Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինուժի հակահարձակումը ծանր է ընթանում, բայց ամեն օր առաջ է շարժվում. Դանիլով


Ռուսաստանի տարածքը և Ղրիմը կրկին անօդաչուների և հրթիռների թիրախում էին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այս գիշեր Մոսկվային սահմանակից Կալուգայի մարզում վերափոխված Էս -200 հրթիռ է խոցվել և միաժամանակ 42 անօդաչու թռչող սարքեր Ղրիմում։ Սա թերևս ամենազանգվածային հարձակումն էր բռնակցված Ղրիմի վրա։ Ռուսական կողմը պնդում է, թե բոլոր դրոնները խոցվել են։

Մոսկվայի և Մոսկվայի մարզում անօդաչուների հարձակման մասին այս գիշեր չի հայտարարվել, սակայն մոսկովյան «Դոմոդևո» և «Վնուկովո» օդանավակայաններն այս գիշեր կրկին թռիչքներ չէին ընդունում։

Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում էլ անցած օրվա ընթացքում արձակվել է ավելի քան 70 արկ, հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ բնակիչներից ոչ ոք չի տուժել, վնասվել է վեց տուն և երկու ավտոմեքենա։

Ռուսական բանակն էլ գիշերը երկու թևավոր հրթիռ է արձակել Օդեսայի մարզի ուղղությամբ։ Երկուսն էլ ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է։

Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է. ուկրաինացիները դանդաղ առաջ են գնում ճակատի հարավում։ Ուկրաինական զինված ուժերը Զապորոժիեի հարավային ճակատում ճեղքել են Ռուսաստանի պաշտպանության առաջին գիծը և ռազմավարական նշանակություն ունեցող Տոկմոկ քաղաքի ուղղությամբ առաջ են շարժվում, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Այսօր Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարեց, որ առաջընթաց է արձանագրել երկու ուղղությամբ՝ Զապորոժիեի շրջանի Նովոպրոկոպովկա գյուղի և դեպի արևելք՝ Դնեպրոպետրովսկի մարզում։

Նախօրեին Կիևը հայտնել էր, որ ուկրաինական բանակը մտել է Զապորոժեի Ռոբոտինո գյուղ, որտեղ վերջին ամիսներին մարտեր էին ընթանում։

Հինգշաբթի օրը Ուկրաինայի հարավային հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ ռուսական զորքերը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Զապորոժիեի մարզ՝ Խերսոնից հարավ մեծ կորուստների պատճառով։

Ռուս բլոգերները նույնպես հաստատում են, որ ուկրաինացիները վերահսկողության տակ են վերցրել Ռոբոտինո գյուղը, որը ռուսական պաշտպանության առաջին գծում է։

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ծանր է ընթանում, բայց ամեն օր առաջ է շարժվում, «Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։

«Թշնամին հզոր է, թշնամին ունի որոշակի համակարգ, պաշտպանական կառույցներ: Եվ հետևաբար, մեր առաջխաղացումը տեղի է ունենում այնպես, ինչպես հնարավոր է, որպեսզի հնարավորինս պահպանենք մեր զինվորականների կյանքը: Հետևաբար, դժվար է, բայց մենք ամեն օր շարժվում ենք դեպի մեր բոլոր տարածքների ազատագրումը»։

Դանիլովի խոսքով՝ հակահարձակումն ընթանում է հաստատված պլանի համաձայն։

Մինչ այդ Պենտագոնի խոսնակը երեկ երեկոյան հայտարարել է, թե Միացյալ Նահանգներում շուտով կսկսվեն ուկրաինացի օդաչուների և ինժեներների դասընթացները։ Սեպտեմբերին օդաչուների անգլերենի դասընթացներից հետո ակնկալվում է, որ F-16 ով վարժանքները կսկսվեն հոկտեմբերին Արիզոնայի նահանգում. - «Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ուսուցումը կլրացնի F-16 օդաչուների և տեխնիկական սպասարկման դասընթացները, որոնք արդեն ընթանում են Եվրոպայում և ավելի կխորացնեն մեր աջակցությունը Դանիայի և Նիդեռլանդների գլխավորած F-16 ուսումնական կոալիցիային»։

Եվրոպական երկու երկիր՝ Նիդեռլանդներն ու Դանիանն արդեն հայտարարել են, որ Ուկրաինային են փոխանցում ամերիկյան կործանիչներ։ Երեկ էլ Նորվեգիայի մեդիան էր գրել, որ Նորվեգիան նույնպես համաձայնել է F-16 փոխանցել Կիևին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG