Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. վարչապետ


Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, ոչ, որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այս փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանը հայտարարել է, որ իր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, և ուզում է հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, շեշտեց Նիկոլ Փաշինյանը. - «Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Եթե հիմա, օրինակ, ես շատ կուզենայի ձեզ ասել, որ այո, Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ, բայց ցավոք սրտի, ոչ։ Հույս ունենք՝ մենք ինտենսիվ բանակցությունները կշարունակենք և կհասնենք մեր խնդրի լուծմանը։

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խորացող, ծայրահեղ հումանիտար ճգնաժամը նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղ գործընթացի վրա և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Եվ մենք, կարծում եմ, ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանքի ապօրինի արգելափակման պատճառով և Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով»։

Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որ չէր բացառել, որ հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կարող են կայանալ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Այս բանակցությունների մասին հայտարարվել էր դեռ մայիսին։

Հարցին, թե մինչև տարեվերջ հնարավո՞ր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը, Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց. - «Ես պետք է միշտ դա հնարավոր համարեմ, որովհետև ես ստանձնել եմ քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր, և ինչքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է կոնկրետ մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով։ Հնարավոր համարում եմ, որովհետև հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի։

Ես հնարավոր համարում եմ, կամ իմ աշխատանքն է ամեն ինչ դա հնարավոր դարձնելու համար և ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է, և մենք պետք է դա անենք»։

Թուրքիայի նախագահը առաջարկել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ստացե՞լ է այդ առաջարկը։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց՝ ստացել են, թե ոչ, միայն ասաց. - «Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան։ Ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, որ ամբողջության մեջ պետք է նայենք»։

XS
SM
MD
LG