Մատչելիության հղումներ

Գազայի հատվածի մեկուկես միլիոն բնակիչ լքել է իր տունը. ՄԱԿ


Գազայի հատվածի մեկուկես միլիոն բնակիչ լքել է իր տունը և դարձել «տեղահանված», հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։

Նրանցից ավելի քան 710 հազարը պատսպարվել են Պաղեստինի փախստականների համար ՄԱԿ-ի գործակալության կողմից ղեկավարվող հաստատություններում: Դրանք դպրոցներ ու հիվանդանոցներ են, ինչպես նաև ժամանակավոր ճամբարներ։ Սակայն, բոլորտ չեն կարող այստեղ տեղավորվել, և շատերը ստիպված են գիշերել փողոցում։

Եգիպտոսը շարունակում է հրաժարվել Գազայի հատվածից փախստականներին ընդունել։ Այն բանից հետո, երբ նոյեմբերի 3-ին երկքաղաքացիություն ունեցող մի քանի հարյուր օտարերկրացիների և պաղեստինցիների, ինչպես նաև ծանր վիրավորներին թույլ տվեցին Եգիպտոս մտնել «Ռաֆահ» անցակետով, անցակետի բացման մասին այլ տեղեկություններ չեղան:

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Զորքերը պատրաստվում են ամբողջությամբ շրջափակել Գազա քաղաքը՝ կտրելով այն գոտու հարավային մասից։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել է «Համաս»-ի 2500 ռազմական օբյեկտ։

Գազայի հատվածում սպանված իսրայելցի զինվորների թիվը հասել է 28-ի։

«Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 9448 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում:

«Համաս»-ը շարունակում է հարձակումները Իսրայելի վրա. երկրի հարավային և կենտրոնական հատվածներում օդային հարձակումների ազդանշաններ են հնչել։

XS
SM
MD
LG