Մատչելիության հղումներ

Մակրոնը սատարող այցով ժամանել է Իսրայել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Երուսաղեմ, 24-ը հոկտեմբերի, 2023թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Երուսաղեմ, 24-ը հոկտեմբերի, 2023թ.

Իսրայելի և «Համաս»-ի բախումների 18-րդ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր աջակցությունը հայտնելու առաքելությամբ ժամանել է Թել Ավիվ: Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան երբեք չի թողնի Իսրայելը մեկուսացված մահմեդական զինյալների դեմ պայքարում, բայց և ահազանգել առճակատումը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վերաճելու վտանգի մասին:

Թել Ավիվի օդանավակայանում Մակրոնը կարեկցանքի խոսքով է դիմել զոհված և պատանդառված ֆրանսիացիների հարազատներին:

Բախումներում սպանվել է Իսրայելում բնակվող Ֆրանսիայի 30 քաղաքացի, ևս 7-ը համարվում է անհետ կորած:

Մակրոնը դժվարին խնդիր է լուծում՝ գերլարված վիճակում, երբ Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության, նա փորձում է կողմերին համոզել մարդասիրական հրադադար հաստատել:

Թել Ավիվից նա մեկնել է Երուսաղեմ, հանդիպել է նախագահ Իցհակ Հերցոգին, ընդդիմության լիդերներին և վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

Մակրոնը, չմանրամասնելով, ասել է, որ անհրաժեշտ է ընդարձակել Իրաքում և Սիրիայում գործող՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ ստեղծված միջզգային դաշինքը, որը համատեղ ջանքերով կպայքարի նաև պաղեստինյան զինյալ խմբերի՝ «Համաս»-ի և «Հեզբոլա»-ի դեմ:

«Ձեր պայքարն արդար է: «Համաս»-ն ահաբեկչական խումբ է, որի նպատակն է ոչնչացնել հրեական պետությունը: Նույնը «Իսլամական պետության», «Ալ-Ղաիդա»-ի և նմանօրինակ ծրագրերով առաջնորդվող մյուս խմբերի նպատակն է: Ձեր առաջնահերթությունը, որը բոլոր դեմոկրատական երկրների, այդ թվում Ֆրանսիայի առաջնորդությունն է՝ ձեզ հետ միասին պարտության մատնել այս ահաբեչկական խմբերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ «Համաս»-ի դեմ պետք է կռվել «առանց ողորմության, բայց ոչ առանց կանոնների»:

Նեթանյահուն վստահեցրել է, որ պատերազմում պետք է խնայել խաղաղ բնակիչների կյանքը:

«Համաս»-ն է պատասխանատվություն կրում քաղաքացիական բնակչության կորուստների համար, մենք մեր կողմից ամեն բան կանենք՝ չվնասելու խաղաղ մարդկանց, մենք պետք է արագ կռվենք, հնարավորինս արագ, բայց սա կարող է երկարատև պատերազմ լինել», - ասել է Իսրայելի վարչապետը:

Նրա խոսքով՝ երբ պատերազմն ավարտվի, Իսրայելը կվերակառուցի տուժած համայնքները, իսկ Գազայի բնակիչներն այլևս չեն ապրի «Համաս»-ի բռնակալության ներքո:

Իսրայելի բանակը հայտարարել է, որ պատրաստ է սկսել ցամաքային գործողությունը:

«Մեր մարտիկները, Իսրայելի Պաշտպանության բանակը պատրաստ է, շարունակում է վարժանքները, առջևում կռիվների երկար շաբաթներ են, մենք գործելու ենք առավել նպատակահարմար ժամանակացույցով և համաձայն քաղաքական հրահանգների», - ասել է բանակի խոսնակ, փոխծովակալ Դանիել Հագարին:

Այս պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին: Ըստ մոտավոր հաշվարկների՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ սպանվել է ավելի քան 5 հազար պաղեստինցի և ավելի քան 1400 իսրայելցի, կան հազարավոր վիրավորներ և հարյուրավոր պատանդներ ու գերիներ:

Ըստ պաղեստինցիների առողջապահական ծառայության՝ այս կոնֆլիկտի ընթացքում սպանվել է առնվազն 2 հազար 55 երեխա:

Մակրոնը Իսրայելին հորդորել է «Համասի» դեմ կռվել «առանց ողորմության, բայց ոչ առանց կանոնների»
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00

XS
SM
MD
LG