Մատչելիության հղումներ

Զինվորական կացարանի հրդեհի գործով նիստը կրկին լարված անցավ. այն մի քանի անգամ ընդհատվեց


Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց այս հունվարին 15 զինծառայողի կյանք խլած «Ազատի» զինվորական կացարանի հրդեհի գործի քննությունը։

Ինչպես նախորդը, այս նիստն էլ լարված մթնոլորտում անցավ՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, նիստը մի քանի անգամ ընդհատվեց։

Գործով 5 մեղադրյալ կա, որոնք պատահարի ժամանակ պատասխանատու պաշտոններ են ստանձնել։ Գլխավոր մեղադրյալը Եղիշե Հակոբյանն է։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա է բենզին լցրել վառարանի մեջ, ինչն էլ հրդեհի պատճառն է։ Նա և ևս երկու զինվորականներ կալանավորված են, մյուս երկուսն ազատության մեջ են։

Տուժող կողմը բենզինի հետ վարվելու կանոնները խախտելու պաշտոնական վարկածին չի հավատում, պնդում է, որ նախաքննության տասը ամիսների ընթացքում ամեն ինչ արվել է ծածկադմփոց անելու, գործի չբացահայտման համար։

Ըստ 15 զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ու նրանց ներկայացուցչի՝ նիստերի լարվածության և այսչափ էմոցիոնալության պատճառներից մեկը հենց սա է։

Տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանը մեկ օրինակ բերեց, ասաց, որ գործի նախաքննությունից հետո տուժող կողմին ընդամենը երեք օր ժամանակ են տվել գործի ավելի քան 20 հատորին ծանոթանալու համար, ինչը հնարավոր չէ։

Նա նաև շեշտեց, որ մեղադրող կողմն այս ընթացքում փնթի է աշխատել, և ասաց, որ այն հանգամանքը, որ և՛ պաշտպանական կողմը, և՛ տուժող կողմը նույն կարծիքին են, սա խոսում է իրենց պնդման օբյեկտիվության մասին։

Դատավարության ընթացքում մեղադրող կողմին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց, դատարանը դա մերժեց։

Կողմերը համաձայնության եկան հաջորդիվ տուժողների հարցաքննությունը սկսել, մասնավորապես դատարան կհրավիրվեն պատահարի ժամանակ կացարանում եղած երկու ծառայողները։ Դատավորը նրանց հարկադիր դեկտեմբերի 8-ին Սևանի դատարան բերելու որոշում կայացրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG