Մատչելիության հղումներ

Հայաստանն աստիճանաբար ավելի բաց է դառնում Եվրամիության համար. Ռոբերտ Փարսոնս


France24-ի ավագ խմբագիր և թղթակից Ռոբերտ Փարսոնսը ապշեցուցիչ է համարում Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետի ելույթից հետո Մոսկվայից հնչած հայտարարությունները։

«Փաշինյանի ասածների մեջ չկա որևէ բան, որը ճիշտ չէ։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն հիմնված է ճշմարտության վրա։ Ռուսաստանը Հայաստանին օգնության չեկավ», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի» հետ հաղորդմանն ասաց Ռոբերտ Փարսոնսը։

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

«Ազատություն». - Ողջ աշխարհը ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայության զանգվածային գաղթին, Էքսոդուսին։ Ավելի քան 9 ամիս Ղարաբաղը բլոկադայի ենթարկելուց հետո Ադրբեջանի նախագահը հարձակվեց Ղարաբաղի վրա՝ պատճառելով հարյուրավոր զոհեր, ստիպելով Ղարաբաղի ողջ բնակչությանը իրենց պապենական տներից։ Աշխարհը դապատարտեց, բայց չկարողացավ կանգնեցնել Ալիևին, բազմաթիվ հայտարարություններ հնչեցին Բաքվին քննադատող, նույնիսկ նախազգուշացումներ արևմտյան մայրաքաղաքներից, Վաշինգտոնից, բայց նա արհամարեց բոլորին։ Կարծո՞ւմ եք՝ պատճառը Ռուսաստանն էր, որը աջակցում էր Ադրբեջանին, և բացի այդ, այսպես կոչված, ռուս խաղաղապահները օգնեցի՞ն Ալիևին փաստորեն դատարկել Ղարաբաղը։ Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:

Ռոբերտ Փարսոնս. - Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր մասնակցությունն է ունեցել դրանում, բայց ես վստահ չեմ, որ Ռուսաստանը ակտիվորեն օգնում է, թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն այս պահին այնքան էլ ի վիճակի չէ օգնել: Ռուսաստանն այնքան է խրված Ուկրաինայի պատերազմում և այնքան թուլացած է ուկրաինական պատերազմից, որ ես չեմ կարծում, որ նա իրականում կարող է թելադրել Ալիևին կամ որևէ մեկին, թե ինչպիսի քաղաքականություն նա պետք է վարի Հարավային Կովկասում: Նրանք կարող են ազդել ինչ-որ բաների վրա, քանի որ, ինչպես Դուք նշեցիք, նրանք ունեին 2000 խաղաղապահներ տեղում, և նրանք կարող էին ինչ-որ բան անել: Բայց իմ պատկերացմամբ՝ ռուսները հաշվարկել են, որ եթե ներքաշվեին, ապա ադրբեջանցիները հեշտությամբ կարող էին անտեսել ռուս խաղաղապահներին, հեշտությամբ կարող էին անտեսել Մոսկվայի փորձերը՝ ստիպելու նրանց գնալ որոշակի ճանապարհով:

Այնպես որ, չեմ կարծում, որ դա առաջին հերթին դավադրություն էր Մոսկվայի ու Բաքվի կամ Անկարայի միջև։ Բայց, Մոսկվան իրեն շատ ավելի թույլ վիճակում էր զգում, քան իրականում երբևէ զգացել Խորհրդային Միության փլուզումից հետո: Եվ ոչ միայն Մոսկվան է ավելի թուլացել, այլև Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան շատ ավելի ուժեղ են դարձել։ Թուրքիա-Ադրբեջան առանցքը այժմ շատ ավելի ուժեղ է, քան երեք տասնամյակ առաջ, երբ հայկական ուժերը կարողացան վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի վրա։ Հանգամանքները լրիվ փոխվել են։

Ռուսաստանն այսօր շատ ավելի թույլ դերակատար է, քան այն ժամանակ։ Օրինակ, հենց այն փաստը, որ Լաչինի միջանցքի շրջափակման այդ ինը ամիսների ընթացքում ադրբեջանական զորքերը լիովին անտեսել են ռուս խաղաղապահներին, և հենց այն փաստը, որ Ղարաբաղի վրա վերջին հարձակման ժամանակ սպանվել են ռուս խաղաղապահներ, շատ բան է ասում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում այդ տարածքում այս պահին կարողության մասին: Հիշո՞ւմ եք, որ 2008 թվականին Ռուսաստանը Հարավային Օսիայում խաղաղապահների մահը որպես պատրվակ օգտագործեց Վրաստանի դեմ պատերազմ սկսելու համար: Որքա՜ն են փոխվել ժամանակները դրանից հետո անցած 15 տարվա ընթացքում։

«Ազատություն». - Հիմա մենք տեսանք աննախադեպ մի բան Հայաստանի պատմության մեջ, երբ երկրի ղեկավարը հրավեր է ստանում ելույթ ունենալ Եվրոպական խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում և խստորեն քննադատեց Ռուսաստանին։ Փաշինյանի մեկնաբանությունները դատապարտել են Ռուսաստանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը և Փաշինյանի քայլերն այս իրավիճակում։

Ռոբերտ Փարսոնս. - Անկեղծ ասած, ես ապշեցուցիչ եմ համարում Մոսկվայից հնչած հայտարարությունները, քանի որ Փաշինյանի ասածների մեջ չկա որևէ բան, որը ճիշտ չէ։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն հիմնված է ճշմարտության վրա։ Ռուսաստանը Հայաստանին օգնության չեկավ։ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, դա պաշտպանական կազմակերպություն է, որը ներառում է նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ։ Հայաստանն այս կազմակերպության անդամ է։ Ըստ պայմանագրի՝ Ռուսաստանը Հայաստանի պաշտպանությանը պետք է գար դեռ 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Այն նորից պետք է օգնության հասներ Հայաստանի պաշտպանությանը, երբ սկսվեց Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այն պետք է կրկին օգներ Հայաստանին հիմա, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Լեռնային Ղարաբաղում հայերի վրա։ Բայց դա չեղավ։ Եվ ինչպես Փաշինյանն ասաց, այն միանգամայն հստակ խրախուսում էր Հայաստանում իշխանության տապալումը։

Ես չեմ տեսնում, թե ինչ հիմքով Ռուսաստանը կարող է իսկապես դժգոհել Փաշինյանի ասածներից։ Փաշինյանն ընդամենը տրամաբանական եզրակացություն է անում վերջին մի քանի ամիսների կամ վերջին երեք տարիների տեղի ունեցածի վերաբերյալ, և այդ եզրակացությունը նրան ստիպում է սկսել նոր ուղղությամբ շարժվել։ Վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ Հայաստանն աստիճանաբար ավելի բաց է դառնում Եվրամիության համար։ Հայաստանում նաև ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվել։ Եվ այն միտքը, որ Փաշինյանը պետք է ասի եվրոպական հարթակում ակնհայտորեն դրա շարունակությունն է։

«Ազատություն». - Ի՞նչ կասեք նրա գոյատևման շանսերի մասին: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի հանձնվում։ Նրանք իսկապես ինչ-որ բան են կազմակերպում ամեն անգամ, երբ իրավիճակի որոշակի սրացում է լինում սահմաններին կամ Լեռնային Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ ներքին ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ պահանջելով նրա հրաժարականը։ Եվ իսկապես հետաքրքրաշարժ է այս ամենը տեսնելը, քանի որ Ռուսաստանի փորձերն ակնհայտ են, տեսանելի են։

Ռոբերտ Փարսոնս. - Մի քանի բան կա ասելու։ Նախ, հասկանալի է, որ Հայաստանի ներսում Փաշինյանի իշխանությանը ընդդիմություն կա։ Շատ մարդիկ կան, ովքեր դժգոհ են նրա գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը։ Այնպես որ, կարծում եմ՝ սխալ կլինի Ռուսաստանին տեսնել Հայաստանի ընդդիմության յուրաքանչյուր գործողության հետևում։ Բայց մյուս կողմից՝ կասկած չկա, որ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Հայաստանի այս իշխանությունը։ Պուտինն ու Փաշինյանը իրար նկատմամբ շատ քիչ համակրանք ունեն։ Որևէ համակրանք չի եղել Փաշինյանի իշխանության գալուց ի վեր։

Պուտինը Փաշինյանին ավելի շատ համարում է «գունավոր հեղափոխության» հերթական արդյունք, ինչից նա մի տեսակ զզվում է։ Այնպես որ, նա երբեք ի սկզբանե մեծ համակրանք չի ունեցել Փաշինյանի նկատմամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ստիպեց նրան էլ ավելի հեռանալ Հայաստանից: Եվ, իհարկե, չեմ կարծում, որ կասկած կա, որ նա շատ ուրախ կլիներ, եթե Փաշինյանին տապալեին, ու նրա փոխարեն հայտնվեր մի մարդ, որը շատ ավելի համակրելի է Ռուսաստանի համար։ Բայց Ռուսաստանի խնդիրն այս պահին Հարավային Կովկասում այն է, որ նա իսկապես հզոր աջակցություն չունի։

Ադրբեջանը թեև գործարքների մեջ է մտնում Ռուսաստանի հետ և ուրախությամբ է դա անում, բայց ի դեմս Թուրքիայի՝ ունի շատ ուժեղ դաշնակից: Այն ցանկություն չունի ռուսական ուղեծիր մտնելու։ Հայաստանը մեծապես ռուսական ուղեծրում էր, բայց այժմ սկսում է հեռանալ: Վրաստանը հստակ դիրքորոշում չի արտահայտում, սակայն չնայած վերջին մի քանի տարիներին տեղի ունեցածին, նրա հակվածությունը դեռևս Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսը, կողմ է ԵՄ անդամակցությանը։

Այնպես որ, Ռուսաստանի մտավախությունն այն է, որ իրեն դուրս են մղում Հարավային Կովկասից։ Եվ նա կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի փորձի այնտեղ մնալ: Բավական ծիծաղելի է, սակայն, սպառնալիքներ կամ քողարկված սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, որ նա հերթական Ուկրաինա կդառնա:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG