Մատչելիության հղումներ

Ուկրաինան իր տարածքներից չի հանձնի Ռուսաստանին խաղաղության դիմաց. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, թե Ուկրաինան իր տարածքներից ոչ մի կտոր չի հանձնի Ռուսաստանին խաղաղության դիմաց։

Ամերիկյան CBS հեռուստաընկերության լրագրողը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե կարո՞ղ են զիջել որոշ տարածքներ հանուն խաղաղության: Ի պատասխան նա ասել է. - «Ոչ, սա մեր տարածքն է»։

«Դուք ուզո՞ւմ ամեն ինչ հետ վերցնել», - շարունակել է լրագրողը։

«Ի՞նչ պետք է ասեմ մարդկանց, որ նրանք բոլորը մահացել են, որպեսզի ես ասեմ՝ «Ռուսաստան, կարո՞ղ ես խլել սա»: Ես կարող եմ մարդկանց միայն հաղթանակ տալ», - արձագանքել է Զելենսկին:

Վերջին ամիսներին Արևմուտքում խոսում են ուկրաինական հակահարձակման դանդաղման մասին և հայտարարում, թե պատերազմն այս տեմպերով կարող է շատ երկար տևել։

Զելենսկին համաձայնում է, որ առաջխաղացումը սպասվածից դանդաղ է, բայց կենտրոնանում է հաջողությունների վրա։

«Դա բարդ իրավիճակ է, ես Ձեզ հետ միանգամայն անկեղծ կլինեմ: Պլյուսն այն է, որ նախաձեռնությունը մերն է ճակատում։ Դա շատ կարեւոր է. մեր զինվորականները կասեցրին ռուս օկուպանտի առաջխաղացումը և անցան հարձակման։ Եվ չնայած սրան՝ շարժումն այնքան էլ արագ չէ։ Բայց կարևոր է, որ մենք ամեն օր առաջ գնանք», - ասել է նա։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքերը պետք է անդադար առաջ շարժվեն, նույնիսկ եթե խոսքը հարյուրավոր մետրերի մասին է։

«Մենք չպետք է Պուտինին ընդմիջում տանք», - շեշտել է Զելենսկին։

Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը կախված չէ եղանակից, ինչպես վախենում են Արևմուտքում՝ զգուշացնելով, որ հարձակման համար հարմար եղանակը մեկուկես ամիս կտևի միայն, մասնավորապես նման հայտարարություն երեկ արել էր ԱՄՆ Միացյալ շտաբերի ղեկավար Մարկ Միլին։

Ուկրաինական հակահարձակումը սկսվել էր հունիսին, այս երկու-երեք ամիսների ընթացքում ուկրաինացիներին հաջողվել է ազատագրել, համաձայն պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի տվյալների, ավելի քան 260 քառակուսի կմ տարածք ճակատի հարավում և 51 քառ Բախմուտի ուղղությամբ։

Սա այն դեպքում, երբ ռուսները կարողացել են հսկայական պաշտպանական գծեր կառուցել, այդ թվում՝ աննախադեպ չափերի ականապատ դաշտեր։ Հարավում ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական ուժերը մի քանի տեղում ճեղքել են ռուսական պաշտպանության գոնե առաջին գիծը։

Անցած շաբաթ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Բախմուտի մոտ երկու բնակավայրերի՝ Անրդեևկայի և Կլիեևկայի ազատագրման մասին։

Չնայած սրան՝ Արևմուտքում շատերն են կանխատեսում բարդ ձմեռ Ուկրաինայի համար, և ոչ միայն վատ եղանակն է նրանց մտահոգում, որը անխուսափելի պետք է դանդաղեցնի ուկրաինական հակահարձակումը, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին ձմռան շեմին անխուսափելի հարվածները։

Ուկրաինայի իշխանությունը, սակայն, ասում է, թե հրթիռակոծությանը լինելու է պատասխան հարված։

Զելենսկին, մասնավորապես, ուղղակիորեն չի հերքել այն պնդումները, որ ուկրաինական ուժերն են կանգնած Ուկրաինայի հետ սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող թիրախներին, այդ թվում՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող թիրախներին անօդաչուներով հարձակումների հետևում։ Նա միայն կրկնել է, որ Ուկրաինան արևմտյան զենքն օգտագործում է միայն իր տարածքում, միևնույն ժամանակ ընդգծել է. - «Մենք նրանց պատասխանում ենք՝ ասելով. «Ձեր երկինքն այնքան էլ պաշտպանված չէ, որքան դուք կարծում եք»։

Ուկրաինայի հրամանատարությունը պաշտոնապես ճանաչել է միայն բռնակցված Ղրիմի թիրախների վրա հարձակումները, այդ թվում՝ Ղրիմի կամուրջին։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության լրատվական աղբյուրները հայտնել են, որ հենց այս հատուկ ծառայությունն է հարձակումներ կազմակերպել, օրինակ, ռուսական ռազմական օդանավերի վրա։

XS
SM
MD
LG