Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները զգուշանում են պատերազմի վերաբերյալ հարցումներին մասնակցելուց


Ռուսաստան - Մոսկվայի փողոցներից մեկում, հոկտեմբեր, 2022թ.
Ռուսաստան - Մոսկվայի փողոցներից մեկում, հոկտեմբեր, 2022թ.

Ռուսաստանցիները վախենում են մասնակցել պատերազմի վերաբերյալ հարցումներին։ Նրանց ճնշող մեծամասնությունը հրաժարվում է պատասխանել հարցազրուցավարների հարցերին, եթե դրանք վերաբերում են Ուկրաինայի պատերազմին, հայտնում է Russian Field հետազոտական խումբը:

Հունիսի կեսերին խմբի պատերազմի թեմայով հարցումը ցույց է տվել, որ 79,2 տոկոսը պարզապես հրաժարվել է մասնակցել դրան: Ընդ որում, յուրաքանչյուր չորրորդը հրաժարվել է կոպիտ, հաճախ՝ անպարկեշտ ձևով:

Մեկնաբանելով այս տվյալները՝ ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի հետազոտող պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը նշել է, որ «մարդիկ պարզապես վախենում են, նրանք վստահ չեն, թե կոնկրետ ով է անցկացնում հարցումնը, և թե արդյոք կարելի է ասել ճշմարտությունը»: Սա նաև ցույց է տալիս , որ մարդիկ փորձում են հոգեբանորեն հարմարվել իրավիճակին. - «Պատերազմի մասին չխոսելը նրանց համար հոգեբանական պաշտպանություն է», - ասում է մասնագետը:

Միևնույն ժամանակ, Russian Field-ը հրապարակել է հունիսին անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը՝ 35 տոկոսը, հնարավորության դեպքում կչեղարկեր նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման մասին որոշումը: Moscow Times-ը նշել է, որ սա ռեկորդային ցուցանիշ է նման տրամադրությունների համար։

Հուլիսին ՌԴ մայրաքաղաքում դատավարություն սկսվեց Մոսկվայի բնակիչ Յուրի Կոխովեցի դեմ, ով մեղադրվում էր ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ՝ «Ազատություն» ռադիոկայանի փողոցային հարցմանը մասնակցելուց հետո։ Հարցազրույցի ժամանակ Կոխովեցն իր կարծիքն էր հայտնել ուկրաինական պատերազմի մասին՝ մասնավորապես ասելով, որ Ռուսաստանը «ռմբակոծել է առևտրի կենտրոնները», իսկ Բուչայում զինվորականներն «առանց պատճառի կրակել են խաղաղ բնակիչների վրա»։ Այժմ մոսկվացուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG