Մատչելիության հղումներ

Միրզոյան. ՀՀ տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչումը հնարավոր կդարձնի խաղաղության պայմանագրի կնքումը


Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ու խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա՝ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա։ Այս մասին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը Երևանում հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պատահական չէ, նշեց Միրզոյանը, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին Գրանդայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ, որին Հայաստանն ակնկալում է նաև միջազգային մյուս գործընկերների գործնական աջակցությունը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից:

Փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար նախարարը կարևորեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը, նաև ԼՂ-ում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը:

Բուդապեշտը ցանկանում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս արագ ստորագրեն խաղաղության համաձայնագիր

Հունգարիան կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս արագ կարգավորմանը, իր հերթին, հայտարարեց Հունգարիայի ԱԳ նախարարը:

«Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Եվրոպայի համար՝ մի կողմից դուք Եվրոպայի հարևաններն եք, մյուս կողմից՝ դուք կարող եք մեզ օգնել շատ կարևոր եվրոպական խնդիր լուծելու հարցում՝ չէ որ Եվրոպան բավական երկար ժամանակ արդեն բախվում է էներգակիրների ճգնաժամին, մենք նոր էներգիայի աղբյուրների կարիք ունենք, մինչդեռ Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղից իրապես հնարավոր է էներգիայի նորանոր աղբյուրներ ստանալ», - ասաց Սիյարտոն:

«Դրա համար մենք՝ հունգարացիներս, ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը հաջորդ տասնամյակներում կերաշխավորի տարածաշրջանի համար խաղաղություն ու տնտեսական զարգացում», - ընդգծեց Հունգարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG