Մատչելիության հղումներ

Միրզոյանն ընդգծել է Արցախում հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները120 հազար բնակչության համար


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր մալթացի պաշտոնակից Իեն Բորջին ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը, հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը, ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։

Հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարել է հուլիսի 25-ին:

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ զրույցում Արարատ Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները, ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Նրանք ընդգծել են տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG