Մատչելիության հղումներ

«Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելի՝ 58000


Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով «Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելի՝ 58000, առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Դրանից հետո ԿԸՀ-ն մինչև մեկ ամիս ունի ստորագրությունները վավերացնելու և Ազգային ժողով ուղարկելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Մեր հետագա քայլերը տանելու են նրան, որպեսզի 58 հազար մարդու ստորագրած ցանկությունը օրենքի տեսքով, այսինքն, Քրեական օրենսգրքում փոփոխության տեսքով մտնի Ազգային ժողովի նիստերի օրակարգ, և այնտեղ տեղի ունենա քննարկում, և ի վերջո քվեարկությամբ օրենքի մեջ մտնի այդ փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը լինի քրեորեն պատժելի արարք», - նշեց Սողոմոնյանը:

«Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է երկու լրացում կատարել Քրեական օրենսգրքում և 10-15 տարվա ազատազրման պատիժ սահմանել ոչ միայն Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այլև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա նշանակությունը նսեմացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հետ միասին, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տարօրինակ է համարում փաստը, որ նման նախաձեռնության տակ ստորագրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով արտգործնախարար է եղել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, երբ քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի ընդհանուր պետության գաղափարը:

«Ընդհանուր պետության գաղափարի շուրջ բանակցած Վարդան Օսկանյանը գնում ու ստորագրում է մի բանի տակ, որն իր նախկինում արածը փաստացի քրեականացնում է, կներեք, այդ ամեն ինչը բացի կրկեսից իմ մոտ ոչ մի այլ ասոցացիա չի առաջացնում», - ասաց Ալեքսանյանը:

Ստորագրահավաքի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 60-օրյա ժամկետ էր սահմանել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը: Բայց ստորագրություններն ավելի արագ են հավաքվել: Բացի այդ իրենք նաև պահանջվող 50 հազարի փոխարեն 58 հազար ստորագրություն են հավաքել՝ մտավախություն ունենալով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որի նախագահը ժամանակին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է եղել, հնարավոր է ընթացակարգային բնույթի խոչընդոտներ հարուցվեն: Թեև Մենուա Սողոմոնյանն ասում է՝ մինչ այժմ ԿԸՀ կողմից արհեստական խոչընդոտներ դեռ չեն տեսել:

«Այստեղ տեխնիկական հարցեր կան, որոնց հետ կապված կարող են փորձել ինչ-որ խոչընդոտներ իրականացնել: Համենայն դեպս ելնելով դրանից մենք ոչ թե 50 հազարով բավարարվեցինք, այլ 58 հազար ստորագրություն վերցրեցինք, որպեսզի հնարավոր ամենաբծախնդիր, մանրախնդիր դիտարկումների պարագայում էլ ևս ապահովագրված լինի առնվազն 50 հազար մարդու որոշումը՝ մեր առաջարկած օրենքի նախագիծն ուղարկել Ազգային ժողով», - ընդգծեց նախաձեռնող խմբի անդամը:

Ըստ Մենուա Սողոմոնյանի, ստորագրահավաքի առաջին փուլի ընթացքում հատկապես մարզերում խնդիրներ են ծագել՝ ճնշումներ են եղել. - «Պետական կառույցները, պետական մարմինները, ուժային ստրուկտուրան, իրենք իրենց զանգերով, անհանգստացնելով մարդկանց պահում էին վախի մեջ»:

Վահագն Ալեքսանյանն այս մեղադրանքները ծիծաղելի է համարում՝ նկատելով՝ ստորագրահավաքը կազմակերպելու համար համայնքապետարանների կամ համայնքի այլ տարածքներն են տրամադրվել:

«Բոլոր համայնքապետարաններում նրանք կամ համայնքապատկան այլ տարածքներում, ի դեպ, ոչ մի տեղ նշված չի, որ հենց համայնքապետարանում պիտի լինի այդ տարածքը, բայց հիմնականում բոլոր տեղերում լավագույն տեղերում, այսինքն, հենց համայնքապետարաններում նրանց իրենց տարածքը տրամադրվել է, նրանք հնարավորություն են ունեցել իրենց գործողությունները կատարելու», - նշեց իշխանական պատգամավորը:

Ալեքսանյանը նաև հակադարձում է ՝ իրենք են ահազանգեր ստացել ստորագրահավաքի վերաբերյալ. - «Մամուլում մի շարք հրապարակումներ եմ տեսել՝ ուրիշի անձնագրերով ինչ-որ ստորագրությունների հետ կապված, խաբեության հետ կապված ու մի շարք նման դրվագների: Չգիտեմ ընթացակարգերն ինչպես են, բայց կարծում եմ՝ դա պետք է ինչ-որ մի կերպ ուսումնասիրվի, որովհետև առնվազն մամուլում հրապարակումներ կային, ռեպորտաժներ կան»:

Նախաձեռնությունը հնարավոր է խորհրդարան հասնի աշնանը: Մենուա Սողոմոնյանն ասում է՝ չեն ելնում այն կանխավարկածից, որ խորհրդարանն անպայման մերժելու է նախագիծը, կարծում է, հենց իշխող ուժի ներսում կան թաքնված դժգոհություններ, որ կարող են օգտագործել:

«Եթե կան դժգոհություններ, հետևապես լատենտ դժգոհությունները բացելու մեխանիզմներ պետք է կարողանանք գտնել», - ասաց նա:

Եթե նախագիծը հասնի Ազգային ժողով և մերժվի, ապա այն հնարավոր կլինի նաև հանրաքվեի դնել, սակայն դրա համար արդեն անհրաժեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն:

XS
SM
MD
LG