Ուկրաինան պաշտոնապես երեկ նախազգուշացրել է ռուսական սևծովյան վեց նավահանգիստների ջրերում «ռազմական սպառնալիքի» մասին։ Այս մասին ասվում է ուկրաինական «Պետական հիդրոգրաֆիա» հաստատության հաղորդագրության մեջ։
«Ռազմական սպառնալիք. Անապա, Նովոռոսիյսկ, Գելենջիկ, Տուապսե, Սոչի, Թաման նավահանգիստների ներքին և արտաքին ճանապարհների ջրային տարածք», - ասվում է պետական հիմնարկի կայքում։
Նախազգուշացումը հայտարարվել է օգոստոսի 4-ին և «ուժի մեջ կլինի մինչև չեղարկումը», նշվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր ռուսական նավերը ոչնչացրել են ուկրաինական երկու ծովային դրոն, որոնք փորձել են գրոհել Նովոռոսիյսկի ռազմածովային կայանը:
Բացի այդ, շաբաթ գիշերը Կերչի նեղուցի հարավային հատվածում ուկրաինացիները գրոհի են ենթարկել «Սիգ» լցանավը: Դրա շարժիչի բաժինն աջ կողմից վնասվել է, սակայն մարդիկ չեն տուժել և վառելիքի արտահոսք չի եղել։