Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մինչև տարեվերջ պետք է հաստատի 2024-ին Ուկրաինային 5 միլիարդ եվրո հատկացնելու ծրագիրը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Կիև, 1 հոկտեմբերի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Կիև, 1 հոկտեմբերի, 2023թ.

Եվրամիությունը ցանկանում է մինչև այս տարեվերջ հաստատել 2024 թվականին Ուկրաինային պաշտպանության համար 5 միլիարդ եվրո հատկացնելու ծրագիրը: Այդ մասին ԵՄ 27 երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքից հետո ասել է միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով, գումարը պետք է ուղղվի պաշտպանական արդյունաբերության զարգացման ծրագրին, ականազերծման աշխատանքներին և ապատեղեկատվության դեմ պայքարին:

«Ես առաջարկել եմ խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 5 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կազմել հաջորդ տարվա համար: Հուսով եմ, որ մենք համաձայնության կգանք մինչև տարեվերջ, երբ ԵՄ երկրները պետք է հաստատեն երկարաժամկետ բյուջեն»,- ասել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով, կառույցն ամրապնդում է համագործակցությունն Ուկրաինայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Նա ասել է, թե Կիևի հետ համագործակցությունը կընդարձակվի նաև կիբերոլորտում և հիբրիդային սպառնալիքների, մասնավորապես, ապատեղեկատվության դեմ պայքարում:

«Շատ կարևոր է նաև հզորացնել մեր աջակցությունն ականազերծման համար, սա վերականգնման հիմնական պայմանն է»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG