Մատչելիության հղումներ

Արագածավանի ՋՕ-ի պետը ծեծել է համագյուղացուն


Արմեն Սահակյան, ում գլխին փայտով հարվածել է տեղական պաշտոնյան։
Արմեն Սահակյան, ում գլխին փայտով հարվածել է տեղական պաշտոնյան։

Տեղական պաշտոնյայի գործողություններից զայրացած արագածավանցիները երեկ երեկոյան շուրջ երկու ժամ փակ են պահել դեպի Երևան տանող ճանապարհը։

Գյուղացիներն ասում են, որ իրենց համբերության բաժակը լցրել է Արագածավանի կոմունալի պետը՝ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է համագյուղացուն հարվածներ հասցնելու համար։

Կոմունալի պետի գործողություններից տուժել է 24-ամյա Արմեն Սահակյանը։ Երիտասարդը հենց դեպքի վայրում զրուցեց մեզ հետ ու պատմեց գլխով եկածը. - «Ես կանգնած էի ստեղ, ավտոյի տերը էկավ, ստե կայնավ, ասեց նստեք ավտոս։ Ասի չեմ նստում... Գազավիկը փչեց վրես, հետո փետով զարգեց»։

Գյուղում բոլորը գիտեն, որ Արմենը առողջական խնդիր ունի, ու հենց այն հանգամանքը, որ Սուրեն Թորոսյանը բռնություն է գործադրել հիվանդություն ունեցող երիտասարդի նկատմամբ, է'լ ավելի է բորբոքել կրքերը։

«Էս էրեխեն հիվանդ էրեխա է, ըսեիր Արմեն ջան, ցավդ տանեմ... ոչինչ, եթե կոնֆլիկտ է էղել։ Բայց դու գազը փչում ես աչքերի մեջ ու դուբինկով խփում ես գլխին։ Գլուխը բացել էր, էրեխեն ընկել էր ցած, տարանք հիվանդանոց, կարեցին», - վրդովվում է Արմենի համագյուղացին։

«Մեր հիմնական պահանջը էն է, թող պետական ատյանները որոշեն, ամենաբարձր խստությամբ որոշումը կայացնեն։ Որ էս ժողովուրդն էլ հանգիստ մնա», - հավելեց մեկ այլ տղամարդ։

Արագածավանցիները պատմեցին, որ Սուրեն Թորոսյանը մեկ ու կես ամիս առաջ ջրի հարցով գյուղում ժողով է հրավիրել, որի ժամանակ էլ Արմենի հետ լեզվակռիվ է սկսվել։

Տեղի ունեցածից հետո Թալինի քննչական բաժնում ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է սկսվել։ «Ազատության» նկարահանման պահին քննիչները դեպքի վայրում քննչական գործողություններ էին իրականացնում։ Անդրանիկ Սահակյանն ասաց, որ գյուղացիները ճանապարհը պայմանով են բացել. - «Ճանապարհը բացեցինք էն պայմանով, որ իրան ձերբակալեն, քննություն կազմակերպվի։ Ինքը ոչ միայն էդ էրեխուն մարմնական վնասվածք է հասցրել, այլ նաև պաշտոնի չարաշահում է արել։ Ստեղ ռեկետ են ուզում անեն արդեն, էս գյուղում։ Էդ ո՞ր երկիրն ենք հասել։ Էս ՔՊ-ի ստեղծած օրինական երկի՞րն է»։

Ի դեպ, այսօր սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածվել է Սուրեն Թորոսյանի տեսանյութերից մեկը, որտեղ վերջինս բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում ինչպես ինքն է ձևակերպում՝ վարչապետին վատաբանողների հասցեին՝ ասելով. - «Ականջներներն կտրելու եմ, լավ իմացեք։ Էդ ոստիկանը որ ըտենց չափալաղեց, ըտենց նեղվե՞լ եք։ Ես ճակատից եմ խփելու, լավ իմացեք...»

Արագածավանցիներն այսօր պնդում էին, թե հեղափոխությունից հետո պաշտոն ստացած Սուրեն Թորոսյանը գյուղում իրեն արտոնյալ է զգում։

Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանը թեև կուսակցի մասնակցությամբ միջադեպից տեղյակ էր, բայց հրաժարվեց որևէ գնահատական տալ։ Ասաց՝ տեղի ունեցածը քաղաքականացնելը ճիշտ չի համարում. - «Էդ քաղաքականացրել են, հայոց հարցն են սարքել, իմ կարծիքով, էդքան էլ ըտենց չի էլի։ Ասենք, էդ վեճ-վիճաբանությունը էրկու անձի մեջ ա էղել... որ ասում են պաշտոնատար անձ, էդ մարդը ՋՕ-ի տնօրեն ա էղել Արագածավանի։ Տենց պաշտոնատար անձ մեր հանրապետությունում կարող ա չգիտեմ հարյուրավորներ ըլնեն, էսիմ ինչ պաշտոն չի։ Հիմա գործը իրավական դաշտում ա, ընդհանուր քննությունն անցնի, արդեն ով որ մեղավոր կըլնի, միանշանակ պատասխան կտա»։

Սուրեն Թորոսյան
Սուրեն Թորոսյան

Սուրեն Թորոսյանի փաստաբանի հետ զրուցել չի հաջողվել։ Կոմունալի պետի ֆեյսբուքյան էջում նրան սատարող գրառումներ են, ոմանք «թատրոն» են համարում տեղի ունեցածը, ոմանք էլ պնդում են, թե տուժած երիտասարդն է հրահրել միջադեպը։ Բայց աջակիցները չեն անդրադառանում հարցին, թե ինչու է Թորոսյանը գազ փչել համագյուղացու դեմքին ու փայտով ծեծել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG