Մատչելիության հղումներ

Իշխանությունը մերժեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու նախագիծը. ԱԺ-ում դարձյալ իրար էին մեղադրում


Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր մերժեց նիստի օրակարգ ընդունել «Հայաքվե» նախաձեռնության նախագիծը։ 58 հազար քաղաքացու ստորագրությամբ խորհրդարան հասած օրինագիծն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը։

Արցախի թեման այսօր կրկին փոխադարձ մեղադրանքների առարկա դարձավ իշխանության և ընդդիմության միջև։ Ընդդիմությունը պնդեց՝ վարչապետ Փաշինյանն ու իր ղեկավարած ուժը չեն կատարում իրենց նախընտրական խոստումը, անում են լրիվ հակառակը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն 2021-ի նախընտրական իր ծրագրում խոսում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Պատասխանելով այս հիշեցումներին՝ իշխանությունը հակադարձեց՝ ընտրողների մի մասը ՔՊ-ին է ձայն տվել միայն այն բանի համար, որ հանկարծ այսօրվա ընդդիմությունը իշխանության չգա։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

«Ես անկեղծ չեմ հասկանում, թե դուք ինչ գործ ունեք մեր նախընտրական խոստումների հետ: Ձեր նախընտրական խոստումը եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու և մեր գնդակահարությունն էիք բեմադրում: Մեր ընտրողները գնացել են՝ մի մասն առնվազն ընտրել է նրա համար, որ դուք հանկարծակի ստեղ չհայտնվեք, էդ մասով մենք մեր ընտրողների մի ստվար զանգվածի ցանկությունը կատարել ենք: Իսկ մենք մեր ընտրողների հետ կխոսենք 2026 թվականին, և իրենք իրենց որոշումը կկայացնեն», - ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու հարցը երեկ քննարկվել էր նաև խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովում և ստացել իշխանության բացասական եզրակացությունը։

Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ -ական Վլադիմիր Վարդանյանն այսօր կրկին պնդեց՝ «Հայաքվե»-ի նախագիծը իրավական որոշակիության խնդիրներ ունի։ Ընդդիմությունից Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց՝ եթե դա էր իրական պատճառը, ապա իշխանությունը թույլ կտար բարեփոխել այդ օրինագիծը։

«Հստակ ասեք՝ չէ, քաղաքական մոտեցում է, մեր քաղաքական ուժի մոտեցումն է՝ Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ, և հանկարծ Արցախ բառը չասենք», - նշեց Խաչատրյանը:

Ի դեպ, օրերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ հայտարարեց՝ «Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը», ինքնորոշման իրավունքի հարց էլ իշխանության համար գոյություն չունի։ Հակադարձելով ընդդիմադիրների քննադատությանը, որ իշխանությունը հերթական անգամ տապալում է ընդդիմության նախաձեռնությունը՝ այդ կերպ ոչնչացնելով պառլամենտարիզմը, Ազգային ժողովի նախագահն ասաց, թե իրականում փրկում են ընդդիմությանը։

«Ձեր ընկալմամբ ենթադրենք եթե այս օրենքը ընդունվեր, մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահին դատելո՞ւ էինք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը հակադարձեց. - «Էդ երբվանի՞ց եք Դուք Ռուսաստանի Դաշնության նախագահին վերապահել Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնելու և հանդես գալու իրավունքը: Դա ակնհայտ ցույց է տալիս, որ Դուք ծանոթ չեք ընդհանրապես նախագծին»

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և այդ կերպ իրենց աթոռը պահելու մեղադրանքին Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե ընդդիմադիրներն էլ այսօր լավ գիտակցում են, որ այդ աթոռը այն աթոռը չէ, և դա է պատճառը, որ իրական քայլեր չեն ձեռնարկում արտահերթ ընտրությունների միջոցով իշխանության գալու համար։

«Դուք էլ եք հասկանում, չէ՞, որ հիմա իշխանություն լինելն ամենամեծ խաչն է, որն այսօրվա իշխանությունը տանում է, և որևիցե մեկն այստեղ կառչած չէ, ընդհակառակը», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Հայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան

Ի՞նչ է տալու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցի քրեականացումը այս իրավիճակում, հարցնում էր իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը, այս նախագիծը գոնե կարելի էր քննարկել մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը՝ հավելում էր իշխանական Արփինե Դավոյանը, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ընդդիմիությանը հիշեցրեց, թե ով է լուծարել Լեռնային Ղարաբաղը։

«Ձեր կողմից այդքան փառաբանված ղեկավարությունը լուծարեց Լեռնային Ղարաբաղը, այնպես որ սա մշտապես հիշեք, փոքրիկ շպարգալկաներ ունեցեք ձեր գրպաններում», - նշեց Կոնջորյանը:

Խորհրդարանում «Հայաքվե»-ի նախագծի տապալումից հետո նախաձեռնությունը հետագա քայլերը դեռևս չի բացահայտում։

Իշխանությունը մերժեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու նախագիծը. ԱԺ-ում դարձյալ իրար էին մեղադրում
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00

XS
SM
MD
LG