Մատչելիության հղումներ

Երևանում վերելակի վթարի հետևանքով բնակիչ է զոհվել. այն 4 տարի առաջ էր փորձաքննություն անցել


Որդին մի ամբողջ օր փնտրել է ութսունն անց մորն ու չի գտել, հետո դին, ըստ հարևանների, հայտնաբերվել է վերելակի խցիկի վրա։ Երևանի կենտրոնում՝ «Գլենդել հիլզ» թաղամասի շենքերից մեկում է այս դեպքը պատահել։

Բնակիչներից Արմեն Ալավերդյանն ասում է՝ իր տեղեկություններով՝ վերելակի դռները բացվել են, բայց վերելակի խցիկը տեղում չի եղել։ Ասում է՝ հավանաբար կինը չի նկատել դա, ներս է մտել ու 9-րդ հարկից ընկել վերելակահորը. - «9-րդ հարկում վերելակի դուռը բացվել է, և տարեց կինը քայլ է արել այնտեղ և ընկել է»։

Կադար Ասլիբեկյանը վերելակում է եղել, ասաց՝ ուժգին ձայն է լսել, վերելակի խցիկը ցնցվել է, առաստաղից ինչ - որ բաներ են թափվել։ Արդյո՞ք տարեց կնոջ ընկնելու պահն է եղել, թե ոչ՝ ինքը չգիտի. - «5-րդ հարկում ուժեղ գմփոց լսվեց, հետո նոր սկսվեց լիֆտը պատեպատ խփել, մինչև այդպես դանդաղ իջել եմ առաջին հարկ։ Շենքի բնակիչներն են օգնել, դուրս եմ եկել, դռները չէին բացվում։ Անջատվել էր, նույնիսկ չեմ հիշում՝ հոսանքն էր գնացել, թե չէ»։

2008 թվականին շահագործման հանձնված այս շենքի վերելակը վերջին անգամ 4 տարի առաջ է փորձաքննություն անցել, այնինչ օրենքը պարտադրում է, որ դա պետք է տարին մեկ լինի։ Օրենքը տարածվում է շենքի բնակիչներից կազմված համատիրության վրա։

ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» փորձագիտական լաբորատորիայի պետն ասում է՝ օրենքն արգելում է, որ իրենք սեփական նախաձեռնությամբ վերելակը փորձաքննեն, դա շենքի սեփականությունն է, հետևաբար համատիրությունը պետք է իրենց դիմեր։ Իսկ համատիրության ղեկավարության ու բնակիչների մեջ խնդիրներ են ծագել։

«Մի քանի բնակիչներ են արդեն ահազանգել, որ վերելակի փորձաքննության մասով ինչ պետք է արվի, ասում եմ՝ ընթացակարգը ոնց ա, բոլորին բացատրել եմ՝ հնարավորինս ինչ պետք է արվի, պետք է այնտեղ ունենան համատիրություն։ Իրենք ասացին՝ կա, բայց մենք հրաժարվում ենք ևս համատիրությունից», - ասում է Մարտին Ասլանյանը։

Դեպքից քիչ անց նա շենքում է եղել, ասաց՝ նկատել է, որ դռները բաց վիճակում կանաչ սլաքն աշխատել է, ու արձագանքելով վերևի հարկից կանչին՝ խցիկը բարձրացել է։ Դա արդեն, ըստ նրա, վկայել է վերելակի անսարքության մասին. - «Վազել եմ վերև, որպեսզի հոսանքազրկեմ վերելակը։ Մարդ եմ ման եկել, որ բանալին գտնեմ, մինչև դա բացել եմ 14-րդ հարկի հորանի դռները ձեռքով, որ այդ անջատիչներն անջատեմ»։

Բնակիչներից Արմեն Ալավերդյանն ասում է՝ մայիս ամսից վերելակի դռները չեն բացվում, բնակիչներն այն ձեռքերով են բացում։ «Գլենդել հիլզի» նախկին կառավարիչ Համիկ Հարությունյանն ասաց՝ հուլիսի վերջին է ժողով հրավիրել ու բնակիչներին ասել, որ հրաժարվում է այդ պարտականություններից, քանի որ չեն վճարոււմ, որ վերելակի անսարքությունը վերացվի. - «Բերել եմ վերելակները վերանորոգող կազմակերպությանը, նայել են մարդիկ, կազմել է 3.2 մլն դրամ, որ ամեն տունը 10 հազար դրամ հավաքելով՝ այս վերելակները, այս պրոբլեմը չէր լինում։ Երկու ամիս շարունակ իրենց չվճարեցին։ 370 տնից 70 տունը բերեց, 10 հազար դրամ տվեց։ Ասել եմ՝ էս վերելակը մեկի գլուխը կուտի, դուք մեղքը կթողեք իմ վզին, առեք, դուք էլ, ձեր համատիրությունն էլ։ Որ փող չեք տալիս, համատիրությունը ո՞նց պետք է փակի», - պատմեց նա։

«Ազատությանը» հանդիպած բնակիչները հրաժարվեցին խոսել։

Շենքի 9-րդ հարկում է բնակվել մահացած տարեց կինը, այդ հարկում մի քանի դուռ թակեցինք, բացող չեղավ։

Արմեն Ալավերդյանն ասում է՝ իր ընտանիքը 10 հազար դրամ է վճարել, որ վերելակը նորոգվի, խնդիրը չի լուծվել, վերելակի դռներն էլ դեպքից հետո պլոմբվել են։ Շնեքի երկու վերելակներն էլ այժմ կանգնած են։ Ալավերդյանը խնդրանք-պահանջով դիմում է քաղաքապետարանին իրենց շենքի վերելակն էլ ներառել նորոգման ծրագրում ու հիմնովին փոխել։

Չենք կարող, ասաց, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։ 2019-ից մինչև 2021-ը 1041 վերելակ է քաղաքային իշխանության ու կառավարության հատկացված գումարներով փոխվել։ Իրենց ծրագրում ընգրկված են հին շենքերի 25 տարուց ավելի գործող վերելակները, այդպիսի 97-ն էլ այս տարի են փոխել, ավելի քան 300-ն ընթացքի մեջ է, դեռ 3 հազարից ավելին էլ պետք է փոխվի, ասաց նա։ Սրանք են առաջնայինը։

Դա 15 տարվա վերելակ էր, ասաց պաշտոնյան, պետք է գումար հավաքեն բնակիչներն ու իրենց գույքը նորոգեն. - «Իրենք ընտրում են համատիրության նախագահ, և այդ համատիրության նախագահի ամենասուրբ պարտականություններից մեկն է պահպանել վերելակը»։

Արդյո՞ք ճիշտ է այդ հարցը թողնել բնակիչների ուսերին ու վստահել նրանց պարտաճանաչությանը, «Ազատությունը» հարցրեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային։ Ասաց, որ բնակիչ-համատիրության ղեկավար հարաբերություններն այսպես չբարդանան, առաջարկել են օրենքում փոփոխություն անել, եթե դա ընդունվի, քաղաքապետարանը հստակ լծակ կունենա միջամտելու, առայժմ չունեն։

Անվասայլակով տեղաշարժվող Արմեն Ալավերդյանը նման ողբերգական դեպքերից հետո, ասում է, միշտ լսում է, որ օրենք է փոխվելու, վերահսկողությունն է խստացվելու, հարցնում է՝ իսկ ինքը մինչև ե՞րբ պետք է 10-րդ հարկում բանտարկված մնա։

«Ես Երևանի բնակիչ եմ, հարկ եմ վճարում, իմ պահանջը նաև քաղաքային իշխանությունից է։ Ես հանցանք չեմ կատարել, բայց ես կալանավորված եմ, կալանավորվածը հլը ինչ-որ ժամկետ գիտի, թե երբէ դա ավարտվելու, ես նույնիսկ դա չգիտեմ», -ընդգծեց նա։

Մահացած տարեց կնոջ հարազատների հետ «Ազատությանը» խոսել չհաջողվեց։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ վերելակի տեխնիկական, շահագործման անվտանգության նախատեսված պահանջներին համապատասխանության հարցն են ուսումնասիրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG