Մատչելիության հղումներ

ATACMS հրթիռների մատակարարումները Ուկրաինային վնասակար են, սակայն ՌԴ-ը կկարողանա հետ մղել նման հարձակումները. Պուտին


ԱՄՆ-ի ATACMS հեռահար հրթիռների մատակարարումները Ուկրաինային վնասակար են և լրացուցիչ վտանգ են ստեղծում, սակայն Ռուսաստանը կկարողանա հետ մղել նման հարձակումները, Պեկինում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ պատերազմը պատերազմ է, և նման հրթիռների մատակարարումը վտանգ է ներկայացնում։

«Բայց ամենակարևորն այն է, որ այն ամենևին ի վիճակի չէ արմատապես փոխել իրավիճակը շփման գծում, դա անհնար է: Մենք դա կարող ենք վստահաբար ասել», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Միացյալ Նահանգները հրաժարվում էր ավելի քան մեկ տարի մատակարարել այդ հրթիռները։ Պուտինը բավական զուսպ է արտահայտվել Ուկրաինայի զինված ուժերի ստացած նոր զինատեսակների մասին, վստահաբար ասելով, թե այդ հրթիռները իրավիճակը ռազմի դաշտում չեն փոխելու և ընդամենը երկարաձգելու են Ուկրաինայի հոգեվարքը:

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր հերթական զեկույցում գրում է, որ ուկրաինական բանակում մինչև 165 կիլոմետր հեռահարությամբ ամերիկյան մարտավարական այս հրթիռների հայտնվելը կարող է ստիպել ռուսական հրամանատարությանը հետ քաշել առաջնագծի ավիացիան, և դա կարող է ազդել ռուսական ավիացիայի գործողությունների արդյունավետության վրա: Ամերիկացի ռազմական վերլուծաբանները հիշեցնում են, թե ռուսական ուղղաթիռները արդյունավետ խոցում էին ուկրաինական զրահամեքենաները, և սա կարևոր դեր է խաղացել այս ամառ հարավային ճակատում ուկրաինական հարձակումը զսպելու գործում:

Մի քանի ամսից կլրանա Ուկրաինա ներխուժելու երկու տարին․ իրավիճակը ռազմի դաշտում էապես չի փոխվել վերջին կես տարվա ընթացքում, թեև վերջին շաբաթներին ռուսներն ավելի ակտիվ էին, քան նախկինում և փորձում էին առաջ գնալ արևելյան ճակատում՝ Ավդեևկայի մոտ։

Հրապարակավ բանակցություններ Կիևն ու Մոսկվան չեն վարում, Ռուսաստանի նախագահն այսօր ասել է, թե տեսնում է որոշ ազդանշաններ, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են համաձայնվել Ռուսաստանի հետ բանակցություններին, սակայն դա, ըստ նրա, բավարար չէ, և առաջին հերթի պետք է հանվի Կրմելի հետ բանակցությունների արգելքը։

«Եթե ուկրաինական կողմն իսկապես ցանկանում է բանակցային գործընթաց, ապա դա պետք չէ անել ինչ-որ թատերական ժեստերով։ Առաջինն ինչ պետք է անել՝ չեղարկել բանակցություններն արգելող Ուկրաինայի նախագահի հրամանագիրը», - նշել է Վլադիմիր Պուտինը։

Ի՞նչ ազդանշանների մասին է խոսքը, Կրեմլի ղեկավարը չի մանրամասնել։

XS
SM
MD
LG