահները: Զախարովան փոխարենը պնդել է, թե բռնի տեղահանված արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արևմուտքի պատճառով՝ կրկին առանց ապացույցներ ներկայացնելու։

Մոսկվան պնդում է, թե «այսպես կոչված արևմտյան բարեկամներն» են խաբում Հայաստանի ժողովրդին
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG