Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ. Էրդողան


Ադրբեջանը պատմական հաղթանակ է տարել, որից հետո Հարավային Կովկասն ավելի մոտ է խաղաղության հաստատմանը, այսօր Աստանայում՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը միաժամանակ, կրկին պնդել է, թե Հայաստանն անելիք ունի:

«Ադրբեջանը լիակատար վերջակետ դրեց Ղարաբաղի՝ 30 տարի տևած օկուպացիային։ Մենք հպարտ ու երջանիկ ենք այս պատմական նվաճման համար, որով մոտեցել ենք տևական խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Շատ կարևոր է նաև տրանսպորտային ուղու իրականացումը, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ», - նշել է Թուրքիայի նախագահը։

Այդ ճանապարհը կարևոր է ո՛չ միայն տարածաշրջանի երկրների համար, ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով՝ այն նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի՝ ինչպես Էրդողանն է ասել՝ պապենական հայրենիքի հետ։

«Որպես թուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին այս գործընթացի հաջող ավարտի համար», - ընդգծել է նա։

Էրդողանը նաև դռնփակ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ կապված հարցեր, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, այլ մանրամասներ հայտնի չեն։

Իրենց խոսքով՝ պատմական հաղթանակի կապակցությամբ Ալիևին շնորհավորել են նաև Ուզբեկստանի և ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանի նախագահները։ Ընդորում՝ Տոկաևը պնդել է, թե սեպտեմբերի 19-ին Արցախի վրա կատարված հարձակումն ու Արցախի հայաթափումը կատարվել են միջազգային օրենքների ու նորմերի համաձայն։

«Ցանկանում եմ շնորհավորել պարոն Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ողջ ժողովրդին, որ ձեր ժողովուրդը վերականգնեց տարածքային ամբողջականությունը և սկսեց քայլել դեպի զարգացման նոր փուլ։ Այս պատմական քայլը շատ կարևոր է և տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի որոշման համաձայն», - նշել է Տոկաևը:

Ալիևն իր հերթին հորդորել է թյուրքական երկրներին ամրապնդել պաշտպանական համագործակցությունը, ասելով, որ բանակն է երկրի «անվտանգության լավագույն երաշխավորը»:

«Պատերազմներ և արյունալի հակամարտություններ են սկսվում: Այս դեպքում անվտանգության հիմնական երաշխավորն առաջին հերթին դառնում է պաշտպանական ներուժը: Կարծում եմ, որ անդամ երկրների միջև համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը, պաշտպանական արդյունաբերությունը, պետք է խորացնել», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Գագաթնաժողովին քննարկվող հիմնական հարցերից էր Իսրայելի և «Համաս»-ի միջև ընթացող պատերազմը, հատկապես մեծ տեղ է այն զբաղեցրել Թուրքիայի նախագահի ելույթում։ Պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հարձակումները որակելով «մարդկության դեմ հանցագործություններ»՝ Էրդողանը պնդել է՝ իրենց առաջնային խնդիրն է անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել։ Երեկ այս հարցի շուրջ հանդիպել էին նաև Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարները:

Այսօրվա հոբելյանական գագաթնաժողովի ավարտին թյուրքական երկրները հայտարարել են, թե կշարունակեն համագործակցությունը՝ հաջորդ հարյուրամյակը թյուրքական դարձնելու համար։

Խորհրդային միության փլուզումից հետո՝ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված այս կազմակերպությանը անդամակցում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Հունգարիան, Թուրքմենստանը և Հյուսիսային Կիպրոսը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG