Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ղեկավարները դեռ հավատում էին, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ․ Թոմ դե Վալ


«Ալիևը կարողացավ ըստ էության գրավել Ղարաբաղը»

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը մեծ ողբերգություն է որակում։ Առաջին պատասխանատուն, ըստ դե Վաալի Ադրբեջանի, նախագահ Իլհամ Ալիևն է, իսկ նրան կանաչ լույս տվել է Ռուսաստանը։ Ղարաբաղի ղեկավարությունը դեռ հավատում էր, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ, «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։

Թոմ դե Վաալի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հրայր Թամրազյան․- Որպես Լեռնային Ղարաբաղի աշխարհի ամենահայտնի հետազոտող, փորձագետ և պատմաբան, ի՞նչ ունեք ասելու նրա կործանման վերջին օրերի մասին: Ձեզ համար անակնկա՞լ էր ադրբեջանական զանգվածային հարձակումը։ Չէ՞ որ արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից արվել են այդքան նախազգուշացումներ և հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարին։ Բայց նա անտեսեց բոլորին։

Թոմ դե Վաալ․ - Սա մեծ ողբերգություն է։ Սա ըստ էության Լեռնային Ղարաբաղի վերջն է։ Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատմությունը սկիզբ է առնում 1923 թվականին, երբ այն առաջին անգամ հիմնադրվեց Խորհրդային Միությունում, բայց, իհարկե, հայկական Ղարաբաղի պատմությունը սկսվում է դրանից դարեր առաջ, ու նրա ապագան շատ անորոշ է։ Մենք տեսնում ենք, որ հայ բնակչությունը լքում է Ղարաբաղը։ Սա մեծ ողբերգություն է: Եվ մենք կարող ենք խոսել այն մասին, թե ով է պատասխանատու: Ակնհայտ է, որ առաջին պատասխանատվությունը կրում է նախագահ Ալիևը, որը ուժ կիրառեց: Բայց ակնհայտ է, որ դրանից զատ մենք կարող ենք հետ գնալ տարիներ առաջ՝ տեսնելու, թե ինչն է սխալ եղել: Արդյո՞ք սա անսպասելի էր: Ոչ, անսպասելի չէր։ Կարծում եմ՝ մարդիկ ամիսներ շարունակ անհանգստացած են եղել այս հարցով։ Մենք տեսում էինք, որ արևմուտքի դիվանագետները խոսում էր Բաքվի հետ, ասում էր, որ դա չանեն, ինչպես նաև խրախուսում էին Ղարաբաղի հայերին խոսել Բաքվի հետ: Կարծում եմ, որ այնտեղ բանակցություններն իրականում սկսվել էին։ Կարծում եմ՝ դրանք Շուշիում վարվող գաղտնի բանակցություններ էին։ Այսպիսով, դրանք իրականում առաջ էին ընթանում։ Հետո մենք պետք է հարցնենք, թե ինչը այնպես չգնաց։ Ակնհայտ է, որ նախագահ Ալիևն իր ձեռքում ուներ բոլոր խաղաքարտերը։ Նա ուներ Ղարաբաղ, որը լիովին մեկուսացված էր։ Այսպիսով, ինչո՞ւ նա համարձակվեց անտեսել Արևմուտքի հորդորները։ Նա գիտեր, որ դա անպայման կվնասի իր հարաբերություններին Արևմուտքի հետ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Մոսկվայից նա կանաչ լույս ստացավ։ Նա խոսում էր Մոսկվայի հետ։ Գործողության օրը ռուս խաղաղապահները մի կողմ էին քաշվել։ Մոսկվան չդատապարտեց Ալիևին։ Նրանք դատապարտեցին Փաշինյանին։ Ալիևը կարողացավ ըստ էության գրավել Ղարաբաղը։ Կարծում եմ՝ սա մի սցենար էր, որից շատերը վախենում էին, հույս ունեին, որ հնարավոր է լինելու դրանից խուսափել, բայց մենք ունենք այն, ինչ ունենք:

«2020-ի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը»

Հրայր Թամրազյան․ - Համեմատաբար ազատ և արդար համաժողովրդական քվեարկության միջոցով ինստիտուտներ կառուցելու և իր կառավարություններն ընտրելուց հետո Լեռնային Ղարաբաղը կորցրեց ամեն ինչ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, փլուզվեց երեք տասնամյակ առաջ հաղթած Ադրբեջանի հարձակումների ներքո: Ի՞նչը սխալ գնաց։ Ի՞նչ պետք է արվեր, որպեսզի հնարավոր լիներ խուսափել, որպեսզի հնարավոր լիներ փրկել այն որպես ինքնավար մարզ։ Ի՞նչ տարբերակներ կային։

Թոմ դե Վաալ․ - Ինչպես ասացիք, Ղարաբաղն ուներ իր ինստիտուտները։ Այն ուներ իր խորհրդարանը, [Ստեփանակերտն ուներ] իր քաղաքապետարանը, նաև համալսարանը։ Սրանք բոլորը կառուցվել էին տարիների ընթացքում: Եվ ես ենթադրում եմ, որ նրանք բոլորը հիմա կանհետանան: Ով գիտի, թե ինչ է լինելու օրինակ համալսարանի հետ։ Ի՞նչ կարելի էր այլ կերպ անել։ Դե, ակնհայտորեն մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը ագրեսիվ մտադրություն ուներ։ Հայկական կողմում, կարծում եմ, դեռ պատրանք կար 2020 թվականի պատերազմից հետո, որ Ղարաբաղը կարող է նույն կերպ շարունակել։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը, պետք է լրջորեն խոսել Ադրբեջանի հետ, սկսել խոսել ինքնավարության մասին, սկսել խոսել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ 2020 թվականի պատերազմից պետք է հասկանային, որ սպառնալիքը շատ ավելի իրական է։ Այսպիսով, կարծում եմ, որ հենց դա էր սխալ: Ինչպես ասացի, ես լսել եմ աղբյուրներից, որ Ղարաբաղի իշխանությունները խոսում էին Բաքվի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրինակ, պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ, և այդ բանակցությունները Շուշիում տեղի էին ունենում մինչև ռազմական հարձակումը: Նրանք խոսում էին Բաքվի հետ, բայց դա արդեն մի քիչ ուշ էր։ Դա նշան էր, որ դրանից դեռ կարելի էր խուսափել, բայց կարծում եմ, որ հայկական կողմին ակնհայտորեն շատ հարցեր կան տալու։ Ինձ համար գլխավոր հարցը Ղարաբաղի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ բավականին միամիտ վստահությունն է։ Նրանք դեռ հավատում էին, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ։

«Դա Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, և դա ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են»

Հրայր Թամրազյան․ - Հիմա, քանի որ մենք խոսում ենք Մոսկվայի և Ռուսաստանի դերի մասին, կմանրամասնե՞ք դա։ Կոնկրետ ո՞րն էր Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավման գործում: Մենք կարծում էինք, որ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճմամբ, քանի որ այդ դեպքում նա կկորցներ իր դիվանագիտական շատ կարևոր լծակները տարածաշրջանի վրա։ Ի՞նչ կարող եք ասել այս փաստարկի մասին:

Թոմ դե Վաալ․ - Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր մենք ականատես ենք եղել փոփոխության, մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը հրաժարվում Ղարաբաղի հարցում իր ավանդական քաղաքականությունից, որը ենթադրում էր աշխատանք երկու կողմերի հետ և իր հիմնական առաջնահերթությունը տեղափոխում է դեպի Ադրբեջան: Ինչո՞ւ է Ադրբեջանը կարևոր։ Մի քանի պատճառներով։ Մեկն այն է, որ դա Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, դեպի Իրան և Թուրքիա՝ ցամաքով և Կասպից ծովի վրայով: Եվ դա ակնհայտորեն ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են: Կարծում եմ՝ ադրբեջանական ռեժիմը նույնպես [Ռուսաստանի համար] ծանոթ ռեժիմ է։ Նրանք հասկանում են միմյանց, խոսում են նույն լեզվով, մինչդեռ Մոսկվան և Երևանը նույն լեզվով չեն խոսում։ Ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին [Ռուսաստանում և Ադրբեջանում] խոսք չկա։ Նրանք հասկանում են միմյանց: Եվ կարծում եմ, երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանը յուրօրինակ կամուրջ է դեպի Թուրքիա։ Հայաստանի և Արևմուտքի համար ցավալիորեն, մենք այժմ տեսնում ենք մի տեսակ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն Կովկասում, այն է՝ Արևմուտքին դուրս պահելը, թույլ Հայաստան ունենալը, Ռուսաստանի ԱԴԾ-ի, խաղաղապահների հսկողությամբ տրանսպորտային միջանցք կառուցելը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ դա դրա մի կողմն է: Ակնհայտ է, որ մյուս կողմը դա Փաշինյանի ու նրա կառավարության այս շրջադարձը դեպի Արևմուտք բազմաթիվ գործողություններով, ինչպիսիք են, Միջազգային քրեական դատարանին Հայաստանի սպասվող միանալը, կասկածի տակ դնելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արժեքը, առաջին տիկնոջ Կիև ուղարկելը, ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելը։ Դա ակնհայտորեն զայրացրեց Ռուսաստանին։ Կարծում եմ՝ դա Փաշինյանի կողմից խիզախ քայլն էր, բայց գուցե չափազանց հապճեպ։ Դա չափազանց
համարձակ էր ստեղծված հանգամանքներում: Եվ, հետևաբար, հստակ է, որ կայացվել է որոշում, որ «մենք կարող ենք զոհաբերել Ղարաբաղը, որպեսզի պատժենք Փաշինյանին, որպեսզի աշխատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

Հրայր Թամրազյան․ - Ի՞նչ եք կարծում, Փաշինյանի քայլերը դեպի արևմտյան ինստիտուտներ, դեպի Արևմուտք՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն իր երկիրը մոտեցնելու ուղղությամբ դա ճի՞շտ ճանապարհ է։ Դա նման է հավի և ձվի հարցի։ Ոմանք ասում են, որ նրա քայլերի պատճառով է, որ Ռուսաստանը զայրացավ ու սկսեց աջակցել Ադրբեջանին։ Բայց կան նաև այնպիսիք, ովքեր ասում են, որ նույնիսկ նրա քայլերը ուշացած են, և որ Հայաստանը վաղուց պետք է սկսեր մերձենալ արևմտյան ինստիտուտների և արևմտյան երկրների հետ։ Ինչպե՞ս կբացատրեք սա: Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:

Թոմ դե Վաալ․ - Կարծում եմ՝ դա անխուսափելի է։ Կարծում եմ, որ Հայաստանը, հավանաբար, հիմա կարծում է, որ ունի եվրոպամետ ճակատագիր, հետևելով Վրաստանի օրինակին: Եվ դա հավանաբար երիտասարդ սերնդի մեծ մասի տեսակետն է: Ի՞նչ իմաստ ունի Ռուսաստանի հետ դաշինք ունենալ՝ զուտ անվտանգության նկատառումներից զատ։ Սա ակնհայտորեն երկընտրանք է. դուք ունեք եվրոպական ինքնություն և ճակատագիր, բայց ձեր անվտանգությունը կախված է Ռուսաստանից: Եվ ես ենթադրում եմ, որ Փաշինյանն ու իր կառավարությունը որոշեցին ամեն դեպքում առաջ գնալ, քանի որ Ռուսաստանը նրանց ամեն դեպքում չէր պաշտպանում։ Միգուցե այն, ինչ նրանք չէին կանխատեսում, դա Ռուսաստանի այս սերտ համագործակցությունն էր Ադրբեջանի հետ։ Բայց, իհարկե, Հայաստանի համար սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք կարող ենք խոսել այդ մասին, բայց Հայաստանի պաշտպանությունը զգալիորեն բարձրացել է արևմտյան օրակարգում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, թեև ակնհայտորեն Ֆրանսիայում այն միշտ էլ բարձր տեղում էր: Բայց նաև այնպիսի երկրներում, ինչպիսին Գերմանիան է: Կարծում եմ, որ հարցն այն է, թե բացի քաղաքական և ֆինանսական աջակցությունից իրականում ինչ կարելի է անել Հայաստանի պաշտպանության համար: Բայց ես կարծում եմ, որ արևմտյան կառավարությունների մոտ կամքն անշուշտ մեծանում է:

Հրայր Թամրազյան․ - Տեսնում ենք նաև, որ Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությամբ։ Մյուս կողմից, մենք նաև արդեն որոշակի զարգացած կապեր ունենք Իրանի հետ։ Սակայն Հնդկաստանը նոր խաղացող է այս տարածաշրջանում: Եվ ես կարծում եմ, որ Հնդկաստանը շատ բան է անում զենքի մատակարարման հարցում։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

Թոմ դե Վաալ․ - Ես անվտանգության և ռազմական փորձագետ չեմ։ Ես չեմ կարող դատել, թե որքան կարևոր է սա: Ակնհայտ է, որ եթե Սյունիքում/Զանգեզուրում ռազմական առումով ինչ-որ բան տեղի ունենա, ապա հայկական զինուժը շատ թույլ է: Այն պետք է հույսը դնի Իրանի վրա։ Իսկ մենք իրականում չգիտենք, թե Իրանը ինչ է մտածում։ Մենք գիտենք, թե Իրանը ինչ է ասում, բայց մենք իրականում չգիտենք, թե ինչպես կարձագանքի: Ակնհայտ է, որ սա մղձավանջային սցենար է: Մենք, անշուշտ, 2023 թվականից հետ կգնանք դեպի 1918-1920 թվականները, երբ սահմաններից այն կողմ մեծ մարտեր էին ընթանում և այլն: Բայց հուսանք, որ չենք հասնի այդ կետին, հուսանք, որ Արևմուտքը ունի որոշակի լծակներ միջազգային հարթակներում, պատժամիջոցների ուժ և այլն։ Ադրբեջանը ուժեղ, բայց միջին տերություն է, այն մեծ տերություն չէ։ Ակնհայտ է, որ սրանք այն հարցերն են, որոնք մենք պետք է տանք:

«Եթե Հայաստանում ներքաղաքական խժդժություններ լինեն, ապա Հայաստանն անշուշտ թուլանալու է»

Հրայր Թամրազյան․ - Ես պատրաստվում էի Ձեզ հարցնել Զանգեզուրի մասին։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իրական վտանգ է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են միավորել ջանքերը և փորձեն ռազմական ներխուժում գործել Զանգեզուր, իհարկե, Ադրբեջանի միջոցով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։ Արդյո՞ք դա հնարավոր է: Եվ եթե դա տեղի ունենա, ի՞նչ եք կարծում, արևմտյան երկրները կհակազդե՞ն, կփոխազդե՞ն կամ այլ իրական քայլեր կձեռնարկեն գետնի վրա: Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ: Արդյո՞ք դա կարմիր գիծ է:

Թոմ դե Վաալ․ - Ակնհայտ է, որ սա մղձավանջային սցենարն է, որը մեզ հետ է տանում դեպի 1918 թվական: Եվ ակնհայտ է, որ կլինեն բազմաթիվ նախազգուշացումներ, և դա կլինի մի բան, որի համար, կարծում եմ, Ադրբեջանի նկատմամբ կլինեն պատժամիջոցներ և դա կունենա բազմաթիվ հետևանքներ: Այսպիսով, դա մի բան է, որից, հուսով եմ, կարելի է խուսափել: Ենթադրում եմ, որ դրա փոխարեն միգուցե այն, ինչ մենք կտեսնենք, կլինի մեծ քաղաքական ճնշում, շատ հայտարարություններ Ալիևի, Էրդողանի, գուցե Պուտինի կողմից, որ Հայաստանը պետք է համաձայնի այս միջանցքին, որ Հայաստանը չի համագործակցում: Եվ, իհարկե, Ռուսաստանը, ինչպես գիտենք, Հայաստանում շատ գործիքներ ունի։ Այսպիսով, սա, ենթադրում եմ, կապված է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։ Քանի դեռ Հայաստանն ունի կայուն իշխանություն, կարծում եմ՝ դրան դիմակայելու միջոցներ կունենա։ Եթե Հայաստանում ներքաղաքական խժդժություններ լինեն, եթե Փաշինյանին հեռացնելու փորձեր լինեն, ապա Հայաստանն անշուշտ թուլանալու է, ու հենց այդ ժամանակ, կարծում եմ, Սյունիքը կամ Զանգեզուրը առավել վտանգված է լինելու։

Հրայր Թամրազյան․ - Դուք շատ ժամանակ և էներգիա եք ծախսել Լեռնային Ղարաբաղում՝ զրուցելով սովորական մարդկանց, տեղական ղեկավարների հետ: Դուք գիրք եք գրել Լեռնային Ղարաբաղի մասին, որը դեռևս պարտադիր գիրք է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ տարածաշրջանի մասին: Դուք այն հասկանալու և վերծանելու հսկայական փորձ ունեք: Դուք խաղաղություն մաղթեցիք Լեռնային Ղարաբաղին. ի՞նչ եք զգում անձամբ դրա ավարտի մասին: Ի՞նչ է դա ձեզ համար նշանակում:

Թոմ դե Վաալ․ - Ես ինձ շատ տխուր եմ զգում։ Ես գրել եմ գիրքը։ Ես շատ ժամանակ եմ անցկացրել Ադրբեջանում, Ղարաբաղում, Հայաստանում՝ զրուցելով սովորական մարդկանց հետ։ Ինչպես գիտեք, ես նկարագրում եմ հակամարտության երկու կողմերի հասարակ մարդկանց տառապանքները: Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ են եղել, որոնք տեղահանվել են։ Այնպես որ, իմ կարծիքով, այս հակամարտությունում կողմերից ոչ մեկը բարոյական առումով առավելություն չունի: Բայց պարզ է, որ ես շատ ժամանակ եմ անցկացրել այնտեղ: Կարծում եմ՝ մի 10 անգամ գնացել եմ Ղարաբաղ։ Ես այնտեղ ընկերներ եմ ձեռք բերել։ Ես սիրում էի այցելել եկեղեցիներ: Եվ ես աղոթում էի, որ այս վեճը ավարտվի խաղաղ կարգավորմամբ, որ ղարաբաղցիները մնան իրենց տանը և պաշտպանված լինեն։ Չեմ կարծում, որ հավատում էի Արցախի անկախությանը, բայց հավատում էի մի պայմանավորվածության, որը կունենար միջազգային անվտանգության ինչ-որ երաշխիքներ, որտեղ ղարաբաղցիները կարող են մնալ իրենց տներում և իրենց հայրենիքում։ Դա իմ հույսն էր: Եվ դա ակնհայտորեն չի լինելու։ Եվ ես
շատ տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ հեռանում, մարդիկ, որոնց ճանաչում եմ: Ես անհանգստացած եմ Ղարաբաղի այս հայկական եկեղեցիների ճակատագրով։ Միգուցե որոշ մարդիկ մնան, հատկապես Ստեփանակերտում։ Կարծում եմ՝ շահագրգռվածություն կա, որ որոշ մարդիկ մնան Ստեփանակերտում, քանի որ ռուսներն ուզում են, որ նրանք մնան, որպեսզի իրենց ռազմաբազան նպատակ ունենա։ Ադրբեջանցիները ցանկանում են աշխարհին մի փոքրիկ ցուցափեղկ ցույց տալ, որ հայերն ուզում են ապրել Ադրբեջանում։ Ես ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանություն էլ է ցանկանում, որ մարդիկ մնան այնտեղ: Չեն ուզում, որ բոլորը գան Հայաստան։ Այսպիսով, կա ընդհանուր շահագրգռվածություն, որ գուցե մի քանի հազար մարդ մնա Ղարաբաղում։ Բայց մնացած Ղարաբաղը` խոսքը Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի մասին է, վախենամ կորսված է:

Ղարաբաղում մնացողները «չեն կարող հավատալ Ալիևին»

Հրայր Թամրազյան․ - Հիմա մարդկանց մեծ մասն արդեն փախել է Լեռնային Ղարաբաղից, ես վստահ եմ, որ նրանցից ոմանք կմնան ետևում, հատկապես նրանք, ովքեր պարզապես կհրաժարվեն ենթարկվել հալածանքների վախին: Ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ։ Կարո՞ղ են նրանք հավատալ Ալիևի խոստումներին, որ նա կպաշտպանի իրենց, կմիավորի նրանց, և ի՞նչ եք կարծում, հակամարտությունն ավարտված է:

Թոմ դե Վաալ․ - Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին, իհարկե, նրանք չեն կարող հավատալ Ալիևին։ Ադրբեջանը մի պետություն է, որի պետական գաղափարախոսությունը, ինչպես գիտենք, հակահայկական է։ Դա այն է, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում, ինչ ասվում է լրատվամիջոցներում։ Սա այս երկրի պետական գաղափարախոսությունն է, որը չի փոխվելու մեկ օրում։ Ադրբեջանը պետք է հիմնովին փոխի իր կրթական համակարգը, լրատվամիջոցները, փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող օրենսդրությունը: Այդ ամենը պետք է փոխվի, որպեսզի հայերն իրենց ապահով զգան: Կարծում եմ, որ եթե Ղարաբաղում լինի մշտական միջազգային ներկայություն, գուցե ՄԱԿ-ի կողմից, դա կօգնի որոշ մարդկանց այնտեղ մնալու հարցում: Ինչ վերաբերում է նրան, թե հակամարտությունն ավարտվել է, թե ոչ, կարծում եմ, հակամարտությունն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ բոլորը զգում են, որ խաղաղ են, և պարզ է, որ շատ հայերի ու հատկապես շատ ղարաբաղցիների համար սա խաղաղություն չէ, սա պարտություն է: Ու նրանք կցանկանան վրեժի ևս մեկ փուլ: Համոզված եմ, որ կլինեն ղարաբաղցիներ, ովքեր կցանկանան այս կամ այն ձևով պայքարել: Ես վստահ եմ, որ դա այդպես է: Նրանց կաջակցեն սփյուռքի որոշ հայերը։

«Ռուբեն Վարդանյանի դեպքում մենք հավանաբար կտեսնենք ինչ-որ բիզնես գործարք»

Հրայր Թամրազյան․ - Կարո՞ղ եք մեկնաբանել Ղարաբաղի ղեկավարների ձերբակալությունները։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

Թոմ դե Վաալ․ - Վարդանյանից բացի էլ ո՞ւմ են ձերբակալել։ Դավիթ Բաբայանին…

Հրայր Թամրազյան․ - Այո, Դավիթ Բաբայանը։ Սամվել Բաբայանի խոսքով՝ ձերբակալվել է մինչև հարյուր մարդ։ Նրանք կարող էին նախկինում ինչ-որ պաշտոն զբաղեցրած լինեին բանակում կամ անվտանգության ոլորտում: Ով գիտի։ Անունները չեն հայտարարվում։ Բայց այս երկու հոգու
մասին արդեն հայտնի է։ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը, կարծում եմ, հսկայական իրադարձություն է։ Նույնիսկ Ռուսաստանը ոչինչ չարեց, որպեսզի դա տեղի չունենա։ Ի՞նչ կարող եք ասել։ Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը ինչ-որ կերպ կաջակցի՞ նրան և կհանի բանտից։

Թոմ դե Վաալ․- Կարծում եմ՝ ամեն դեպք տարբեր կլինի։ Չեմ ուզում այստեղ շատ ցինիկ հնչել, բայց կարծում եմ, որ Վարդանյանի դեպքում մենք հավանաբար կտեսնենք ինչ-որ բիզնես գործարք։ Դա գրեթե նման է պատանդ վերցնելուն: Ո՞րն է լինելու փրկագինը, որը կվճարվի նրա ազատ արձակելու համար։ Մենք գիտենք, որ նա շատ փող ունի: Չեմ ուզում այստեղ շատ ցինիկ հնչել։ Ես գիտեմ, որ միջազգային մակարդակով կոչեր են լինելու, որ նա ազատ արձակվի։ Ակնհայտորեն մտահոգիչ է, որ այդքան ղարաբաղցի կալանավորված է։ Սա կդառնա մի խնդիր, որը կկանխի առաջընթաց այլ ուղիներում, օրինակ՝ Բաքու-Երևան բանակցություններում։ Արդեն 30-ից ավելի հայ կալանավորներ կան, որոնք դեռ գտնվում են ադրբեջանական բանտերում։ Ես ճշգրիտ թիվ չգիտեմ, թվերը փոխվում են։ Այսպիսով, սա կդառնա ևս մեկ խնդիր և նաև խոչընդոտ կլինի, եթե Ադրբեջանն ուզում է, որ ղարաբաղցիները մնան, եթե ուզում է մի փոքրիկ ցուցափեղկ ունենա a little showcase, a shop window, ապա ակնհայտորեն այս ձերբակալությունները կհամոզեն մարդկանց հեռանալ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG