Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում ասել է, թե Բրյուսելը սկսել է եվրաինտեգրման բազմափուլ նոր մոդելի գործնական փորձարկումը՝ հիմնված «Եվրոպայի տարբեր արագություններ» գաղափարի վրա։
Նրա խոսքով՝ դա ենթադրում է այն երկրների աստիճանական ներքաշում դեպի եվրոպական համայնք, որոնց դեռ պատրաստ չեն ընդունել Եվրամիության կազմում։ Ըստ Լոգվինովի մեկնաբանության՝ այդ համակարգի արտաքին շրջանակը պետք է լինի 2022 թվականին ստեղծված Եվրոպական քաղաքական համայնքը, որը, նրա ներկայացմամբ, «կոչված է եվրոպական երկրները ամբողջությամբ կտրել Ռուսաստանից ու Բելառուսից և ապահովել նրանց ինքնիշխան լիազորությունների մի մասի փոխանցումը Բրյուսելին»։