Բրյուսելի կենտրոնում երեկ երեկոյան անհայտ անձը հրազենով երկու շվեդների է սպանել, ինչից հետո ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Բելգիա-Շվեդիա հանդիպումը դադարեցվել է առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվը 1:1 էր:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բելգիական իշխանությունները շուրջ 35 հազար ֆուտբոլասերներին մի քանի ժամ թույլ չեն տվել դուրս գալ մարզադաշտից՝ անվտանգության նկատառումներով:
Բելգիացի իրավապահները հայտնել են, որ քննությունը կենտրոնացել է կատարվածի «հնարավոր ահաբեկչական շարժառիթների վրա», երբ սոցիալական ցանցերում պատասխանատվությունը ստանձնելու մասին հաղորդագրություն է տարածվել:
«Այդ անձը պնդում է, որ իրեն ոգեշնչել է «Իսլամական պետություն»-ը: Զոհերի ազգությամբ շվեդ լինելն է առաջ քաշվել որպես հնարավոր շարժառիթ», - ասել է Բելգիայի դաշնային դատախազության խոսնակը:
Օգոստոսին Շվեդիայում ահաբեկչության տագնապը բարձրացվել է երկրորդ աստիճանի, երբ երկրում բնակվող իրաքցու կողմից Ղուրանի հրապարակային հրկիզման կապակցությամբ իսլամիստական զինյալ խմբավորումներից սպառնալիքներ են հնչել: