Մատչելիության հղումներ

Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է


Արխիվ
Արխիվ

Արցախի հայաթափմանը զուգահեռ, Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, թե անցած շաբաթվա ռազմական գործողությամբ Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, ուրեմն արդեն կարելի է արագացնել փաստաթղթի ստորագրումը։

«Սեպտեմբերի 20-ից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխատելու խաղաղության պայմանագրի նախագծի վրա», - ասել է նա։

Հոկտեմբերի 5-ին իսպանական քաղաքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Արևմուտքի միջնորդությամբ են. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ կլոր սեղանի շուրջ կլինեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Մոսկվան իր հերթին շտապել է հայտարարել՝ չնայած Արցախը որպես պետություն լուծարվել է, խաղաղության պայմանագիրը դեռ արդիական է։

Ռուսաստանի արտգործնախարարությունը Երևանին քննադատող հայտարարությունում բաց տեքստով դժգոհել էր՝ Արևմուտքը փորձում է ռուսներին շրջանցելով փաստաթուղթ ստորագրել։

Երևանը, մինչդեռ, դրական ակնկալիքներ ունի։ Ազգային ժողովի նախագահը հույս ունի, որ Գրանադայում մեկ քայլ առաջ կգրանցվի։

«Հայաստանը վճռական աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձևակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները», - նշել է Ալեն Սիմոնյանը։

Ամեն ինչ այլ էր մինչև Ղարաբաղի վրա հարձակումը. վարչապետ Փաշինյանը բացառում էր Գրանադայում փաստաթղթի ստորագրումը։ Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ հաղթահարված չեն առանցքային տարաձայնությունները՝ միջազգային երաշխիքներ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար, սահմանագծման քարտեզ, զորքերի հետքաշում և խաղաղության երաշխավոր։

Քարտեզի մասով արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր խոսել Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից 2 օր առաջ։ Հիմա Բաքուն բանավոր հավաստիացումներ է հնչեցնում, թե արտատարածքային միջանցքի պահանջ չունի, այնինչ ոչ հեռու անցյալում բազմիցս է սպառնացել ուժով միջանցք բացել դեպի Նախիջևան։

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ում Արարատ Միրզոյանի ելույթն է հիշեցնում՝ ուրեմն այդ ո՞ւմ հետ են խաղաղություն կնքում, տարակուսած է ընդդիմադիր պատգամավորը. - «Խաղաղությունը աշխարհի ամենատարողունակ բառն է։ Խաղաղության տակ ամեն ինչ կարող ես հասկանալ։ Մարդ, որ մահանում է, ասում են՝ հանգչիր խաղաղությամբ։ Այն խաղաղությունը, որ Ադրբեջանն է մեզ պարտադրում, մահ է»։

Վերջին անգամ Երևանն ու Բաքուն օգոստոսին են փոխանակվել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկներով։ Մի քանի անգամ խմբագրված փաստաթղթի մանրամասները դեռ չեն հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG