Մատչելիության հղումներ

17-ամյա տղային ինքնասպանության է հանգեցրել «միջավայրի անհանդուրժողականությունը»


Արտապատկերում XAYTARAK 18+ Տելեգրամ ալիքից
Արտապատկերում XAYTARAK 18+ Տելեգրամ ալիքից

«Ահավոր վատ էր իրեն զգում և ասում էր, որ ուզում է ինքնասպան լինի, անընդհատ բողոքում էր». - «Ազատության» անանուն մնալ ցանկացող զրուցակիցն անցած շաբաթ Դավթաշենի կամրջից ցած նետված իր ընկերոջ մասին է պատմում: Ասում է՝ ընկերը մի օտարերկրացի բլոգերի հետ խնջույքի է մասնակցել, որը տեսախցիկը ձեռքին փորձել է նվաստացնել երիտասարդին, հետո այդ կադրերը հրապարակել իր տելեգրամյան ալիքում: Ավելի ուշ նույն տեսանյութը հայտնվել է 40 հազարից ավելի հետևորդ ունեցող XAYTARAK 18+ կոչվող տելեգրամյան ալիքում, որտեղ ընդգծվել է տղայի միասեռական լինելը։

Արդյոք մարդկանց՝ իրենց գնահատմամբ խայտառակող այս տելեգրամյան ալիքը իրավապահների ուշադրության կենտրոնում է. Քննչականից «Ազատությանը» մանրամասներ չփոխանցեցին՝ որպես պատճառ նշելով նախաքննական գաղտնիքը։

«Երբ որ արդեն տնօրինությունը տեսել է այդ վիդեոները, իրեն հեռացրել են աշխատանքից, ասել են, որ չեն կարող թույլ տալ, որ իրենց մոտ ինչ-որ ֆրիկոտ մարդ աշխատի: Հեռախոսի կրեդիտ էր վերցված, պետք է այդ ամենը մուծվեր, հաջորդ օրը դրանից հեռախոսը գողացան: Տանն էլ ծեծկռտուք էր անընդհատ», - պատմում է «Ազատության» զրուցակիցը:

Մինչդեռ սրճարանը, որի անունը հրապարակել են մի քանի լրատվամիջոցներ, հերքում է պահանջել, պնդելով՝ 17-ամյա տղան իրենց մոտ չի աշխատել: «Ազատության» անանուն զրուցակիցը, իր հերթին, պնդում է՝ աշխատել է, ու շարունակում՝ երկար մազերի ու սեռական կողմնորոշման համար ընկերը շարունակ թիրախավորվել ու ընտանիքում բռնության է ենթարկվել. - «Երկար մազերի համար, մի քանի անգամ մազերը բռնել ու հայրը խուզել է: Իրեն շատ դրա համար էին ծեծում, օրիենտացիայի համար, եղել են դեպքեր, որ հայրը ծեծելով ջարդել է իր սենյակի դռան շուշաները ու էդ շուշաներով իրեն է կոտրտել: Ինքը եկել է՝ ամբողջ ձեռքերը կտրտված, արյունոտ դեմքով, ամեն ինչով, ու իրեն օգնել են էնտեղ, վիրակապեր են դրել, ինքը ոստիկանություն չի դիմել: Ու մի քանի անգամ էլ ես ականատես եմ եղել, օրինակ, երբ որ նա բաղնիքում փակված էր, մազերը ուղղակի կույտ պոկված՝ հայրն էր ծեծել, ու զանգել էր, չգիտեր ինչ աներ: Վերջին անգամ էլ որ հեռախոսը գողացան, նա գնացել է տուն այդ օրը, պատմել է ծնողներին, որ հեռախոսը գողացել են, հետը սկսել են վիճել, ծեծել են իրեն»:

17-ամյա տղայի մահվան գործը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Այս տեղեկությունից բացի, Քննչականն այլ մանրամասներ չի հայտնում։

Շուրջ 16 տարի Հայաստանում գործող «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Մամիկոն Հովսեփյանն ասում է՝ այլ ինֆորմացիա իրենց նույնպես չի հաջողվում ստանալ: Կստանային անչափահասի ծնողների համաձայնության դեպքում, բայց դա չկա։ Ավելին, ըստ իրավապաշտպանի՝ տպավորություն ունեն, որ դեպքն ու բոլոր մանրամասները փորձում են կոծկել նախ իրավապահները, հետո՝ պատանու ընտանիքը: Տարիների իրենց փորձից են համոզվել՝ ընտանիքը չի ուզում, որ երեխայի սեռական կողմնորոշման վերաբերյալ լուրերը տարածվեն, որ իդենտիֆիկացվի երեխան:

«Դեպքերը հիմնականում ընտանիքից են սկսվում, բռնությունն ընտանիքից է գալիս՝ դա առաջին օջախն է, որտեղ մարդիկ պիտի պաշտպանված լինեն, բայց պաշտպանված չեն զգում, ու հետո նոր արդեն՝ շրջապատ ու այն միջավայրը, որտեղ իրենք գտնվում են, այդ միջավայրի անհանդուրժողականությունն է շատ ճնշող դառնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

Մահացած տղայի ընկերները չեն կարողացել նրան հրաժեշտ տալ, «Ազատության» զրուցակիցն ասում է՝ ծնողներն արգելել են: Ընտանիքն, ըստ մեր անանուն զրուցակցի, մեղադրում է տղայի ընկերներին: Ընտանիքի հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվել:

«Իր մահից մի քանի ժամ առաջ Ինստագրամում եղել է սթորի՝ Eine Bazooka երաժշտության տակ, որտեղ գրվել է, որ՝ «Սա վերջն ա», կետ, ու իր մահից հետո, ոնց հասկացանք, այդ սթորին ջնջվել է, ոչ մի հետքեր չկան: Իր անունից Ֆեյսբուքում էջեր են բացված, ու իր մտերիմներին ֆոլոու է տալիս ու փորձում է իրենցից ինչ-որ ինֆորմացիա ստանալ: Ծնողները, որ ագրեսիվ են, երբ մենք փորձեցինք իրենց հետ խոսել, իրենք ասացին, որ այդ ամենը եղել է իր շրջապատի պատճառով, ոչ թե իրենց պատճառով, ու իրենք կանեն այնպես, որ իր շրջապատը պատասխանատվություն կրի», - ասաց «Ազատության» անանուն զրուցակիցը:

ԼԳԲՏՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք»-ի հիմնադիրն ասում է՝ ողբերգական այս դեպքը միակը չէ, երբ ծնողներն իրավապաշտպաններին արգելում են անգամ հետաքրքրվել պատճառների մասին: Իրավապահներն էլ, ըստ նրա, քննում, քննում ու այդպես էլ ոչ մի մեղավորի չեն բացահայտում: Որպես օրինակ՝ իրավապաշտպանը հիշեցրեց նախորդ տարի երևանյան կամուրջներից մեկից ցած նետված 16 ու 21-ամյա երիտասարդների ողբերգական դեպքը: Այդ օրերին էլ սոցցանցերում ատելության խոսք էր գեներացվում՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ընդգծված ծայրաստիճան խտրական վերաբերմունք արտահայտելով։ Այս ամռանն էլ Երևանի բնակարաններից մեկում տրանսգենդեր կին էր սպանվել, ԼԳԲՏ համայնքը կրկին ահազանգել էր ահագնացնող ատելության մթնոլորտի մասին:

«Միայն սեռական կողմնորոշման համար ընտանիքի ու հասարակության կողմից չընդունվող մարդիկ հաճախ չեն դիմանում հոգեբանական ճնշումներին, հաճախ նաև՝ ֆիզիկական բռնություններին, ու ծայրահեղ քայլերի են դիմում», - ասում է իրավապաշտպանն ու ընդգծում, որ այդ մարդիկ օրենքո՛վ պետք է պաշտպանված լինեն. - «Պետք են օրենքներ, որով ինքը պաշտպանված կլինի՝ խտրականությունը արգելող օրենք կլինի, ատելության հիմքով հանցագործությունների կամ ատելության խոսքի արգելքը, որը կնպաստի ավելի բարեկեցիկ միջավայր ստեղծելու բոլորի համար: Ու այդ օրենքները այնպես չի, որ միայն ԼԳԲՏ անձանց են պետք, այլ՝ ցանկացած անձ որևէ պատճառով կարող է խտրականացվել: Ու մյուս կողմից՝ հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի. դա արվում է կրթության միջոցով, մեդիայի միջոցով»:

Մամիկոն Հովսեփյանն ասում է՝ այս 16 տարիներին ինքն էլ է խտրական վերաբերմունքի արժանացել, հատկապես՝ համացանցում: Հիշեցնում է՝ նոր Քրեական օրենսգիրքը որոշ չափով կարգավորում է այս խնդիրները, բայց այդ հոդվածները լիարժեք չեն կիրառվում: Որպես հաջողված փորձ՝ Կանադայի, Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և այլ երկրների օրինակներն է բերում, որտեղ ատելության խոսքի համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:

17-ամյա տղային ինքնասպանության է հանգեցրել «միջավայրի անհանդուրժողականությունը»
please wait

No media source currently available

0:00 0:05:26 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG