Մատչելիության հղումներ

Գյումրիում թափառող շները հարձակվել են տարեց կնոջ վրա. նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել



74-ամյա Ցողիկ Գրիգորյանը օրերս է միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Տարեց կնոջ վրա թափառող շները հարձակվել են տնից ոչ հեռու գտնվող պուրակում օրը ցերեկով։

«3-րդ անգամ են հարձակվում վրաս, շորիցս քաշեցին, ընկա ցած, որ ընկա, հասան դեմքիս, դեմքս այլանդակին, թե ինչի, չեմ հասկանում», - «Ազատությանը» պատմեց նա։

Առաջինը տարածքում գտնվողներն են հասել օգնության, ապա շտապօգնությունն են զանգահարել, տեղափոխել հիվանդանոց։

Ասում է՝ բարեգործական ճաշարանից շներին միշտ բաժին է բերում, որ սոված չմնան։ Զարմանում է՝ ինչպես կարող էին իրենց կերակրողի վրա հարձակվել։

Մի քանի տարի առաջ շների հարձակումից ոտքերն էին վնասվել, մի քանի ամիս առաջ՝ ձեռքը, հիմա էլ՝ դեմքը։

Վիրաբույժ Համլետ Նազարյանն ասում է՝ տարեց կինը բավականին լուրջ վնասվածքներ է ստացել. - «Հիմնական վերքերը եղել են դեմքի շրջանում, տարբեր աստիճանի, ոսկրերի կոտրվածք, բեկորների տեղաշարժով»։

Վիրաբույժը փաստում է՝ թափառող շների հարձակման դեպքերն ավելացել են։ 2 ամիս առաջ վիրահատել է մի երեխայի, որը դարձյալ լուրջ վնասվածքներ էր ստացել դեմքի շրջանում։ Մարմնական վնասվածքին այս դեպքում նաև հոգեբանականն է գումարվում, ընդգծում է բժիշկը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության տվյալներով՝ այս տարվա 10 ամիսներին շների հարձակման 637 դեպք է արձանագրվել մարզում, անցած տարի՝ 607։ Նոյեմբերի առաջին շաբաթում արդեն 9 հարձակում է եղել։

Սոցցանցերում պարբերաբար Գյումրիում թափառող շների ոհմակների կադրեր են հայտնվում։ Խիտ բնակեցված թաղամասում, որտեղ ապրում է Ցողիկ Գրիգորյանը, օրը ցերեկով թափառող շների բազմաթիվ խմբեր կարելի է տեսնել։ Տուժած կնոջ թոռնուին՝ Ասպրամ Գրիգորյանն ասում է՝ շներն այնքան շատ են, որ այս հարցը միայն ապաստարանների միջոցով է հնարավոր լուծել։

«Որովհետև թե մեծ մարդիկ չեն կարողանում դուրս գալ, զբոսնել, թե երեխաները չեն կարողանում դպրոց գնալ առավոտները։ Լուծում է պետք տալ այս հարցին։ Ամեն օր շատանում են դեպքերը», - ասաց նա։

Գյումրիի քաղաքապետարանում ընդունում են, որ ամենաընդունելի տարբերակը ապաստարանի կառուցումն է, բայց ասում են՝ տեղական բյուջեում այդքան գումար չկա։ Մինչդեռ վերջին ՏԻՄ ընտրություններում ավագանի անցած բոլոր ուժերը իրենց նախընտրական ծրագրերում խոստանում էին կառուցել այդ ապաստարանը։

«150-200 միլիոն դրամի կարգի գումար միայն հարկավոր է, որպեսզի այդ շինությունը իր բոլոր սարքավորումներով ունենանք, որ կարողանանք բոլոր շներին հավաքագրել մի տեղ ու պահել, որովհետև հատուկ պայմաններ պետք է ստեղծվեն։ Մոտավորապես 10-15 հոգի էլ աշխատուժ պետք է լինի», - ասաց «Գյումրիի կոմունալ ծառայություն» հիմնարկության տնօրենի պաշտոնակատար Արտավադ Ոսկանյանը։

Գյումրիի բյուջեն առայժմ թույլ է տալիս շների ստերջացման ծրագրով կանխել թափառող շների բազմացումը։ Բայց կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնակատարը խոստովանում է՝ ստեջացումը լուծում չէ։
Ստերջացումն ընդամենը կանխում է շների բազմացումը, բայց ոչ կատաղությունը, ընդ որում ստերջացված շները ևս հարձակվում են մարդկանց վրա։ Կատաղություն ունեցող շները մեկուսացվում են, վստահեցնում է պաշտոնյան։

Գյումրիի քաղաքային իշխանությունները թափառող շների հաշվառում չեն իրականացնում, բացի այդ, գյուղական մոտ համայնքներից են շներ գալիս քաղաք, և թիվն անընդհատ փոխվում է, ասում է կոմունալ ծառայության ղեկավարը։ Կունենա՞ արդյոք Գյումրին թափառող շների ապաստան ու ե՞րբ. այս հարցերի պատասխանը համայնքապետարանում չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG