Մատչելիության հղումներ

Իշխանությունը ողջունում է Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդարձակելու՝ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը


Իշխանությունը ողջունում է Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու՝ Եվրամիության արտգործնախարարների որոշումը։ Թե՛ թվաքանակի, թե՛ լիազորությունների վերաբերյալ վերջին խոսքը պետք է ասեն Եվրահանձնաժողովն ու անդամ երկրների ղեկավարները, ենթադրաբար դեկտեմբերին։

Սահմանների կայունությունը կամրապնդվի, կարծում է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հայաստանի խնդրանքով երկու տարով եկած 100 եվրոպացի դիտորդները պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին։

«Որոշումը ընդլայնել դիտորդների թվաքանակն է, ուժեղացնել իրենց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին: Մի բան, որ միանշանակ, կարծում ենք, էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններում: Դեռևս թվեր չունենք, բայց կարծում ենք, պետք է համապատասխան քանակ ապահովվի, որպեսզի առավել արդյունավետ կատարվեն աշխատանքները», - ասաց փոխարտգործնախարարը:

Դեռ թվեր չեն հրապարակվում, բայց Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասում էր՝ խոսքը զգալի ավելացման մասին է։ Եթե վերջնական որոշումը կայացվի, Եղոյանը չի բացառում, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի սահմաններին ավելի շատ եվրոպացի դիտորդներ պարեկություն կանեն:

«Գետնի վրա ե՞րբ կավելանա թիվը, շաբաթների ընթացքում, ոնց որ առաջին որոշումը կայացվեց», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ խոսքը միայն դիտորդական առաքելության ընդլայնման մասին է, թե՞ ռազմական կոմպոնենտ կարող է ավելանալ, Արման Եղոյանը պատասխանեց. - «Այս պահին խոսքն առկա մանդատով դիտորդական առաքելության ընդլայնման, այսինքն, անձնակազմի թվաքանակի և դրա տևողության ընդլայնման մասին է»:

Ըստ Ռուստամյանի՝ ԵՄ դիտորդների ներկայությունը չի լուծել ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու հարցը

Ընդդիմադիրներն, ի տարբերություն իշխանականների, այդքան էլ ոգևորված չեն Բրյուսելի վերջին որոշումից։

Մինչ Փաշինյանի թիմը ԵՄ դիտորդների առկայությունը սահմանային անվտանգության երաշխիք է համարում, ընդդիմադիր Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն ասում է՝ նրանց ներկայությունը չի լուծել ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու հարցը, փոխարենը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի ու Իրանի հետ։

«Այսինքն՝ մենք պրոբլեմներ առաջացրեցինք չլուծելով մեր հիմնական խնդիրը», - ասաց Ռուստամյանը:

Տարեսկզբից՝ ԵՄ առաքելության գալուց հետո հայ-ադրբեջանական լայնածավալ բախումներ չեն եղել, բայց սահմանային լարումներ կային, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզի Երասխի հատվածում։ Ապրիլին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցներից նաև 4 զինծառայող զոհվեց։

Կարո՞ղ է խոսք լինել ԵՄ կողմից զենքի մատակարարումների մասին

Կարո՞ղ է խոսք լինել ԵՄ-ի կողմից զենքի մատակարարումների մասին, հարցին Հայաստանցի պաշտոնյաները հստակ պատասխան չեն տալիս։

ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը միայն հայտարարել էր՝ կքննարկեն նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը, մի գործիք, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում Միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանունակությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու համար։ Այս ծրագրով օգնություն են ստացել Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանը և՛ դրսից, և՛ ներսից ապակայունացնելու ցանկացած փորձի դեպքում։ Մեր ուղերձը Ադրբեջանին շատ հստակ է եղել՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և շատ ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա», - նշել է Բորելը:

Դիտորդների թիվն ավելացնելու՝ Բրյուսելի նախաձեռնությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի սրտով չէ։ Բրյուսելում՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարություններից ժամեր անց Բաքուն դրանք անընդունելի որակեց։ Թեև առաքելությունը բացառապես քաղաքացիական է ու անզեն, Ժոզեպ Բորելն էլ շատ ընդհանուր էր խոսել Հայաստանի անվտանգությանն աջակցելուց, Ադրբեջանից պնդեցին՝ Հայաստանին զինելու Եվրամիության ջանքերը խրախուսում են նոր հակամարտություններ, որի պատասխանատվությունն ընկնում է նաև ԵՄ վրա։

Հնարավո՞ր է Հայաստանը Մոսկվայի առաջնորդած ԵՏՄ-ից դուրս գա ու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրի. այս պահին, ըստ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի, նման նախաձեռնություն չկա։ Եղոյանը, սակայն, չբացառեց, որ պաշտոնական Երևանն ապագայում գուցե և դիմի ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար, ինչպես Թբիլիսին։

«Եթե նկատի ունեք՝ արդյո՞ք մինչև այս շաբաթվա վերջ Հայաստանը դիմելու է անդամության թեկնածու դառնալու համար, ապա՝ ոչ: Մեկ տարվա համար չեմ կարող ասել», - նշեց Արման Եղոյանը:

XS
SM
MD
LG