Ուկրաինայի քննչական մարմինները այսօր ապօրինի ճանապարհով ստացված գույքի օրինականացման մեղադրանք են ներկայացրել երկրի ամենահարուստ գործարարներից մեկին՝ «Պրիվատ» կոնցերնի հիմնադիր Իգոր Կոլոմոյսկուն։
Մեղադրանքի մանրամասները պարունակող փաստաթղթերը Ուկրաինայի Անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության և Տնտեսական անվտանգության գրասենյակի ներկայացուցիչները Կոլոմոյսկուն են հանձնել այսօր առավոտյան՝ Կիևի մերձակայքում գտնվող նրա առանձնատանը։
Ուկրաինացի իրավապահների պնդմամբ` 2013-ից 2020 թվականներին Կոլոմոյսկին շուրջ 14 միլիոն դոլար է դուրս բերել արտերկիր՝ օգտագործելով իր ենթակայության տակ գործող բանկերը։
Forbes հանդեսի գնահատմամբ` 2021 թվականի դրությամբ Կոլոմոյսկին Ուկրաինայի չորրորդ ամենահարուստ մարդն էր, նրա կարողության ընդհանուր չափը հասնում էր 1 միլիարդ 800 միլիոն ամերիկյան դոլարի։
2022-ին սակայն, պետության կողմից գործարարին պատկանող «Ուկրնաֆտա» ընկերության ազգայնացումից հետո, Կոլոմոյսկու կարողությունը նվազել է՝ հասնելով 850 միլիոնի։