Մատչելիության հղումներ

Ալավերդի համայնքը կղեկավարի Արկադի Թամազյանը


Արկադի Թամազյան
Արկադի Թամազյան

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները համաձայնել են Ալավերդիում համագործակցել՝ համատեղ կառավարել համայնքը։

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրություններում 49 տոկոս ձայն ստացած «Ապրելու երկրի» թեկնածու Արկադի Թամազյանը կդառնա համայնքի ղեկավար։ Ընդամենը երկու տոկոս քվե ստացած ՀԱԿ-ը կզբաղեցնի երկու տեղակալների պաշտոնները, ինչպես նաև վարչական ղեկավարներ կունենա 5 գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ բավականին խոշոր գյուղերում՝ Օձունում, Շնողում և Մեծ Այրումում։ Մնացած բոլոր 23 բնակավայրերում վարչական ղեկավար կլինեն «Ապրելու երկրի» ներկայացուցիչները։

Համագործակցության հուշագրում ասված է. - «Ալավերդի համայնքում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման: Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը։ Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով»։

Ալավերդու ընտրություններին «Ապրելու երկիրն» ու իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել։ Եվս մեկ մանդատ ստացած ՀԱԿ-ից էր կախված, թե այդ կուսակցություններից որը կստանձնի համայնքի կառավարումը։ Հայ Ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը հրաժարվել է իր մանդատից։

Հաջորդող Տիգրան Պապոյանը կզբաղեցնի առաջին տեղակալի պաշտոնը։ Ասաց՝ երկու կուսակցությունների հետ էլ բանակցել են և «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության չգնալու քաղաքական որոշում կայացրել. - «Որպես ընդդիմադիր ուժ, որոշում ա կայացվել, որ համագործակցի «Ապրելու երկիր» կուսակցության հետ»։

«Ապրելու երկիրը» մրցակից «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ ավագանիում մեկ ձայնի առավելություն ունենալու համար լուրջ պաշտոններ է զիջել Հայ ազգային կոնգրեսին։

Արկադի Թամազյանը, որ մեկ ամսից 42 հազար բնակիչ ունեցող խոշորացած Ալավերդու ղեկավարը կդառնա, ասաց, որ նորմալ է համարում. քանի որ ընտրություններում չեն հաղթահարել անցողիկ 50 տոկոսի շեմը, ուրեմն պետք է նաև զիջումների գնային. - «Եթե մենք չենք կազմել մեծամասնության, ստիպված ենք համաձայնվել և կոալիցիոն կառավարում ձևավորել։ Ընդամենը մի տոկոս չի հերիքել։ Եթե հիսուն պլուս կլիներ, էն ժամանակ ուրիշ մոտեցում կլիներ, բայց հիմա ամեն դեպքում կոալիցիոն կառավարում ա լինելու, որովհետև մենք հիսուն պլյուս չենք հավաքել։ Այլընտրանք չկա»։

Արկադի Թամազյանը կփոխարինի հանրապետական Սասուն Խեչումյանին։ Թամազյանը չի հստակեցնում, թե այլևս նախկին թիմից ովքեր կմնան իրենց պաշտոններում։ Բոլորն էլ արդեն ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին։ Ասում է՝ կվերադառնան միայն նրանք, ովքեր ջանասիրաբար են անում իրենց աշխատանքը. - «Կլինի հներից թե նորերից՝ դա էական չի։ Կարող ուժը, ովքեր իրանց մասնագիտաթյան պրոֆեսիոնալ են և աշխատանքը կարողացել են իրանց համայնքներում կատարել ի շահ համայնքի, մարդիկ կարող ենք աշխատել»։

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։ «Ազատությանը» չհաջողվեց ո'չ իրենից, ո'չ էլ իր թիմակիցներից մեկնաբանություն ստանալ։

Երեկ համագործակցության հուշագիր ստորագրած երկու կուսակցություններից էլ ասում են, որ պատրաստ են աշխատել նաև «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Թեև վերջինիս ներկայացուցիչները հնարավոր է պաշտոններ չունենան Ալավերդիում, բայց միևնույն է ճանապարհները խաչվելու են կառավարությունում։

Տիգրան Պապոյանը, ով մի քանի օրից կզբաղեցնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ասում է. - «Մենք պատրաստ ենք համագործակցության, համագործակցելու ենք նաև իշխանության հետ։ Դա բնական պրոցես ա։ Ու չեմ կարծում, որ իշխանությունը ինչ-որ խոչընդոտ կստեղծի»։

Այսօրվա դրությամբ Ալավերդիում ավագանի անցած երեք կուսակցություններից մեծ թվով ինքնաբացարկներ չկան. մեկական թեկնածու հրաժարվել են իրենց անդամությունից միայն «Քաղաքացիական պայմանագրից» ու ՀԱԿ-ից։ Դեռ ինքնաբացարկ չի ներկայացրել իշխող կուսակցության ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

XS
SM
MD
LG