Մատչելիության հղումներ

Հայաստանը չի հերքում կամ հաստատում հնդկական հակադրոնային համակարգեր ձեռք բերելու տեղեկությունը


Zen Technologies-ի հակադրոնային համակարգը, արխիվ
Zen Technologies-ի հակադրոնային համակարգը, արխիվ

Հայկական կողմը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է ավելի քան 41 միլիոն դոլարի հնդկական արտադրության հակադրոնային համակարգեր ձեռք բերելու մասին տեղեկությունը։

Դելիում լույս տեսնող The Еurasian Times պարբերականը նախօրեին տեղեկացրեց, որ Pinaka հրթիռային համակարգերից հետո, Երևանն այս անգամ էլ Zen Technologies ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող համակարգեր ձեռք բերելու շուրջ է պայմանագիր կնքել` Ադրբեջանի կամիկաձեների դեմ կռվելու համար։

«Պետք է ասեմ, որ Հնդկաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը բավականին ընդլայնված բնույթ ունի, բայց թե ինչ տեխնիկական միջոցներ, ինչ զինատեսակներ, ինչ պաշտպանական կամ ձեր ասած էլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք կբերվեն ապագայում և ինչ պայմանավորվածություններ կան՝ այս պահին չեմ կարող ասել և չեմ կարող նաև հաստատել հնդկական մամուլի հրապարակումները կամ հերքել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Zen Technologies-ի հակադրոնային համակարգն իր արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիա է, այն փորձարկվել է Հնդկաստանի օդային ուժերի կողմից, և այժմ հնդկական բանակն ավելի քան 27 միլիոն դոլարի 20 միավոր համակարգեր է պատվիրել, որոնց առաքումը տեղի կունենա հաջորդ տարվա մարտին։ Հայաստանում գիտակցել են, որ եթե Հնդկաստանի զնված ուժերը ձեռք են բերում այդ համակարգերը, ապա դրանք պետք է որ լավը լինեն», - իր աղբյուրներին հղում անելով գրում է պարբերականը։

Հակադրոնային այս համակարգը, ըստ ընկերության, կարողանում է հայտնաբերել, դասակարգել անօդաչու թռչող սարքերը՝ խափանելով նրանց կապն ու GPS համակարգերը, ինչի հետևանքով անօդաչու թռչող սարքերն այլևս չեն կարողանում թռչել։

Ընկերությունն ընդգծում է՝ եթե դրոններին հաջողվում է շարունակել թռիչքը, այս դեպքում էլ Zen համակարգը համաժամանակյա տվյալներ է փոխանցում հակաօդային համակարգերին, որոնք ճշգրտորեն կարող են խոցել դրոնները։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն ընդգծեց՝ հակադրոնային պաշտպանությունը շատ կարևոր ուղղություն է։ Այն անընդհատ զարգանում և փոփոխվում է, ի հայտ են գալիս նոր զինատեսակներ, որոնց հակազդման համար անհրաժեշտ են նոր համակարգեր։

«ՀՀ զինված ուժերը, այո, ինտենսիվ աշխատանքներ են տանում պաշտպանունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ», - նշեց Արմեն Խաչատրյանը:

«Չենք կարող ասել, որ ամեն ինչ լավ է և պաշտպանված ենք». Արմեն Խաչատրյան

«Կարո՞ղ ենք ասել, որ արդեն մենք ունենք ադ ռեսուրսը՝ դիմակայելու այդ անօդաչու թռչող սարքերից եկող վտանգներին», - այս հարցին պատգամավորն արձագանքեց. - «Աշխարհում նման պետություն չկա, որ կարող է ասել, որ ինքը կարող է 100 տոկոս պաշտպանվել, և իր հակաօդային պաշտպանությունը գործում է 100 տոկոս օգտակարությամբ: Նման պետություն գոյություն չունի, մենք տեսնում ենք, թե ինչպես են ռմբակոծում Իսրայելի տարածքները, այն էլ՝ ռմբակոծում են այնպիսի հրթիռներով, որոնք շատ էժան են և բարդ կառուցվածք և մանևրականություն չունեն, բայց ռմբակոծում են: Այնպես որ, շատ հեռու է ներկայումս այն համոզվածությունը, որ՝ վերջ, մի օր կգա, որ օդը կփակվի ամբողջությամբ: Ուղղակի հակաօդային պաշտպանությունը պետք է լինի էֆեկտիվ, և հնարավորինս նրա խոցման հավանականությունը բարձր լինի, տոկոսը բարձր լինի, հակահթիռային կամ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, փոքր չափի դրոններին խոցելու և տարածք չթույլատրելու միջոցառումները»:

«Ներկայումս աշխատանքներ են տարվում, և պետք է ասեմ, որ ոչ, այդպիսի իրավիճակ չկա, որ մենք ասենք՝ արդեն լավ է և ամեն ինչ ունենք և պաշտպանված ենք, նման իրավիճակ չի», - ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

«Հայաստանը Հնդկաստանի ռազմավարական գործընկերն է դարձել»

Ի դեպ, The Еurasian Times տեղեկացնում է, որ Երևանի հետ ավելի քան 41 միլիոն դոլարի հակադրոնային համակարգերի պայմանագրից բացի, Zen ընկերությունը նաև որոշում է կայացրել մասնաճյուղ բացել Հայաստանում՝ փորձարկելով բիզնես հնարավորություններն այստեղ, ինչպես նաև իրականացնել վաճառքի, աջակցության և սպասարկման ապահովում: Հնդկական պարբերականը շեշտում է, որ Հայաստանը Հնդկաստանի ռազմավարական գործընկերն է դարձել։

«2022 թվականին, երբ Հնդկաստանը պայմանագիր կնքեց Հայաստանի հետ՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զինամթերք մատակարարելու, այդ թվում՝ Pinaka հրթիռային կայաններ ձեռք բերելու վերաբերյալ, տպավորություն ստեղծվեց, որ այդկերպ Նյու Դեյլին իր կողմնորոշումն է ցույց տալիս հայ - ադրբեջանական հակամարտության հարցում։ Դա Հնդկաստանի կողմից Pinaka-ի առաջին արտահանումն էր», - գրում է պարբերականը՝ ընդգծելով , որ թեև Հնդկաստանը հրապարակային չի հաստատել, որ Հայաստանին մատակարարել է նաև Akash համակարգեր (Akash SAM system), սակայն Հնդկաստանի պաշտպանության նախարարության հովանու ներքո գործող Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը տեղեկացրել է, որ արտահանման պատվեր է ստացել բարեկամ մի երկրից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս գործարքների մասին տեղեկություններն առայժմ չի հաստատել, բայց և չի հերքել։

Հայաստանը չի հերքում կամ հաստատում հնդկական հակադրոնային համակարգեր ձեռք բերելու տեղեկությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

XS
SM
MD
LG