Մատչելիության հղումներ

Լուիս Բոնոն քննարկել է «Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակը, իրավունքներն ու անվտանգությունը»


Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ տարածաշրջանում էր՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և այն, թե ինչպես լավագույնս հասնել տևական և արժանապատիվ խաղաղության, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք ամերիկացի դիվանագետը հանդիպե՞լ կամ հանդիպելո՞ւ է Ստեփանակերտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հնարավորությունը։

Միացյալ Նահանգների դեսպանատնից առանց անուններ տալու միայն հայտնել են, որ ավագ խորհրդականը հանդիպել է «հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին»։

«Նա եղել է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Պարոն Բոնոն քննարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակը, իրավունքներն ու անվտանգությունը», - ընդգծում են ԱՄՆ դեսպանատնից՝ հավելելով, որ Նահանգները հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի պաշտպանության այդ միջոցները։

Բոնոյի երևանյան այցը մեկօրյա էր, ապա նա մեկնեց Բաքու։ Ի տարբերություն Բոնոյի մայիսի վերջի այցի՝ այս անգամ Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի հետ հանդիպումների մասին չհաղորդվեց։ Հանդիպման մասին հաղորդագրություն տարածել է միայն Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Բաքվում նրան ընդունել են ԱԳ նախարարն ու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

XS
SM
MD
LG