Մատչելիության հղումներ

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Թամազյանին, նոր համայնքապետը Ղումաշյանն է


Ալավերդու ավագանին այսօր արտահերթ նիստում անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին։ Ավագանին նոր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Նիստին ներկա էին ավագանու 27 անդամներից14-ը, 14-ն էլ միաձայն դեմ քվեարկեցին Թամազյանին։

Թամազյանը հայտարարեց, որ նիստը մեկնարկել է օրենքի խախտմամբ։ Քաշքշուկ տեղի ունեցավ ավագանու անդամների միջև, ոստիկանները տարածքից հեռացրեցին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, Արկադի Թամազյանին։

Օրեր առաջ Արկադի Թամազյանը դիմել էր կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները, քանի որ արդեն երեք ամիս նիստեր չեն կայացել: Օրենքը ենթադրում է, որ երեք ամիս անընդմեջ նիստերը տապալվելու դեպքում կառավարությունը կարող է ցրել ավագանին ու նոր ընտրություններ նշանակել։

Մինչդեռ Ալավերդիում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասել էր, որ չորս օրից ավագանու նիստ են անելու նախաձեռնող խմբի 14 անդամներով ու պաշտոնանկ անեն գործող ղեկավարին։ Ըստ իրենց առաջ քաշած օրակարգի, հենց ինքն էլ կփոխարինի «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին։

«Լրիվ օրինական է մեր գործընթացը, անվստահության նախաձեռնությունը ավագանիների կողմից», - ասաց Ղումաշյանը:

Ալավերդիում քաղաքական ճգնաժամն սկսվեց ամիսներ առաջ, երբ այստեղ իշխող «Ապրելու երկրի» ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Սիմոն Զախարովը լքեց խմբակցությունն ու մնալով որպես ավագանու անկախ անդամ միացավ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնություններին։ Գործող ղեկավարին անվստահություն հայտնելու երեկվա նախագծի տակ ևս նա ստորագրել է։ Զախարովը իր որոշումը պայմանավորել է գործող ղեկավարի իր համար անընդունելի քաղաքականությամբ, մինչդեռ համայնքապետն իր նախկին թիմակցին առնետ է անվանել։

Օրերս էլ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից Մարիաննա Պեպանյանն է խմբակցությունից դուրս գալու և ավագանու մանդատից հրաժարվելու որոշում կայացրել։

Թամազյանն ընդամենը մեկ տարի առաջ էր ընտրվել Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի շնորհիվ։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG