Չինաստանը պատրաստ է շարունակել ամրապնդել իր ռազմավարական համագործակցությունը Բելառուսի հետ, Պեկինում, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումանը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Չինաստանի նախագահը նաև շեշտել է, որ Պեկինը պատրաստ է ընդլայնելու բազմակողմ համագործակցությունը Մինսկի հետ՝ մասնավորապես նշելով ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, հայտնում է Xinhua պաշտոնական գործակալությունը։
Ըստ Xinhua-ի՝ Չինաստանի նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է պարզեցնեն միջսահմանային տրանսպորտային հարաբերությունները, խթանեն տնտեսական և առևտրային կապերը։
Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ Բելառուսը եղել է, կա և կլինի վստահելի գործընկեր Չինաստանի համար։
«Ուրախ եմ Ձեզ հետ բարեկամական մթնոլորտում քննարկել համագործակցության արդիական հարցերը, արտահայտել տեսակետներ միջազգային հարաբերությունների որոշ խնդիրների վերաբերյալ։ Բելառուսի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության զարգացումը պայմանավորված է մեր գաղափարախոսությունների միասնությամբ և այսօր տեղի ունեցող համաշխարհային իրադարձությունների ու գործընթացների տրամաբանությամբ», - ասել է Բելառուսի նախագահը։