Մատչելիության հղումներ

Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ «Խաչակիրները» ուղղորդվում են Ռուսաստանի կողմից


Կառավարության դիմաց երեկվա ակցիաներից հետո «Խաչակիրներ» ջոկատի անդամներն այսօր ժամանել են Սյունիք։ Կազմակերպության անդամները, ովքեր պահանջում են Հայաստանի իշխանությունից բացել Լաչինի միջանցքը, հակառակ դեպքում սպառնում են, որ դա իրենք կանեն, այսօր առավոտյան եղել են Հակարիի կամրջի մոտ, որտեղ արդեն երկու շաբաթ է կանգնած են Հայաստանից մարդասիրական բեռները տեղափոխող մեքենաները, ապա գնացել են Կոռնիձոր, հետո ուղևորվել Գորիս։

Ազատամարտիկներ ներկայացող այս ջոկատի անդամների գործունեության մասին շատ բան հայտնի չէ, պարզ չէ՝ քանի անդամ ունի այս կազմակերպությունը և երբ է այն հիմնադրվել։ Ջոկատի անդամների մեկը՝ Հովհաննես Հովհաննիսյանը առավոտյան սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պնդում էր, թե Կոռնիձորում ոստիկանները իրենց ճանապարհը փակել են ու չեն թողնում առաջ շարժվել։

«Հասել ենք ստեղ, նայեք ինչքան մարդով մեր ճանապարհը փակում են, չեն թողնում գնանք էդ սնունդն անցնենք, ով հայ ա, ով կռվել ա, միացեք: Փոխանակ հելնեն մեր հետ միանան, զմեր հետ գան, մեր դեմ զենք են հանում ու զինված սպասում էին մեզ», - ասաց Հովհաննիսյանը:

Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, թե չի հասցրել խոսել ջոկատի անդամների հետ, գյուղացիներից մեկի դեզն էր հրդեհվել, դրանով էր զբաղված։ Պարզապես ջուր է բերել նրանց համար, որից հետո խումբը ուղևորվել է Գորիս։ Թե ի՞նչ են անելու նրանք Գորիսում, Կոռնձորի ղեկավարը տեղյակ չէր:

«Ընդամենը ես եկա բարևեցի, ջուր-մուր էի բերել իրենց համար, մի 20-25 հոգի էին», - ասաց Կարապետյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իրենք կարող են գնալ ու բացել Լաչինի միջանցքը, Կոռնիձորի գյուղապետը պատասխանեց. - «Չեմ կարա ասեմ՝ տենց ո՞նց կլինի»:

Թե Սյունիք հասնելուց հետո ի՞նչ են պատրաստվում անել ջոկատի անդամները, պարզ չէ։ Երեկ նրանցից 14-ը բերման էին ենթարկվել Հանրապետության հրապարակից, երբ փակել էին Տիգրան Մեծ փողոցը։ 13-ը ժամեր անց ազատ էին արձակվել։ Մեկը, ոստիկանության փոխանցմամբ, սառը զենք կրելու կասկածանքով բերման ենթարկվելուց հետո, ներկայացվել է նախաքննական մարմին։

Մինչ «Խաչակիրների» ջոկատի անդամները պնդում են, թե իրենց միակ նպատակը Արցախ սնունդ հասցնել է, ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Խաչակիրների» գործողությունները սադրանք է որակում։ Ընդորում, իշխանական պատգամավորի համոզմամբ, նրանք ուղղորդվում են Ռուսաստանի կողմից։

«Տենց ճիշտ քայլ չկա, երբ որ երկիրը գնում է խաղաղության պայմանագիր կնքելու... սադրանք է դա ուղղակի իրենց կողմից, ուղղորդված է մի ուրիշ երկրից, Ռուսաստանից: Ռուսները ուզում են, որ խաղաղության պայմանագիր չկնքվի: Իմ կարծիքը դա է, որովհետև մենակ ռուսներին ձեռք չի տալիս, որ խաղաղության պայմանագիր կնքվի», - ասաց Մելքոնյանը:

Դիտարկմանը, թե ջոկատի անդամները հայտարարում են, թե ցանկանում են սնունդ հասցնել Արցախի սոված բնակչությանը, Գագիկ Մելքոնյանն արձագանքեց, որ այդ ջոկատի անդամները եթե իսկապես ուզում են պետության համար մի բան անել, ապա թող պայմանագիր կնքեն Պաշտպանության նախարարության հետ ու ծառայեն որպես պայմանագրայիններ։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ եթե համոզված լինեին, որ ռազմական գործողություններով կկարողանան Լաչինի ճանապարհը բացել, հիմա վաղուց արել էին դա։

«Կամ պետք է իրանք հարձակվեն, ադրբեջանցիները պատերազմը սկսեն, որն իրենց ձեռնտու է, ուզում են, որ պատերազմ սկսվի մեր ձեռքով: Ուղղակի սադրանք է սա իրենց կողմից, որ սարքեն մեր երկրի գլխին», - նշեց Մելքոնյանը:

«Ազատության» հարցին՝ ինքը անձամբ ճանաչո՞ւմ է նրանց, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Ոչ, դրանք ո՞վ են, որ իրանց ճանաչեմ»:

Գագիկ Մելքոնյանը վստահ է՝ ինչպես որ այդ ջոկատի անդամները հասել են Սյունիք, այնպես էլ ետ են վերադառնալու։

XS
SM
MD
LG