Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի որոշել՝ կմասնակցի Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպմանը, թե ոչ


Իրանական կողմը Հայաստանի արտգործնախարարին հրավիրում է Թեհրան «3+3» տարածաշրջանային ձևաչափով քննարկումների։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի խոսքով, սակայն, Երևանը դեռ չի որոշել՝ կմասնակցի, թե ոչ այդ հանդիպմանը։

«Հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Թեհրանում, և մենք իրանական կողմից ստացել ենք հանդիպման հրավեր, և այս պահին իրանական կողմի մեր գործընկերների հետ քննարկումններ են տեղի ունենում։ Երբ որ վերջնական որոշում կլինի, դրա մասին հանրային կերպով կհայտարարվի», - ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Երևանը պատրաստ է Թեհրանում նախատեսվող «3+3» ձևաչափով քննարկումներին, շեշտելով՝ դա դեռ պետք է լրացուցիչ քննարկվի:

«3+3» ձևաչափին այսօր հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Ըստ Մոսկվայի՝ կողմերը համեմատել են դիրքորոշումները հարթակի գործունեության առնչությամբ, պայմանավորվել շարունակել շփումները։

Տարածաշրջանային այս ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր հենց պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, մասնավորապես, նախագահ Էրդողանն էր առաջարկել տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։

Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Այս ձևաչափով մեկ հանդիպում է կայացել, այն էլ առանց վրացական կողմի. Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել էին տարածաշրջանային հարցեր։

Ադրբեջանի նախագահը վերջերս Թբիլիսիում Գրանադայի հնգակողմ հանդիպումից հրաժարվելուց հետո հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցել Հայաստանի հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է պետք։

Փոխարտգործնախարարն անդրադարձավ նաև այս հարցին։ Ըստ Կոստանյանի՝ Թբիլիսիում ադրբեջանական կողմի հետ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն չկա։

«Ըստ էության, ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում՝ արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել», - ասաց նա։

Վահան Կոստանյանը հաստատեց՝ վերջերս Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների՝ Բաքվի արձագանքը. - «Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, նույն ուղենիշներն են, որոնք Գրանադայի հայտարարության մեջ ամրագրված են»։

Պաշտոնյան, սակայն, հրաժարվեց բացել փակագծերը, թե մասնավորապես Բաքուն ինչ առաջարկներ է արել։ Գրանադայում քառակողմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ընդունված հայտարարությամբ, մասնավորապես, եվրոպացի առաջնորդները ընդգծել էին իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG