Մատչելիության հղումներ

Եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ադրբեջանական ներխուժումը շաբաթների հարց է. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար


Դեսպան Տիգրան Բալայան, արխիվ
Դեսպան Տիգրան Բալայան, արխիվ

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը զգուշացրել է՝ «եթե Արևմուտքը կոշտ քայլեր չձեռնարկի, ապա Ադրբեջանի ներխուժումը Հայաստան շաբաթների հարց է»։ Այս մասին դեսպանն ասել է օրերս Brussels Signal պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք այժմ Հայաստանի վրա հարձակման անմիջական սպառնալիքի տակ ենք, որովհետև եթե հավաքական Արևմուտքը կոնկրետ քայլերով չարձագանքի Ալիևին, ապա նա պատճառ չունի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով», - հայտարարել է Բալայանը։ «Դուք ասում եք, որ մտավախություն ունենք անմիջական ներխուժման։ Որքա՞ն անմիջական», - այս հարցին դեսպանն արձագանքել է. - «Եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ապա դա շաբաթների հարց է»։

Ի՞նչ տվյալների հիման վրա է Բելգիայում Հայաստանի դեսպանը զգուշացրել շաբաթների ընթացքում ադրբեջանական հարձակման անմիջական վտանգի մասին. Հայաստանի արտգործնախարարությունից դեռևս չի հաջողվել ստանալ այս հարցի պատասխանը։

Արդյո՞ք Հայաստանի ռազմական գերատեսչությունն ունի օպերատիվ տվյալներ, որ Ադրբեջանը ծրագրում է շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան։

Պաշտպանության նախարարի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին հայ - ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է։

«Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ, ինչպես նաև առաջնագծում իրադրության վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկում է։ Իսկ այս պահին կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծոււմ հարաբերականորեն կայուն է», - ասաց Արամ Թորոսյանը։

Վերջին անգամ իրադրությունը հայ-ադբեջանական սահմանին կտրուկ լարվել էր սեպտեմբերի 1-ին՝ Գեղարքունիքի հատվածում։ Հայկական կողմը երկու զոհ ունեցավ։ Մեկ ամիս անց էլ՝ հոկտեմբերի 2-ին դիրքեր սնունդ մատակարարող անձնակազմի ուղղությամբ արձակված ադրբեջանական կրակոցների հետևանքով մեկ հայ զինծառայող զոհվեց։

Ի՞նչ կարող է անել Արևմուտքը, որպեսզի թույլ չտա, որ Ադրբեջանը ներխուժի Հայաստան. բելգիական պարբերականի լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, նաև՝ անհատական։

«Հավաքական Արևմուտքը կարող է վերջնաժամկետ դնել Ալիևի առջև, որ եթե նա չհանի իր զորքերը Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքից, որն օկուպացրել է 2021-ից մինչև 2022 թվականները, ապա Եվրամիությունը կսառեցնի վիզաների ազատականացման համաձայնագիրն Ադրբեջանի հետ, ինչը կարգելի ադրբեջանցի դիվանագետներին ազատորեն ճամփորդել Եվրամիության երկրներ», - հայտարարել է Բալայանը։

Չնայած վճարված հարյուր միլիոնավոր դոլարներին՝ Հայաստանը Ռուսաստանից զենք չի ստանում

Բելգիայում Հայաստանի դեսպանը նշել է, որ ագրեսիան կանխելու գլխավոր գործիքը հավասարակշռությունն է։ Այժմ, ըստ Տիգրան Բալայանի, տարածաշրջանում չկա ռազմական հավասակշռություն։ Ադրբեջանն ունի շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք՝ համապատասխան ՆԱՏՕ-ի չափանիշներին, որը ստացել է Թուրքիայի միջոցով՝ խախտելով բոլոր հնարավոր էմբարգոները։ Մինչդեռ Հայաստանը չի ստանում զինամթերք իր ավանդական մատակարարներից, չնայած հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարվել դրանց համար, խոսքը Ռուսաստանի մասին է, հստակեցրել է դեսպանը։

«Ռուսաստան վաճառում էր Հայաստանին զինամթերք, բայց արդեն մի քանի տարի է դադարել է դա անել», - ընդգծել է դիվանագետը։

2022-ի սեպտեմբերին Հայաստանի թանկարժեք օդային պաշտպանական համակարգի մեծ մասը ոչնչացվեց

Բելգիացի լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք ճիշտ է, որ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի օդային տարածքը, Տիգրան Բալայանը պատասխանել է՝ ոչ։ Գործում է միացյալ պաշտպանական համակարգ, պարզապես, ըստ դեսպանի, 2022-ի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, այդ պաշտպանական համակարգը չգործեց. - «Եվ թանկարժեք օդային պաշտպանական համակարգի մեծ մասը ոչնչացվեց։ Սա է իրականությունը»։

«Այն զգացողությունը, որ Ռուսաստանի անգործության պատճառով մենք հայրենիք ենք կորցնում, մեզ ցավ է պատճառում», - ընդգծել է դեսպանը, լրագրողի դիտարկմանն էլ՝ «հայերը զգում են, որ ռուսներն իրենց մենակ են թողել», արձագանքել է. - « Այո, ձեր բառերը կարող են բնութագրել այն զգացողությունը, որն առկա է հայ հասարակության շրջանում»։

Դիվանագետն անդրադարձել է նաև Ֆրանսիայի հետ կնքվելիք ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրին՝ շեշտելով, որ Փարիզի կողմից զենքի հնարավոր մատակարարումը Երևանին ամիսներ ու գուցե տարիներ տևի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG