Մատչելիության հղումներ

Վաղը Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում. ԶԼՄ-ներ


Վաղը Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ բացի տարածաշրջանային խնդիրներից, հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։

Պաշտոնական Երևանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, թե արդյոք մասնակցելու է հանդիպմանը։

Ավելի վաղ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Երևանը որոշում չունի մասնակցության վերաբերյալ։

Իրանական աղբյուրները ևս հաստատում են կայանալիք հանդիպումը, սակայն մասնակիցների ցանկում չեն նշում Վրաստանը։

Տարածաշրջանային այս ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկել տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։

Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Այս ձևաչափով մեկ հանդիպում է կայացել, կրկին առանց վրացական կողմի. Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել էին տարածաշրջանային հարցեր։

XS
SM
MD
LG