Մատչելիության հղումներ

Բայդենը վավերացրել է ժամանակավոր բյուջեն, որը չի ներառում օգնություն Իսրայելին և Ուկրաինային


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան ստորագրել է Կոնգրեսի ընդունած օրենքը կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին։ Դա թույլ կտա կանխել «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի կասեցումը, որը կարող էր այսօր տեղի ունենալ։

Այս փաստաթղթում Իսրայելին և Ուկրաինային տրամադրվելիք օգնության ծախսերը ներառված չեն։

Նախկինում օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի կողմից։

Այն մինչև 2024 թվականի հունվարի 19-ը կապահովի կառավարական ծրագրերի և գերատեսչությունների ֆինանսավորումը ռազմական շինարարության, վետերանների գործերի, տրանսպորտի, էներգետիկայի և բնակարանաշինության ոլորտնեորում, իսկ մնացած բոլոր ծախսային հոդվածները կիրականացվեն մինչև փետրվարի 2-ը։

ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի հաստատել 2024 թվականի բյուջեն, որը կներառի ռազմական օգնություն Ուկրաինային։ Սեպտեմբերին փաստաթղթի քննարկման ժամանակ հանրապետականներն առաջարկել են էապես կրճատել ծախսերը, դեմոկրատականներն էլ սպառնացին արգելափակել նախագիծը, եթե կրճատումները շատ մեծ լինեն։

Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին տրամադրվող ֆինանսական օգնությունը և ԱՄՆ-ի հարավային սահմանի ամրապնդման ֆինանսավորումը բյուջեում պետք է ներառվեն առանձին հոդվածով։ Սպիտակ տունն առաջարկել է այդ ծրագրերի նպատակների համար հատկացնել 106 միլիարդ դոլար։

Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է, որ այդ ծրագրերը ֆինանսավորվեն մեկ փաթեթով, սակայն, հանրապետականները դեմ են դրան:

Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների տունն ընդունել է Իսրայելին 14 միլիարդ դոլար տրամադրելու առանձին օրինագիծ, որը չի ներառել օգնություն Ուկրաինային, սակայն դեմոկրատականների կողմից վերահսկվող Սենատը մերժել է այդ օրինագիծը:

XS
SM
MD
LG