Մատչելիության հղումներ

Հաքերային հարձակում դպրոցական դասագրքերի հայկական կայքերի վրա


«Ի՜նչ բախտավոր է «թուրք եմ» ասողը» արտահայտությունն ու Թուրքիայի դրոշը հաքերային հարձակման հետևանքով էին դպրոցական դասագրքերի հայկական կայքերում հայտնվել։

QR կոդով լրացուցիչ տեղեկություն ստանալ փորձող դպրոցականները հիմա դեռ krtadarak.am ու krtaditak.am կայքերից օգտվելու հնարավորություն չունեն. հաքերային հարձակումից հետո մասնագետները փորձում են վերականգնել դրանց աշխատանքն ու բովանդակությունը։ Թուրքական դրոշն ու Աթաթուրքի հայտնի մեջբերումն արդեն հեռացվել են կրթական երկու հարթակներից։

«Սա ոչ թե մեր կոնկրետ կայքի մասին է խոսքը, այլ հոսթինգը, որտեղ դրված են մեր կայքերը՝ երկու կայքը, այդ հոսթինգը, հաքերների հարձակում է եղել, ամբողջ հոսթինգը խափանվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Դասագրքերը հեղինակած հրատարակչությունում համոզված են՝ հարձակումը թիրախային չի եղել։ Տեղադրված բովանդակությունից ենթադրում են՝ թուրք հաքերներն են հարձակումն իրականացրել: Մկրտիչ Կարապետյանը պնդում է՝ իրենք տարեկան հազարավոր դոլարներ են վճարում իրենց հեղինակած դասագրքերի կայքերի անվտանգությունն ապահովելու նպատակով, դրա համար պետությունն իրենց չի վճարում։

«Էս ինչ որ մենք հիմա անում ենք, մենք չպետք է անեինք: Ես պետք է այս ամբողջը՝ նյութերը, տայի իրենց, իրենք տեղադրեին, քանի որ արդեն իրենցն է էդ ամեն ինչը, հասկանո՞ւմ եք, դրա համար ես չեմ վճարվում, իրենք պետք է իրենց կայքում տեղադրեին, պետական կայքում հետևեին, էդպես բոլոր հարցերը իրենք լուծեին», - նշեց «Էդիթ պրինտ»-ի հիմնադիր-նախագահը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մինչդեռ, ընդգծում է. - «Պատկերացրեք, որ հաքերները կոտրեին և, օրինակ, տեղադրեին ոչ թե Թուրքիայի դրոշը, այլ՝ դաժան կադրեր Արցախյան պատերազմից»։

Հաքերները տասնյակ հազարավոր դպրոցականների կողմից օգտագործվող հարթակներում նույն հաջողությամբ կարող էին պոռնոգրաֆիկ նյութեր, վիրուսներ տեղադրել, ահազանգում է Մարտիրոսյանը՝ սա ազգային անվտանգության հարց համարելով։

Ըստ փորձագետի՝ կրթական գերատեսչությունը պետք է հաշվի առներ հնարավոր ռիսկերն ու խիստ պահանջներ սահմաներ, թե ինչ անվտանգության չափանիշների պետք է համապատասխանեն գրքերի հեղինակների կողմից օգտագործվող կրթական հարթակները։

«Եթե մենք ստեղծում ենք ինչ-որ հարթակներ, որտեղ տեղադրվում է բովանդակությունը, ինչը լավ է, այսինքն՝ ավելի վերահսկելի է, բայց, մյուս կողմից, այդ կայքերի հանդեպ պետք է հստակ տեխնիկական անվտանգության խնդիրներ դրվեն, այսինքն՝ կայքերը պետք է անցնեն, իմ կարծիքով, պենտեստ, այսինքն՝ իրենց պետք է ստուգեն հաքերային հարձակումների հնարավոր ուղղությունների տեսանկյունից, որովհետև մենք գործ ունենք միանգամից տասնյակ հազարավոր երեխաների հետ», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Սակայն պարզվում է՝ Կրթության նախարարությունը նման չափորոշիչների փոխարեն ընդհանրական պահանջներ է սահմանել դասագրքերի ստեղծման կարգում։

Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ «առաջին հերթին հեղինակները պետք է օգտագործեն այնպիսի կայքեր և այնպիսի տեղեկատվություն, որոնք հավաստի են, գիտականորեն հիմնավորված են, այսինքն՝ որոնք համապատասխանում են գիտականության պահանջներին, և երկրորդ մասով՝ նաև այնպիսի կայքեր, որոնք ունեն պաշտպանվածության սահմանված չափը»: «Մենք չենք սահմանում, բնականաբար, այդ չափանիշները», - հավելեց Սարգսյանը:

Տեխնիկական բնութագրումների մասին ոչ մի խոսք. - «Տեխնիկական բնութագրեր չկան դրա համար, տեխնիկապես այդպես մանրամասն չենք բնութագրել»:

Բայց արդյո՞ք գոնե նման միջադեպից հետո նախարարությունում մտածում են հստակ չափորոշիչներ սահմանելու մասին. ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետն այսօր միայն վստահեցրեց՝ խստացնելու են կայքերի ընտրությունը: Թե մասնավորապես ինչ է ենթադրում դա, Թամարա Սարգսյանը չհստակեցրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG