ԱՄՆ-ը Թուրքիային համարում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արդյունավետ անդամ, հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքից Անկարային հեռացնելու ամերիկացի օրենսդիրների կոչերը՝ պաղեստինյան արմատական «Համաս» շարժմանն աջակցելու և Իսրայելին քննադատելու համար։
«Սա, իհարկե, առաջին անգամը չէ, որ մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի ղեկավարության հետ: Այնուամենայնիվ, մենք դեռ նրանց համարում ենք ՆԱՏՕ-ի արդյունավետ և օգտակար անդամ: Եվ մենք կշարունակենք աշխատել նրանց հետ այն հարցերի շուրջ, որտեղ համաձայնություն կա», - ասել է Միլլերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 28-ին Ստամբուլում՝ Պաղեստինի հետ համերաշխության բազմամարդ հավաքում ասել է, թե Թուրքիան Իսրայելին «պատերազմի հանցագործ» կհայտարարի և դա կանի ողջ միջազգային հանրության աչքի առաջ։ Նա Իսրայելին անվանել է «զավթիչ» և կրկնել, որ «Համաս» շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ։
Իսրայելն Էրդողանի այդ հայտարարություններից հետո որոշել է Թուրքիայից հետ կանչել իր դիվանագետներին՝ «վերագնահատելու երկկողմ հարաբերությունները»: