Ղրղըզստանի խորհրդարանը ձայների 52 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը 10 տարվա ազատազրկում է ենթադրում արտասահմանյան ազդեցության տակ գտնվող հասարակական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար։
Օրենքի ընդունման դեմ ելույթ է ունեցել ընդդիմադիր պատգամավոր Գուլյա Կոժոկուլովան, նշելով, որ առանց այդ օրենքի Ղրղըզստանի հասարակական կազմակերպությունները բոլոր հաշվետվություններն արդեն իսկ ներկայացնում են պետական մարմիններին։ Նա ընդգծել է, որ օրենքի նախագիծը համապատասխան փորձագիտական քննության չի ենթարկվել, ու գործընկերներին կոչ է արել դեմ քվեարկել։
Սակայն խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ պաշտպանում է օրինագիծը, և առաջարկել է այն ընդունել առանց քննարկումների։ Նախագիծը դրվել է քվեարկության ու ընդունվել առաջին ընթերցմամբ։
Ղրղըզական այդ օրենքն «օտարերկրյա գործակալին» որոշում է նույն չափանիշներով, ինչ Ռուսաստանում գործող նմանատիպ օրենքը։