Մատչելիության հղումներ

Մեյն նահանգում զանգվածային սպանդ կատարողն անձնասպան է եղել


Մեյնի նահանգապետ Ջանեթ Միլսի և ոստիկանության ճեպազրույցը, Լյուիսթոն, 28-ի հոկտեմբերի, 2023թ.
Մեյնի նահանգապետ Ջանեթ Միլսի և ոստիկանության ճեպազրույցը, Լյուիսթոն, 28-ի հոկտեմբերի, 2023թ.

Մեյնի նահանգապետ Ջանեթ Միլսը հաստատել է, որ նահանգի Լյուիսթոն քաղաքում մարդկանց թիրախավորած անձը մահացած է հայտնաբերվել։

«Ես եկել եմ հայտնելու, որ նահանգի ոստիկանությունը հայտնաբերել է Ռոբերտ Քարդի մարմինը Լիսբոն ավանում, նա այլևս սպառնալիք չէ», - երեկ երեկոյան ասել է Միլսը և ավելացրել, որ այդ մասին արդեն տեղեկացրել է նախագահ Ջո Բայդենին:

Հանրային անվտանգության պետական դեպարտամենտի ղեկավար Մայքլ Սաչակը հաստատել է, որ Քարդն ինքնասպան է եղել։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալի մարմինը հայտնաբերվել է տեղական ժամանակով ժամը 19:45-ին։

Ոստիկանության փոխանցմամբ, Ռոբերտ Քարդը ռազմական փորձ ուներ և հրազենի հրահանգիչ էր։

Հոկտեմբերի 26-ին նա կրակահերթեր է արձակել քաղաքի երեք տարբեր վայրերում՝ ռեստորանում, խանութում և ժամանցի կենտրոնում, ապա փախուստի է դիմել:

ԱՄՆ-ում զենքի կիրառմամբ այդ հերթական գրոհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 18 և վիրավորվել է 14 մարդ:

Նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն: Իրավապահները հայտնում են, որ Քարդի տանը հայտնաբերվել է որդուն նրա հասցեագրած նամակը, սակայն դրանում զենքով հարձակում կատարելու մասին որևէ ակնարկ չի եղել:

Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե արդյոք Ռոբերտ Քարդը հոգեկան խնդիրներ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG