Մատչելիության հղումներ

Արցախի վանական համալիրներից ոչինչ դուրս բերել հնարավոր չի եղել


Արցախ, Ամարաս, արխիվ
Արցախ, Ամարաս, արխիվ

Լուսավորչի հիմնած 4-րդ դարի վանական համալիրը, որտեղ մաշտոցյան առաջին դպրոցն է, որտեղ սուրբ Գրիգորիսի դամբարանն է, ընկավ հենց սեպտեմբերի 19-ին։

Ամարասի վանքի պահակը Երևանի Փափազյան փողոցում է, իսկ Ամարասում ադրբեջանցի ոստիկանների ոտնաձայներն են։

Կառլեն Ավանեսյանը վանքում մեն-մենակ էր վերջին ամիսներին։ Վանահայրը բլոկադայի պատճառով Երևանում էր մնացել, ուխտավորներ չկային, բենզին չկար աղոթքի համար։ Միայն ինքն էր՝ պահակը։

«Հասցրել եմ եկեղեցու դուռը փակեմ, մեկ էլ դարպասը չեմ հասցրել, արդեն մոտիկ տեղից էին կրակոցները գալիս՝ ավտոմատի կրակոցները», - «Ազատությանը» պատմում է Ավանեսյանը։

Լուսավորչի հիմնած 4-րդ դարի վանական համալիրը, որտեղ մաշտոցյան առաջին դպրոցն է, որտեղ սուրբ Գրիգորիսի դամբարանն է, ընկավ հենց սեպտեմբերի 19-ին Կառլեն Ավանեսյանի աչքի առաջ, Ամարասը 44-օրյա պատերազմից հետո արդեն իսկ շփման գծում էր։

«Գիշերը եկել մոտեցել են, դիմացը մեր դիրքն էր, եկել են ըտեղեք մոտեցել, էտա, ըտեղից կեսօրվա մոտ սկսել են կրակոցները․․․»։

Պատմում է՝ մի հրացան ու երկու նռնակ է վերցրել ու դուրս եկել վանքից, տարածքում արդեն ուրիշ հագուստով զինվորականներ էին։ Սրբապատկերները հանելու ժամանակ չեղավ։

«Ես ամեն օր վեր եմ կենում, գիդեմ թե պտի էլի գնամ գործի, գնամ էնտեղ։ Բայց վեր եմ կենում տեսնում՝ չորս պատի արանքում, ոնց որ վանդակի մեջ ըլեմ․․․»։

Վանքին մոտ գյուղը Մաճկալաշենն է՝ գյուղից տեղահանվածները Գորիս էին հասնում իրենց համար գլխավոր բոթով․ - «Թուրքերն են Ամարասում, թուրքերն Ամարասում են»։

«Անշուշտ իրենք միանշանակ պիտի ոչնչացնեն սրանք, որովհետև հետք չպիտի անգամ մնա հայի»․ - Արցախի թեմի առաջնորդը գիտի, թե ինչ է լինելու արցախյան գանձերի հետ, արդեն կրկնվող պատմություն է՝ Ադրբեջանը կա՛մ ավերել է հայկական եկեղեցիներն ու խաչքարերը, կա՛մ սկսել է դրանց ձևափոխման գործը։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շեշտում է՝ հաճախ քրիստոնեական արժեքներով մտահոգվող եվրոպացիների աչքին թոզ են փչում՝ հայկական վանքերը ներկայացնելով որպես աղվանական։

«Մեր սրբերի գերեզմաններն էնտեղ՝ նույն Գրիգորիսի, նույն Վաչագան բարեպաշտ թագավորի, որի՞ն ձեռ տաք․․․»։

Թեմի առաջնորդն էլ Արցախի անկման օրերին Երևանում էր՝ ավելի վաղ վիրահատվելու էր եկել, մնացել։ Մարտական գործողություններից հետո նամակով դիմել է ռուս խաղաղապահների հրամանատարին, խնդրել, որ հայկական վանքերի անվտանգությունն ապահովեն․ - «Եվ ես ստացել եմ պատասխանը, որտեղ նշված է, որ ինքը դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, և նրանք հավաստիացրել են, որ ոստիկաններ կուղարկեն համապատասխան վանքերն ու եկեղեցիները պահպանելու և պաշտպանելու համար»։

Երեկ տելեգրամյան ալիքներում տարածվեց տեսանյութը, որում ադրբեջանցի ոստիկաններն են հայկական վանքերի տարածքում, նաև Ստեփանակերտի մայր եկեղեցու մոտ՝ հսկողի կեցվածքով են։

«Պատերին առկա է 84 պատմական արձանագրություն, չգիտենք դեռ՝ ինչպես կվարվեն ադրբեջանցիները այդ արձանագրությունների հետ, և այնտեղ կան բավական արժեքավոր խաչքարեր», - ասաց Գանձասարի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը։

Գանձասարի վանահայրն էլ վանքում չէր, Երևան միաբանական ժողովի էր եկել, ով է վերջին պահին փակել վանքի դուռը՝ պահակ կար և մի մշտական աղոթող, ասում է հայր Սահակը։ Լսել է՝ աղոթողն իր հետ փրկել է սուրբ սեղանի 200 տարեկան խաչը․ - «Դե ասում են, հիմա ճշտում ենք՝ արդյոք բերե՞լ են և հանձնե՞լ են։ Ով որ պիտի բերեր, չեն կարողանում կապի դուրս գալ մինչև հիմա, դրանով ես զբաղվում եմ, էլի, ճշտում եմ՝ ուր է այդ անձը»։

Արցախյան վանական համալիրներից ոչինչ դուրս բերել հնարավոր չի եղել, որևէ մասունք չի փրկվել։ Բաքվի պատմաբաններից Ռիզվան Հուսեյնովն արդեն ազդարարել է՝ Գանձասարն անշուշտ ալբանական համալիր է, հայերն են արձանագրությունները վերաշարադրել, խմբագրել, բայց, ասել է, իրենք նկարներ ունեն՝ ըստ այդմ էլ կփոխեն։

Քանի՞ վանական համալիր, եկեղեցի ու խաչքար մնաց։ Արցախի թեմի առաջնորդը միայն մի թիվ ունի՝ Արցախում ամեն 17 քառակուսի կիլոմետրի վրա մի եկեղեցի կա։ «Նման թիվ չկա ոչ մի տեղ», - ընդգծում է Վրթանես եպիսկոպոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG