Մատչելիության հղումներ

Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին Բրյուսելում հանդիպման է հրավիրում


«Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը, և այդ պատճառով ես երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, կհրավիրեմ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսել՝ հանդիպման», - երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա երեք կարևոր սկզբունքներ է առանձնացրել՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ինքնիշխանության և ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների սահմանազատում՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի վրա և հաղորդակցության ուղիների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքների վրա:

«Լիագումար նիստերից, կլոր սեղաններից, որոնք թույլ են տալիս մտքերի անկեղծ և ուղղակի փոխանակում հիմնարար մարտահրավերների վերաբերյալ, կա նաև բազմաթիվ ոչ պաշտոնական երկկողմանի հնարավորություններ, զրույցներ ղեկավարների մակարդակով։ Սա այն է, ինչ մենք արեցինք այստեղ, և սա օգտակար է, քանի որ օգտակար է հաջորդ քայլերը նախապատրաստելու համար: Իսկ հաջորդ քայլը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի համար այն հանդիպումը, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի վերջին», - եզրափակել է Միշելը։

Գրանադայի հնգակողմ հանդիպումը չեղարկելուց ժամեր անց Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց՝ եռակողմ՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։

«Ազատության» դիվանագիտական աղբյուրը փոխանցել է՝ հնարավոր է՝ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում տեղի ունենա արդեն հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG