Մատչելիության հղումներ

Ըստ Իսրայելի ՊՆ-ի՝ «Համաս»-ը Գազայի հատվածում 229 պատանդ է պահում


Յուրաքանչյուր առավոտ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը բրիֆինգ է տալիս ու վերջին օրերի համեմատ Դանիել Հագարին ավելի մեծ թիվ է ասել պատանդների մասին, նշելով, որ դա պայմանավորված է հետախուզության և օտարերկրացիների մասին նոր տեղեկություններով։

Նրա խոսքով, բանակի ունեցած վերջին տեղեկություններով՝ Գազայի հատվածում առնվազն 229 պատանդ է պահվում։

«Համաս»-ի ներկայացուցիչն ասել է, որ պատանդներն ազատ չեն արձակվի, քանի դեռ կրակը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին ասել է Մոսկվա այցելած «Համաս»-ի պատվիրակության անդամներից Աբու Համիդը՝ ռուսական մամուլին։ Պատվիրակության մեկ այլ անդամ Աբու Մարզուկը Մոսկվայում հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանի հետ, վերջինս վերահաստատել է Թեհրանի ուժեղ աջակցությունը պաղեստինյան հարցին։

«Համաս»-ի անդամների այցը Ռուսաստան դժգոհություն է առաջացրել Իսրայելում։ Թել Ավիվը քննադատել է Մոսկվային նրանց ընդունելու համար։ Դրանից մեկ օր առաջ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը վետո էր դրել «Համաս»-ին դատապարտող բանաձևի վրա։

Ի տարբերություն շատ երկրների ՌԴ-ը «Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում և կապեր է պահում այդ զինված խմբավորման հետ։

Իսրայելական բանակը գործողություն է իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական մասում

Անցած օրվա ընթացքում իսրայելական բանակի ստորաբաժանումները լոկալ գործողություն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Կործանիչների և անօդաչուների օժանդակությամբ ցամաքային ու ինժեներական ստորաբաժանումները գործողություն են իրականացրել ահաբեկիչների օբյեկտների դեմ։ Գործողությունից հետո նրանք դուրս են եկել Գազայի հատվածից։

Իսրայելական բանակի տարածած տեսանյութերից մեկով զինվորականները Գազայի հատվածում թունել են հայտնաբերում, այնուհետև՝ պայթեցնում այն։ «Համաս»-ը Գազայի հատվածում սարդոստայնի պես իրար միացած տասնյակ կիլոմետրերով թունելներ է կառուցել, որտեղ տեղակայված են հրամանատարական կետեր, զինապահեստներ, կապի միջոցներ։

Ազատ արձակված պատանդներից 85-ամյա Յոչև Լիֆշիցը պատմել է, որ իրեն խոնավ թունելներով մի սենյակ են տարել, որտեղ 25 պատանդ կար։

Երկրաբան Ջոել Ռոսկին «Ռոյթերս»-ին ասել է, որ Գազայի հատվածի նստվածքային շերտերում թունելները կառուցված են կավով, ավազով ու աղով, որոնք անգամ նոր տեխնոլոգիաներով հնարավոր չէ հայտնաբերել։

Այսօր Գազայի հատվածից «Համաս»-ը մի քանի հրթիռ է արձակել Թել Ավիվի ու Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ։ Իսրայելի բժշկական հաստատությունները ասել են, որ Թել Ավիվում երեք մարդ է վիրավորվել, այսօր կեսօրից հետո հրթիռը հարվածել է բնակելի շենքի։

Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը շարունակում է ավիահարվածներն ու հրետակոծությունները, որոնց հետևանքով Գազայի հատվածում հաղորդվում է ավելի քան 7 հազար զոհի մասին, բայց անկախ աղբյուրներից տվյալների արժանահավատությունը հնարավոր չէ ճշտել։ Իսկ իսրայելական կողմը հաղորդել է 1400 զոհի մասին։

Իսրայելի ՊՆ մամուլի խոսնակ. հարձակումները ավելի կուժեղանան՝ կենտրոնանալով «Համաս»-ի ղեկավարներին չեզոքացնելու վրա

Իսրայելի բանակի մամուլի խոսնակն այսօր ասել է, որ հարձակումները ավելի կուժեղանան՝ կենտրոնանալով «Համաս»-ի ղեկավարներին ու հոկտեմբերի 7-ի հարձակման կազմակերպիչներին չեզոքացնելու վրա։

Այսօր առավոտյան իսրայելական բանակի զրահամեքենաների շարասյուն է նկատվել Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածին սահմանամերձ ճանապարհին։

Իսրայելը հայտարարել էր, որ պատրաստվում է ցամաքային գործողության, բայց ԱՄՆ-ն ու արաբական երկրները կոչ են արել հետաձգել այն, քանի որ դա կբազմապատկի խիտ բնակեցված գոտում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը և կարող է ավելի լայն հակամարտություն հրահրել։

Մինչ այսօր տեղի ունեցած միջնորդական ջանքերի միակ կոնկրետ արդյունքը մի քանի պատանդի ազատ արձակելն է ու Գազայի հատված հումանիտար օգնության մուտքի թույլտվությունը։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Եգիպտոսի սահմանային Ռաֆահ անցակետով 10 բեռնատար, ինչպես նաև մի խումբ բուժաշխատողներ են մտել Գազայի հատված։

Անցակետի պաշտոնյան «Ռոյթերս»-ին ասել է, որ վերջին օրերին Գազայի հատված մտած բեռնատարների ընդհանուր թիվը հասավ 84-ի։ Նրանք պարենամթերք, ջուր, դեղորայք են տանում Գազայի հատվածի երկու միլիոնից ավելի բնակիչների համար։

XS
SM
MD
LG