Թորոսյանը երեք ամիս առաջ փայտով ծեծել էր առողջական խնդիրներ ունեցող համագյուղացուն՝ 24-ամյա Արմեն Սահակյանին։ Այդ օրը իրավապահների անգործությունից վրդովված արագածավանցիները փակել էին Գյումրի - Արմավիր ճանապարհը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ՔՊ-ական պաշտոնյային։ Վերջինս ձերբակալվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց։
Այսօրվա նիստում տուժող երիտասարդի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց, թե նախաքննությունը մինչև սեպտեմբերի 9-ը կարող էր շարունակվել, բայց այն հապճեպ ավարտել ու գործը արագ դատարան են ուղարկել՝ փորձելով Թորոսյանին ավելի մեղմ մեղադրանք առաջադրել։
Ավելին, փաստաբանը կարծում է, նախաքննական մամինն այնպես է արել, որ Թորոսյանը կարող է նաև արդարացվել. - «Դատարանը այս պահին օրենքով կաշկանդված է, սահմանափակված է մեղադրողի ներկայացրած մեղադրանքով։ Մեղադրողը ներկայացրել է թեթև ծանրության, ոչ մեծ հանցագործություն՝ թեթև մարմանական վնասվածք։ Ընդամենը տուգանք պիտի լինի ըստ դրա։ Իսկ մեր պնդումն է, որ նյութերը ցույց են տալիս, որ էդտեղ շատ ավել ծանր հանցագործություն է տեղի ունեցել, քան այն, ինչ որ ներկայացվել է։ Էնպես է արվել, որ վատագույն դեպքում տուգանք կիրառեն, իսկ լավագույն դեպքում, որը նյութերը դրան են տանում, որ արդարացվի, որ ընդհանրապես ոչինչ չի եղել։ Որովհետև չի իրականացվել օբյեկտիվ քննություն, ապացույցները չեն հետազոտվել, չեն ստուգվել»:
Մեղադրյալ Սուրեն Թորոսյանը, մինչդեռ, իրեն մեղավոր չի ճանաչում։ Այսօր դատարանում դա և ինքը վերահաստատեց և նրա փաստաբան Արմեն Ներսիսյանը։
Վերջին ասաց. - «Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները անմեղության կանխավարկածի շեմի հաղթահարման մակարդակով չեն հիմնավորում և հաստատում իմ պաշտպանյալի մեղավորությունը իրեն մեղսագրված արարքում»։
Թորոսյանը նույնպես պնդեց, թե ամբողջ ծավալով մեղադրանքը ընդունելի չի համարում։
Պաշտոնյան անպատասխան թողեց «Ազատության» հարցերը, նրա փոխարեն հանրային պաշտպանը խոսեց. - «Դատարանում հայտարարեց, որ չի ընդունում։ Գործի հանգամանքների հետ կապված, եթե իմ վստահորդը իր ցանկությունը հայտնի, ես կմեկնաբանեմ։ Էս պահին ոչինչ չեմ կարող ներկայացնել»։
Տուժող Արմեն Սահակյանը դատական նիստին ներկա չէր, երկրում չէ։ Հաշտություն Թորոսյանի և Սահակյանի միջև հնարավոր չէ, դատարանում պնդեցին կողմերը։
Այնուհետև դատախազ Վարդան Մելքոնյանը ներկայացրեց մեղադրանքը։
Ապա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանում պնդեց, թե նախաքննություն հանցավոր անփութությամբ է իրականացվել, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։ Արսեն Բաբայանը պնդում է, որ գործից էական հանգամանքներ են բացակայում. - «Որովհետև քննիչին ստիպել են՝ արագ-արագ գործը արա, հանձնի դատարան, որ պրծնենք էս գործից»։
Դեպքի հաջորդ օրը տուժող Արմեն Սահակյանը «Ազատությանը» պատմել էր եղելությունը. - «Ավտոյից իջավ, էկավ գազավիկը փչեց վրես, փետով զարգեց»։