Մատչելիության հղումներ

Դաղստանում անկարգությունների համար Պուտինը մեղադրում է Ուկրաինային և «արևմտյան գործակալություններին»


Ռուսաստան, Դաղստան - Պաղեստինի դրոշով ցուցարարները Մախաչկալայի օդանավակայանի տարածքում, 29-ը հոկտեմբերի, 2023թ.
Ռուսաստան, Դաղստան - Պաղեստինի դրոշով ցուցարարները Մախաչկալայի օդանավակայանի տարածքում, 29-ը հոկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի նախագահն Ուկրաինային և «արևմտյան հետախուզական գործակալություններին» է մեղադրել Դաղստանում նախօրեին տեղի ունեցած անկարգությունների համար, երբ հարյուրավոր տղամարդիկ «ալլահ աքբար» գոռալով գրոհել էին օդանավակայանը, հակաիսրայելական կոչեր հնչեցրել ու ստիպել, որ Թել Ավիվից ժամանած ինքնաթիռի ուղևորները հինգ ժամ մնան օդանավի մեջ:

Հարձակման հետևանքով 20 մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Տեղի ոստիկանությանը միայն մի քանի ժամ անց է հաջողվել օդանավակայանում վերահսկողություն հաստատել:

«Մենք պետք է հստակ հասկանանք, թե իրականում ով է կանգնած Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ տարածաշրջանների ժողովուրդների ողբերգության հետևում, ով է կազմակերպում մահաբեր քաոսը և ում է դա ձեռնտու։ Այսօր, իմ կարծիքով, սա արդեն ակնհայտ ու պարզ է դարձել բոլորի համար՝ պատվիրատուները գործում են բացահայտ ու լկտիաբար։ Հենց Միացյալ Նահանգների ներկայիս իշխող էլիտաներն են համաշխարհային անկայունության հիմնական շահառուները», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Խոսելով սեփական երկրում տեղի ունեցած անկարգությունների մասին` Պուտինն այդպես էլ չի դատապարտել ցուցարարներին կամ նրանց գործողությունները, որոնք հրեաները համեմատում են ցարական Ռուսաստանում տեղի ունեցած պոգրոմների հետ: Որևէ խոսք չի եղել նաև ոստիկանության անգործության մասին՝ այն դեպքում, երբ օդանավակայանը գրոհելու կոչերը սոցիալական ցանցերում շրջանառվում էին ժամեր շարունակ:

Փոխարենը, Պուտինն իր ելույթի գերակշռող մասը նվիրել է Արևմուտքի քննադատությանը և կրկին օգտագործել առիթը` արդարացնելու Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ:

Ռուսաստանի նախագահի խոսքով ՝ ճշմարտությունն ու արդարությունը այսօր պաշտպանում են ռուս սպաներն ու զինվորները, ովքեր ուկրաինական ճակատում պայքարում են Արևմուտքի կողմից խրախուսվող չարի, ռասիզմի և նեոնացիզմի դեմ. - «Դոնեցկի, Ավդեևկայի և Դնեպրի մոտ։ Կրկնեմ՝ նրանք մեր զինվորներն ու սպաներն են։ Իսկական տղամարդու, իսկական մարտիկի ընտրությունը զենք վերցնելն ու եղբայրների կողքին կանգնելն է։ Եղեք մի վայրում, որտեղ որոշվում է Ռուսաստանի և ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Այդ թվում՝ Պաղեստինի ժողովրդի ապագան»:

Պուտինը երեկ խորհրդակցություն էր հրավիրել, որին ներկա էին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամները, կառավարության պաշտոնյաներն ու իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Վերջին անգամ այս կազմով հանդիպում տեղի էր ունեցել 2022 թվականի փետրվարի 21-ին` Ուկրաինա լայնածավան ագրեսիայի նախօրեին։

Հանդիպման ավարտին հայտարարվեց, թե Ռուսաստանը խստացնում է անվտանգության միջոցառումները Հյուսիսային Կովկասում: Թե կոնկրետ ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու, Կրեմլը չի հստակեցնում:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, սակայն, արդեն հրահանգել է կրակ բացել ցուցարարների ուղղությամբ, եթե նրանք հրամաններին չենթարկվեն: «Եթե մեզ մոտ գեթ մեկ հոգի դուրս գա չարտոնված անկարգությունների, նրան կալանավորեք, բանտարկեք։ Կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդում և դրանից հետո, եթե անձը չի պահպանում օրենքը, չորրորդ կրակոցն արձակեք ճակատին։ Այլևս դուրս չեն գա։ Սա իմ կոչն է», - հայտարարել է Կադիրովը:

Անցած օրերին հակաիսրայելական ցույցեր էին սկսվել Հյուսիսային Կովկասի այլ հանրապետություններում ևս:

Վերլուծաբանները պնդում են` վերջին դեպքերը ցույց են տալիս, որ կենտրոնը կորցնում է վերահսկողությունը, հատկապես այն շրջաններում, որտեղ տասնամյակներով խնդիրները չեն լուծվում, դժգոհությունն էլ շարունակում է խորանալ: Նույն Դաղստանում վերջին ամիսներին անընդհատ ցույցեր են` էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումների ընդհատումների կապակցությամբ, վիճակագրությունն էլ փաստում է, որ Դաղստանն ու հարևան հանրապետություններն ամենաաղքատն ռուսական շրջաններն են:

Ի դեպ, մեկ տարի առաջ, երբ Ռուսաստանը մոբիլիզացիա հայտարարեց` Ուկրաինայի դեմ պատերազմելու համար, հենց Դաղստանում էին անցկացնում ամենամեծ բողոքի ակցիաները՝ թույլ չտալով իրենց տղամարդկանց ռազմաճակատ ուղարկել:

XS
SM
MD
LG