2024 թվականից Ռուսաստանի դպրոցներում 5-9-րդ դասարանների համար պատմության նոր դասագրքեր կլինեն։ Դրանց հեղինակ պատմաբան Ալեքսանդր Չուբարյանն ասել է, որ վերանայվելու է «կայսրություն» տերմինը՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը «դասական գաղութատիրական երկիր չէ»։ Ըստ նրա պարզաբանումների՝ ռուսական կայսրության մեջ մտած երկրներն ընդգրկվել են ընդհանուր տնտեսական տարածքում և Ռուսաստանի հետ կազմել են մեկ միասնություն։
BBC-ի հարցազրույցներում պատմաբանները նշել են, որ ռուսական կայսրությունը գաղութատիրական երկիր է եղել, այն գրավել ու իրեն է միացրել տարածքներ ու ժողովուրդներ։ Ավելին, «լավ կայսրություն» ձևակերպումը ծառայում է Ռուսաստանի ներկայիս իշխանությունների զավթողական քաղաքականության արդարացմանը։
Հայ պատմաբան Տիգրան Զաքարյանն ասել է, թե «միասնական տնտեսական աշխարհագրական» տարածքի մասին հիշատակումը գաղութատիրության պաշտպանների ավանդական փաստարկն է։