Մատչելիության հղումներ

Ամերիկյան դեֆոլտը կարող է մեծ աղետ դառնալ նաև ամբողջ աշխարհի համար


ԱՄՆ ազգային արժույթը
ԱՄՆ ազգային արժույթը

Եթե Ամերիկան ուժեղ փռշտա

Քաղաքական-տնտեսական ասպարեզում կա մի թևավոր խոսք. «Երբ Ամերիկան փռշտում է՝ ամբողջ աշխարհն է մրսում»: Այդպես էր 2008 թվականի ամերիկյան ֆինանսական ճգնաժամի պարագայում, որը հանգեցրել է համաշխարհային տնտեսական անկման: Մոլորակին մի ամբողջ տասնամյակ էր պետք ուշքի գալու համար:

Եվ հիմա հնարավոր է, որ օվկիանոսից անդին որոտա մի այնպիսի փռշտոց, որն առնվազն տեսականորեն կարող է աղետալի դառնալ համայն աշխարհի համար:

Դրա անունն է՝ դեֆոլտ: ԱՄՆ պետական պարտքը հասել է աստղաբաշխական գումարի՝ 31 տրիլիոն 400 միլիարդ դոլարի:

Հունիսի 1-ը կարող է ճակատագրական օր լինել

Ամեն անգամ, երբ գործադիրի միջոցները սպառվում են, օրենսդիրը թույլատրում է նոր պարտք գրանցել և բարձրացնում է դրա վերին շեմը: Ֆինանսների նախարարությունը դեռ ունի նախապես կուտակած միջոցներ, բայց առանց նոր պարտքի, դրանք ամռանը կսպառվեն: Առավել հավանական ժամկետը հունիսի 1-ն է:

Նախարարությունը չի կարող որոշել, թե ում ֆինանսավորել, իսկ ում զրկել փողից, ուստի, պետք է դադարեցնի բոլոր վճարումներն, այդ թվում՝ պետական պարտքի մասով, և կհայտարարվի դեֆոլտ, որը նախկինում երբեք չի եղել պատմության ընթացքում:

Default-ը Shutdown-ից անհամեմատ ծանր երևույթ է

Նշենք, որ խոսքը «շաթդաունի»՝ կառավարության ֆինանսավորման ընդհատման մասին չէ, այն որպես կանոն մի քանի օր է տևում և շարքային ամերիկացիների համար գրեթե աննշան է անցում: «Դեֆոլտը» կարող է հանգեցնել պետական բոլոր վճարումների դադարեցման:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Ճապոնիայում մեծ յոթնյակի ֆինանսական նախարարների հավաքում նախազգուշացրել է, որ այն աղետալի կլինի ոչ միայն Ամերիկայի, այլև աշխարհի համար և կոչ է արել Կոնգրեսին բարձրացնել պարտքի թույլատրված վերին շեմը:

«Դեֆոլտը նաև հարցականի տակ կդնի ԱՄՆ-ի աշխարհի լիդերի դերը և ազգային շահերը պաշտպանելու կարողությունը», - ասել է նախարարը:

ԱՄՆ դոլարը՝ պահուստային արժույթի գերակշռող միջոց

Սիրում են, թե ատում են Ամերիկան աշխարհում՝ այս հարցում ոչ թե դա է կարևոր, այլ մոլորակի ֆինանսական համակարգի վստահությունն առ այն, որ ամերիկացիները դոլարով իրենց պարտավորությունների նկատմամբ երբեք դեֆոլտ չեն հայտարարի: Ի վերջո, իրենք են տպում դոլարը, իրենք էլ երբ հարկ լինի՝ նոր միլիարդներ կթողարկեն:

Անկախ այն բանից լավ է դա, թե վատ՝ այդպիսի իրողություն է, այն հաստատվել և ամրապնդվել հատկապես Երկրորդ աշխարհամարտի ավարտին, երբ 1944 թվականի Բրետոն-Վուդսյան համաձայնագրով դոլարը ճանաչվել է արժութային հարաբերությունների հիմք և միջազգային հաշվարկի ու ինտերվենցիաների և պահուստային արժույթի գերակշռող միջոց։

Հետագայում ուժի մեջ են մտել նոր համաձայնություններ, սակայն դոլարի նշանակությունը չի նվազել:

ԱՄՆ-ի պետական պարտքն աշխարհի գլխավոր պահուստային ակտիվն է, աշխարհում խնայողությունների մոտ 60 տոկոսը դոլարով է, 20 տոկոսը՝ եվրոյով, 5-ը՝ ճապոնական իենով և 3-ը չինական յուանով:

Եվ հիմնական դերակատարները՝ Եվրոպական միությունը, Ճապոնիան, Չինաստանը, բնավ չեն ցանկանա տեսնել այդ թեկուզ վիճահարույց, սակայն գործող համակարգի քայքայումը: Ավելին, մոլորակի խոշորությամբ երկրորդ և երրորդ տնտեսությունները՝ Չինաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1 տրիլիոն և 870 միլիարդ դոլար են ծախսել ԱՄՆ ֆինանսների նախարարության թողարկած պետական պարտատոմսեր գնելու համար:

«Դեֆոլտը լուրջ և երկարատև հետևանքներ կունենա, նույնիսկ ոչ թե դեֆոլտն, այլ դրա սպառնալիքն է բավական շուկաներում խուճապ առաջացնելու և մարդկանց գրպանին հարվածելու համար: Ֆինանսական շուկաները կկորցնեն վստահությունն Ամերիկայի նկատմամբ, վարկերը կթանկանան, դոլարի փոխարժեքը կնվազի», - կարծիք են հայտնել Սպիտակ տան տնտեսագետները:

Հանրապետականները նախապայմաններ են ներկայացնում

Թվում է, թե ելքը հայտնի է՝ բարձրացնել պետական պարտքի վերին շեմը: Բայց դրա համար օրենսդիր մարմնի համաձայնությունն է պետք:

Ներկայացուցիչների տան մեծամասնությունը՝ հանրապետականները, հայտնել են, թե հավանություն կտան գաղափարին, պայմանով, որ էապես կրճատվեն բյուջետային ծախսերը:

Նախագահ Ջո Բայդենը պատասխանել է, թե պատրաստ է քննարկել ծախսերի կրճատումը, սակայն օրենսդիրները պետք է թույլ տան առանց նախապայմանների բարձրացնել պարտքի վերին շեմը:

«Լավ վիճակում չենք»

Այսօր ուշ երեկոյան պետք է վերստին հանդիպեն նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին: Նա քննադատել է նախագահին:

«Լավ վիճակում չենք, գիտեմ, որ լավ վիճակում չենք, չի կարելի անտեսել խնդիրը, ենթադրելով, որ ինքն իրեն կլուծվի», - ասել խոսնակը:

ՄըքՔարթին նաև վկայակոչել է ֆինանսների նախարար Յելենին ու ևս մեկ անգամ կշտամբել Բայդենին:

«Ֆինանսների նախարարն ասաց, թե հունիսի 1-ից էլ փող չի լինի, մի քանի օր է մնում, իսկ նախագահը 100 օր է սպասել բանակցություններ սկսելու համար»,- ասել է Ներկայացուցիչների տան խոսնակը:

«Բանակցությունների ընթացքում դրանց մասին չեն խոսում»

Նախագահը հրաժարվում է այդ թեմայով մանրամասն քննարկումներից: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա նկատել է տվել, որ դեռ դրա ժամանակը չէ:

«Մի բան կա, որ ես վաղուց եմ սովորել, ու կարծում եմ, դուք էլ պետք է դա իմանաք՝ երբեք չի կարելի մեկնաբանել բանակցությունները, քանի դեռ դրանք ընթացքի մեջ են։ Բայց ես լավատես եմ, հուսով եմ, հարցը կլուծենք»,- ասել է Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG