Մատչելիության հղումներ

Ասֆալտապատումից շատ չանցած Շիրակում մի շարք ճանապարհներ նորից վերանորոգման կարիք ունեն


Գյումրի - Կապս նորակառույց ճանապարհի շահագործումից մեկ տարի էլ չի անցել, բայց ասֆալտի վրա արդեն փոսային նորոգումներ են։ 10 կմ երկարությամբ ճանապարհի նորոգման համար պետական բյուջեից շուրջ 450 մլն դրամ է հատկացվել։

Շինարարը «Լեոպոլոլդ և ընկերներ» ընկերությունն է, և քանի որ 3 տարի երաշխիքային ժամկետ կա, ընկերությունն իր հաշվին է վերանորոգումն իրականացնում։

Ճանապարհից հեռացված ու ճամփեզրին կուտակված ասֆալտի որակը հնարավոր է միայն մասնագիտական լաբորատոր փորձաքննությամբ պարզել։ Ասֆալտի որակը վերահսկում է Ճանապարհային դեպարտամենտը։

Այս կառույցից «Ազատությանը» պարզաբանել են. «Մի քանի փոսերի առաջացման պատճառը տեխնիկական է, հնարավոր է՝ պատճառ են դարձել ծանրաքաշ մեքենաները կամ ենթակառուցվածքները ասենք ջրատար կամ կոյուղի։ Եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ խնդիրն առաջացել է ենթակառուցվածքների պատճառով, դրանք կփոխարինվեն, որից հետո միայն կտեղադրվի ասֆալտբետոնե նոր շերտը»։

Շիրակի մարզում սա նոր վերանորոգված միակ ճանապարհը չէ, որտեղ ասֆալտապատումից շատ չանցած փոսեր են գոյանում։ Նույն պատկերն է Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի որոշ հատվածներում, որոշ միջհամայնքային ճանապարհներ էլ շարքից դուրս են գալիս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տանկերի երթևեկից։

Բեռնատարների մուտքը դեպի Գյումրի թեթևացնելու համար կառուցված 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհին ևս փոսեր են։ Այս մեկի համար պետբյուջեից մոտ 520 մլն դրամ է հատկացվել։

Բնակիչները պատմեցին, որ այդ հատվածներում փոս էր գոյացել. - «Լրիվ փոս էր ընկել, ու ակարդեոնի պես խառը փոսեր էին։ Եկան քանդեցին, որ նորը սարքեն»։

Շինարարը՝ «Մերձմոսկովյան» ընկերության տնօրեն Արամ Ադամյանն ասում է՝ ճանապարհի այդ հատվածներում ի հայտ եկած խնդիրը կապված է ջրագծի հաճախակի վթարների հետ, որն էլ ճանապարհի հիմքի նստվածքի պատճառն է եղել։

««Վեոլիա ջուր» կազմակերպությունը տեսավ, որ այլևս անհնար է հին ջրագիծը վերանորոգել, մոտ 2-3 ամիս ջուրը բարձրանում էր ճանապարհի վրա և հոսում էր ամբողջ երկայնքով՝ դարձնելով ճահիճ, մեքենաներն անցնելու դեպքում մեքենաների անվադողերի հատվածում տալիս էր նստվածքներ, հետագայում միացրին նոր ջրագիծը, հինը ջրազրկեցին։ Ջրազրկելուց հետո մենք հնարավոր աշխատանքները կատարեցինք», - նշեց նա։

Ադամյանն անորակ ասֆալտապատումը բացառում է. նրա խոսքով՝ ամեն նյութից ու ճանապահի հատվածից նմուշներ են վերցնում, և անհապատասխանության դեպքում վերջում պետությունը կարող է կատարած աշխատանքի համար չֆինանսավորվել. - «Ամեն կատարողականի հետ ներկայացվում է համապատասխան լաբորատար ստուգման ցուցանիշը, ներկայացվում է խճի, ամրացման, մյուս ցուցանիշները՝ տարբեր տեսակի լաբորատոր աշխատանքներ, որը կատարվում է լիցենզավորված լաբորատորիայում։ Այդ փաստաթղթերը, ստուգումները չլինելու դեպքում մեզ ոչ ոք գումար չի վճարում»։

«Մերձմոսկովյան» ընկերությունը մինչև դեկտեմբեր ժամանակ ունի թերությունները վերացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG